Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Ասֆալտե ճանապարհը ձգվում է կիսավեր խրճիթների կողքով, որոնց կողպված դռների ներսում միայնակ ու հիվանդ ու տարեցներ են գոյություն պահում:

Ամեն առավոտ Տատյանան անցնում է Պրիվոլնոյեի փողոցներով, բղավում այնպես, որ ծեր հարևաններն արձագանքեն ու հետո միայն հանգիստ խղճով անցնի գործերին:

Պրիվոլնոյեի լռությունն ամեն առավոտ ալյումինե կաթի ամանների զրնգոցն է խախտում: Առավոտյան կիթից հետո գյուղացիները կաթը հավաքում են, սպասում տեղափոխող մեքենային: Մթերման կետում վերջերս փակցված ռուսատառ հայտարարությունը լավատեսության տեղ չի թողնում: Մթերման 170 դրամ գինը շուտով էլի կնվազի՝ վերջնականապես հուսախաբ անելով կաթ արտադրող գյուղացուն:

«Դուրս գանք, գնանք, ամբողջ Հայաստանը թուրքին մնա՞։ Դա չի լինելու, պետք ա մենք հաղթենք, որ թուրքը մեզանից հեռանա», — ասում է Պրիվոլնոյեի բնակիչներից մեկը։

Կաթի մթերման արտադրամասի հարևանությամբ իրենց տարաներին սպասող գյուղացիները զրույցի սիրտ ու հավես չունեն, համատարած թանկության ֆոնին կաթի գնի կտրուկ նվազումը հենց այն էր, ինչից վախենում էին:

«Լիտրի մեջ 30 դրամ իջացրել են, երևի էլի մի էդքան կիջացնեն, ու մեզ վնաս կլինի։ Կովերը կմորթենք, կծախենք, կսնանկանանք», — ասում է հուսահատ գյուղացիներից մեկը։

Երևանյան գներից լավատեղյակ գյուղացիներն իրենց, մեղմ ասած, խաբված են համարում:

«Երևանում՝ խանութում, 450 դրամ ա։ Մենք հանձնում ենք 170 դրամով։ Ինչքան գումար ստանում ենք, էդքանն էլ դնում ենք կովի վրա։ Մեզ մնում ա մի կտոր հաց ու պանիր։ Որտե՞ղ եք տեսել, որ գյուղացին հարստանա», — ասում է գյուղացին։

Այլընտրանքը տան պայմաններում կաթի մշակումն ու կաթնամթերքի վաճառքն է, սա էլ փորձել են, էլի գոհ չեն: Ստեփանավանի ավելի մոտ անասնապահական գյուղերի հետ մրցակցել չեն կարող, իսկ պետությունը չի վերահսկում ու չի զսպում տնտեսվարողին,-ասում են:

Սերգեյ Սահակյանը

«Պետություն կա՞, որ տանեն, ծախեն։ Հիմի շատերը ցորեն են ցանել, տոննաներով ունեն, բայց առնող չկա։ Ո՞ւմ տանեն, հանձնեն։ Հմի պանիրն էլ տենց ա, կաթը հանձնում են, ավելի ճիշտը դա ա ժողովրդի համար», — ասում է Պրիվոլնոյեի բնակիչ Սերգեյ Սահակյանը։

Պրիվոլնոյեի վարչական ղեկավարի կարծիքով՝ կաթի մթերման գնային քաղաքականությունն արդեն երկար տարիներ անփոփոխ է, և ամռան շեմին գնի նվազումը նորմալ է։ Պարզապես գյուղացիները հույս ունեին, որ համատարած թանկացման ֆոնին բարձր կմնար նաև կաթի գինը: Թերևս գյուղացու համար ավելի նպաստավոր պայմաններ կապահովի ևս մեկ մթերման կետի առկայությունը գյուղում:

Պրիվոլնոյեի վարչական ղեկավարը չի կիսում գյուղացիների այն կարծիքը, թե մթերման ցածր գինը հարկադիր մորթի կտանի, փոխարենը թվում է գործերը, որ իր պաշտոնավարման ժամանակ են կատարվել. մանկապարտեզի ու ջրագծերի նորոգում, շուտով նաև մարզադաշտի բարեկարգում: Մինչդեռ լուծվող խնդիրներն էլ չեն կանգնեցնում գյուղից երիտասարդների արտագաղթը։ Իսկ ժամանակը Պրիվոլնոյեից կամաց-կամաց մաքրում է ռուսական գեղեցիկ ճարտարապետության հետքերը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.