Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Հայաստանի և Ադրբեջանի ջրբաժանը բառի ուղիղ իմաստով Բերքաբերի կամ, ինչպես տեղացիներն են ասում, Ջողազի ջրամբարն է: Տարածքի բոլոր կողմերից երևացող Գվարզին անվանումով բրգաձև լեռը, որ ժամանակին մերն էր, հիմա Ջողազի հակառակ ափին է, այսինքն՝ հակառակորդինը:

Հարևանների համեմատ աշխարհագրական բարձր դիրքից ելնելով՝ տարածաշրջանի ջրերը հեռանում են, այս դեպքում ոչ բարեկամ երկրի տարածք: Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը մղվում էր Նոյեմբերյանի և Իջևանի ջրանցքներ, ոռոգում հազարավոր հեկտարներ Հայաստանի սահմանամերձ հատվածներում։

Սիլվա Զարգարյանը

«Պոմպակայան կար, ջուրը մատակարարվում էր և՛ գյուղին, և՛ հարևան գյուղերին, և՛ Նոյեմբերյանի շրջանին։ Հիմա էլի պոմպակայան են պատրաստել այս կողմում, ջրամբար են կառուցել, շուտով մեր գյուղը կօգտվի էդ ջրից», — ասում է Բերքաբերի բնակիչ Սիլվա Զարգարյանը։

Ջրային պաշարներից դեռ ոչ, բայց ձկնային պաշարներից բերքաբերցիներն օգտվում են: Հատկապես տեղական կարասի համն ուրիշ է, ուռկանավորներն են հավատացնում:

«Ինքն իսկապես մաքուր ա։ Եթե աշխարհագրորեն էլ նայեք, ջրամբարից վերև երկու փոքր գյուղ ա ընդամենը։ Ու անտառից, սարերից էկող մաքուր ջուր ա։ Էստեղի կարասն ու Սևանինը համային առումով համեմատելու չի։ Էստեղինը բավականին համով ա», — պատմում է ձկնորս Արարատ Գաբրիելյանը։

Հակառակ ափին ձկնորսներ չեն երևում, հայկական կողմում՝ ինչքան ասես: Արարատի և մյուս ձկնորսների դիմաց թշնամու դիրքերն են, մի փոքր ավելի վերևում՝ բնակավայրը:

Արարատ Գաբրիելյանը

«Ասում ա՝ սատանեն էդքան վախենալու չի, ինչքան մենք ենք վախենալու պատկերացնում։ Ըտենց չի, որ վախենալու են։ Հա, էս պատերազմը շատ բան փոխեց մեր ազգի մտածելակերպի մեջ, մի քիչ էլ իրանց, բայց սահմանի վրա ապրելիս թշնամուն ամեն օր ենք տեսնում ու ամեն վայրկյան։ Նույնն են, ի՞նչ տարբերություն, մեր համար բան չի փոխվել։ Կարող ա Սյունիքում շատ բան ա փոխվել, նոր սահմանամերձ են դառել, մարդիկ ցավոտ են տանում, բայց մենք 30 ավել տարի ա առավոտը զարթնել ենք, տեսել ենք սրանց, հիմա էլ տեսնում ենք սրանց։ Նույնն ա, եղանակ չի փոխվել։ Տարիներ շարունակ արթնանում ես, գնում ես այգիդ մշակելու, մի քանի հարյուր մետրի վրա իրանց ես տեսնում։ Ու դա մի անգամ չի, երկու անգամ չի, երեսուն տարի շարունկա։ Էլ վախը ո՞րն ա», — նշում է Արարատ Գաբրիելյանը։

Ձկնորսությամբ ավելի շատ թոշակառուներն են զբաղվում, լցնում պարապությունը: Դերձակ Սարգիսն արդեն 40 տարվա ձկնորս է:

Սարգիս Նազարյանը

«Հիվանդություն ա, սովորում ես ու չես կարում թողնես, գալիս ես, զբաղվում։ Առավոտից էկել ենք, ժամը հինգին ստեղ ենք էղել։ Եղանակը մի քիչ թխպամած ըլի, շատ արևոտ չըլի, էդ ձևի էլի։ Կենտ ու հատիկ խփում ա թենց», — ասում է Սարգիս Նազարյանը։

Ամեն դեպքում ձկնորսությունը հանգստացնում է նյարդերը, նաև թույլ տալիս լավ ժամանակ անցկացնել:

«Սազան կա, կարպ կա․․․ Ձկով տուն չեն պահում, հավես ա, գալիս ես, հանգիստդ անցկացնում, գնում տուն էլի», — ասում է երկարամյա ձկնորսը։

Ձկնորսության սիրահարներին չի վախեցնում հակառակորդի՝ մի քանի մետր հեռավորությունը։ Դեռ մի բան էլ փաստում է, որ հայի տեսակն անվախ է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.