Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապահի հիմնանորոգումն իրականացնող ընկերության աշխղեկներից մեկը ցույց է տալիս վերոնշյալ ճանապարհի վերջին ժայռոտ հատվածն ու հիշեցնում. շինարարության ավարտն արդեն երևում է: 

Սանահին-Ակներ մոտ հինգ կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերջնամասում,  «Լեոպոլդ և ընկերներ» ընկերության աշխատակիցներն իրականացնում են պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:

«Կոնկրետ այս հատվածում կատարվում է պայթեցման նախապատրաստման աշխատանքներ: Աշխատանքները կատարվում են մաքսիմալ արագությամբ»,- ասում է աշխղեկը:

Ճանապարհին ընթանում են նաև հողային աշխատանքներ: Իսկ  մոտ մեկ կիլոմետր հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտի առաջին շերտը: Աշխղեկ Յուրա Թամազյանի խոսքով՝ ավտոճանապարհն  ունենալու է 10 մետր լայնություն, որից 6 մետր և 20 սանտիմետրն՝ ասֆալտապատ:  

«Մաքսիմալ փորձում ենք չխոչընդոտել բնակչության տեղաշարժին, լինում են ժամանակավոր դադարներ, այսինքն՝ ճանապարհը փակվում է, բայց փորձում ենք մաքսիմալ արագությամբ բացել»,- ասում է աշխղեկը:

Շինարարությունը չի սահմանափակվի միայն ճանապարհի հիմնանորոգմամբ: Այստեղ կկառուցվեն նաև ջրահեռացման համակարգեր, հենապատեր:

Իրողությունը իսկապես ոգևորել է հատկապես Ակներ գյուղի բնակիչներին: Ասում են՝ ճանապարհը տասնամյակներ շարունակ անանցանելի է եղել, գյուղից քաղաք հասնելը՝ մեծ դժվարություն: Կարծում են՝ ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի նաև գյուղում զբոսաշրջության զարգացմանը:

«Շատ լավ էլ աշխատում են մարդիկ»,-նշում է վարորդներից մեկը:

Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ հիմնանորոգվող ճանապարհի  նախագծանախահաշվային արժեքը երկու մլրդ դրամ է։ Նախագծի արդյունքում ճանապարհն ամբողջությամբ կասֆալտապատվի, կկահավորվի ճանապարհային համապատասխան նշաններով ու գծանշումներով: Նախագծի ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.