Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Կյանքի թոհուբոհով անցած, սակայն մինչ օրս առույգ, կենսախինդ, լավատես 88-ամյա Ռոզա տատը, երիտասարդ տարիներին ամեն առիթի բեմ է բարձրացել՝ երգել, պարել, իր շնորհքով ուրախացրել:

Տատը ծնվել է երաժշտասեր ընտանիքում, հայրը, եղբայրները ճանաչված երաժիշտներ են եղել, ինքն էլ երբեմն-երբեմն նվագակցել է եղբորը, հետո սիրահարվել, ամունսացել ու 18 տարեկանում Մղարթից Վարդաբլուր հարս եկել:

«Էկել եմ որն ա, վեր են կալել, բերել։ Ինձուինձ էկել չեմ սազով էկել են, նշանել, նվագով», — պատմում է Ռոզա Հովհաննիսյանը։

Երեք երեխա, 7թոռ և 17 ծոռ ունի, հիմա էլ կյանքի մայրամուտն է վայելում գողտրիկ անկյունում՝ այգի մշակում, կենդանիներ պահում, ազատ ժամանակ էլ չամուսնացած թոռ ու ծոռների համար անկողին կարում։

Ռոզա Հովհաննիսյանը

«Աղջիկը հարևան ա, հորը, մորը, չիմնուն էլ տենում ա, տղեն բարեկամի նման հեռանում ա, գալիս ա, գնում։ Իսկական թոռը մեղր ա, քաղցրություն ունի, բայց ծոռը ամենաթանկ բանն ա, ամենասիրվողը», — ասում է ռոզա տատը։

Վերապրելով իր անցած ճանապարհը՝ Ռոզա տատը նկատում է, որ հիմա ամեն ինչն է փոխվել, այլևս պակասել է երջանկությունը ,համեմատություններ տանելով անցյալ և ներկա սերունդների միջև թերևս երկմտում է՝ եվրոպական բարքերը ոչ մի լավ բան չտվեցին, փոխարենը պատիվ-նամուսը վերացավ:

«Վայ, քո տունը շինվի, ասելաբան չի։ Մի լավ բան էլ ա տվել չի, նամուս, անուն․․․ անկախ իրանց ինչ ուզում, անում են։ Նամուս չկա, անուն չկա, մեր հնությունը չկա», — նեղսրտւմ է տարեց կինը։

Հիշում է՝ նախկինում իրենք լավ էին ապրում՝ կոլխոզ-սոլխոզ կար, աշխատանք ունեին, գումարը արժեք ուներ, իսկ հիմա բոլորն օտարության ճամփան են բռնում, գյուղում ընտանիք չկա, որ դրսում տղամարդ չունենա:

«Ես հացի պակասություն չեմ տեսել։ Ճիշտ ա՝ ամուսինս մահացել ա, բայց ես աշխատել եմ։ Հիմի գնում են Ռուսաստան, կամ սաղլամ են գալիս, կամ՝ հիվանդ։ Հրեն, թոռս էլի գնացել ա, վախում եմ», — ասում է Ռոզա Հովհաննիսյանը։

88-ամյա տատը այսօր թերևս միտք է անում՝ ի՞նչը կփոխի մարդկանց՝ վերադարձնելով նրանց  հոգեկան հանգստությունն ու խաղաղությունը: Ինքն իրենը գտել է՝ հավ ու ճիվ պահելով, այգի մշակելով: Նույնը խորհուրդ է տալիս բոլորին, միգուցե այդ դեպքում միայն բարություն տիրի աշխարհում, ասում է նա:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.