Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարությունը հատկացրել է 938 միլիոն դրամ: Սևքար, Սարիգյուղ ու հարակից գյուղերի բնակիչների աչքը լույս է եկել ոչ միայն, որ ճանապարհներ են բարեկարգվում, այլ նաև, որ ժամանակավոր աշխատանք ունեն:

«Լավ բան ա, մարդիկ աշխատում են, էրկու կոպեկ կառնեն, յոլա կգնան։ Մեր հայրենիքն ա, պըտի ամեն ինչն էլ նորմալ ըլի, ճամփեն էլ, նորմալ ապրենք», — ասում է ճանապարհով երթևեկող վարորդներից մեկը։

«Մեզ մոտ շատ վատ վիճակ չի էղել, ճանապարհները լավ ա էղել, հիմա ավելի լավն է», — նշում է մեկ այլ վարորդ։

Վերջին անգամ այս  ճանապարհահատվածն ասֆալտապատվել է 2013-ին:Տասը տարի անց այստեղ կրկին ճանապարհաշինական աշխատանքներ են ու շինարարները խոստանում են շուտով ավարտել  Տավուշի մարզի ՝Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Իջևան-Նոյեմբերյան ուղղության՝ Կայանի խաչմերուկից մինչև Սարիգյուղ  տանող շուրջ 7 կմ ճանապարհի շինարարությունը:

Միքայել Բեգլարյանը

«Եղած շերտը բետոնացնում ենք, մեկ քառակուսու վրա ցեմենտ ենք բաժանում, տեխնիկան ավտոմատացված կերպով ցեմենտը լցնում ա, հետևից իրան վերամշակում ենք, որից մեկ շաբաթ, տաս օր հետո տեղադրում ենք ասֆալտը», — ասում է «ԲՈԱՏ» ՍՊԸ ներկայացուցիչ Միքայել Բեգլարյանը։

Շինաշխատանքերն իրականացվում են 3 փուլով։ Առաջին փուլը գրեթե ավարտված է, երկրորդ փուլով նախատեսվում է անցկացնել ջրահեռացման համակարգ, իսկ արդեն երրորդ փուլում կիրականացվի վերջնական ասֆալտապատում:

«էս պահին ասֆալտի շերտը 1կմ արդեն տեղադրել ենք, 6սմ հաստության խոշորահատիկ ասֆալտ-բետոնե շերտ ա, որից հետո պետք է լինի 5 սմ հաստությամբ մանրահատիկ ասֆալտ-բետոնե շերտ», — մանրամասնում է աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչը։

Ճանապարհի երկկողմանի երթևեկությունը ամբողջությամբ  վերականգնելուց հետո կսկսվեն  կահավորման աշխատանքները:

Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքների մեկնարկը տրվել է մոտ մեկ ամիս առաջ։ Ամբողջական ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև տարվեվերջ է։ Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Սիսիանի Բոատ » ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։ 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.