Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Արման Տիտանյան

Արդեն վեց տասնամյակ Լոռվա հանդ ու չոլը խելքահան են անում ահնիձորցի չոբան Շահիրին: Երկու թերի բարձրագույն կրթությամբ չոբանի մուսան մաթևոսյանական Ծմակուտն է՝ աննկարագրելի գեղեցկությամբ:

«Բնությունն անգիր արած գիտեմ՝ սարերի, հանդերի անունները, ծառատեսակնին։ Մեզ մոտ ու Դիլիջանի տարածքում, որ մի սար ա արանքին, բնությունը նրանց բերքով ավելի ա հարուստ, քան թե մերը։ Ընդեղ տխիլ ընկույզ, ամեն ինչ կա, մերը սակավ ա, մենք միայն աճար ու կաղին ունենք, բոխի ծառեր», — պատմում է Ահնիձորի բնակիչ Շահիր Դանիելյանը։

Ահնիձորի կիսաքանդ փողոցները շահիրական անվանումներ ունեն: Իր տուն տանողն, օրինակ, Դարդանելի փողոցն է:

Սար ու դաշտերում անցկացրած տարիները գուցեև գիտական բացահայտումների առիթ դառնային, բայց այդպես չեղավ:

Շահիր Դանիելյանը

«Ես Դիլիջանի տարածքում նավթի հանք եմ գտել, ում որ ներկայացրել եմ, տեր չեն դառել առ էսօր։ Ինչ ծաղիկ, որ քաղում էի էդ բնության մեջ, որ օգտվեմ, նավթի հոտ էր գալիս։ Զարմանում էի՝ ոչխարի մոտ էի, վառելիք չունեի, բայց հոտը կար։ Դու մի ասա՝ գոլորշիանում ա հողից, հողն էլ սնվել ա, նավթ ա պարունակում իրա մեջ։ Մագնիտագորսկ քաղաքը Ուրալի մի հովիվ ա գտել․ դանակը վեր ա ընկել, կռացել ա, տենց գտել ա, հետո Մագնիտագորսկը դարձել ա էդ ռուսական տարածքի հիմնական քաղաքը», — ասում է Շահիր Դանիելյանը։

Դպրոցում գերազանց էր սովորում, բայց դիպլոմ ունենալ չստացվեց, փոխարենը չոբան Շահիրը ձորում պատիվ-հարգանք և ինտելիգենտ մարդու համբավ ունի:

«Իմ դպրոցի դիրեկտորը, Լորուտի, Դիլիջանի սարն էլ ա ինձ հյուր էկել՝ հարգանքով, Ահնիձորի սարն էլ ա էկել։ Հրանտ Մաթևոսյանն ու շատ-շատերն էլ են էկել։ Բոլորն էլ հարգում էին ինձ առաջադեմ ըլնելու, կարդալու համար։ Ես հիմա էլ կարդում եմ», — անկեղծանում է գյուղացին։

Ջահել ժամանակ անթիվ-անհաշիվ լրագրերի էր բաժանորդագրված, գյուղական գրադարաններն էլ քչություն էին անում, անցավ քաղաքայիններին: Գիր-գրականության հանդեպ սերը կարճ ժամանակով թողնել տվեց չոբանությունը: Հասցրեց «Լոռի» թերթի խմբագրությունում աշխատել․ նամակների բաժնի ղեկավար էր, դժգոհ չէր: Գուցեև քաղաքում մնար, եթե չլինեին հոր խորամանկությունն ու հանդ ու չոլի հանդեպ իր անզուսպ սերը:

«Հերս մեծ մարդ էր, ասում էր՝ Ալավերդի ծուխ ա, դե էն ժամանակ կոմբինատն օգտագործում էին, ասում էր՝ ծուխը քեզ կսպանի։ Ասում էր ու կողքիս խորը հազում էր, մթոմ Ալավերդու ծուխը հետևիցս էկել ա», — հիշում է ահնիձորցի Շահիր Դանիելյանը։

Էլ ի՞նչ չոբան՝ առանց հավատարիմ չորքոտանիների: Շները չոբան Շամիրի անդավաճան ընկերներն են: Նրանք իրեն, ինքն էլ շներին է լավ պահում:

«Վանաձոր դժբախտության էի գնում, դռանը մի շուն ունեի, հետևիցս էկավ Լորուտի ճալը՝ Հրանտ Մաթևոսյանի նկարը, որ կպցրած ա, հետևիցս շունը էկել էր ընդեղ։ Փայտը դրի ըտեղ, շունը մնաց, ես էլ ավտոբուս նստեցի, գնացինք թաղման։ Երեք օր մնացի Վանաձորում։ Վանաձորից էկա, ավտոբուսում մարդկանց պատմում էի շան մասին, մեկ էլ ինչ տենամ՝ նույն տեղը շունը, երեք օր սոված-ծարավ, փայտիս մոտ նստած ա, սպասում ա, որ Վանաձորից երբ եմ գալու, որ հետս գա գյուղը։ Ու վարորդը փող չվերցրեց, մարդիկ էլ փող տվին, որ էդ շան համար կեր առնեմ։ Ասին՝ ով ա էդ բանը տեհած, որ շունը տիրոջը սպասի», — պատմում է Շահիր Դանիելյանը։

Չոբան Շահիրի  լավագույն տարիներն անցել են անանյանական բնաշխարհում՝ Դիլիջանի վայրի ու կուսական անտառներում, գելու գազանի հետ: Հուզական մարդ է չոբան Շահիրը, ջահել ժամանակ էլ սիրտը փուխ էր, հատկապես մի դեպք մոռանալ չի ստացվում, իսկ եղելությունն այս էր:

«Քարափին եղնիկը՝ պախրեն, նստած ա, արուն վեր կացավ, գնաց քարանձավից արոտի, էրկու ձագերը հակադարձ նստած էին։ Իմ շներն էլ, հինգ հատ, նստել ու նայում էին, եթե թույլ չտայի, ոչ մեկը չէր հարձակվի։ Էդ ձագերից մեկը դունչը քսում էր էն մեկին, էն մեկն էլ՝ մյուսին, աչքից արտասուք էր թափվում, արևի ճառագայթն էլ ընկել էր վրեն, պսպղում էր եղնիկի արտասուքը։ Հետո ես արտասվեցի, ու սկսեցի երգել։ Շները մնացին նստած, եղնիկները վեր կացան, կեչուտ անտառը մտան», — հիշում է գյուղացին։

Հիմա 75 տարեկան է Շահիրը, 15 տարեկանից Ծմակուտում էի, ասում է։ Ջահել ժամանակ սովխոզի 500 գլուխ ոչխար էր արածացնում, հետո էլ՝ իր մի քանի հարյուր ոչխարով հոտը: Հիմա ոչխար չունի, պահածը մեկ-երկու կով է: Գյուղում էլ չոբան գնացող չկա։ Դպրոցն աշակերտ, գյուղն էլ՝ ոչխար չունի, ասում է Շահիրը: Անմշակ չի թողնում փոքրիկ տնամերձը, սոխ-սխտոր է ցանում, սրան-նրան լավություն անում:

Առողջությունն այն չէ, բժիշկները Շահիրին անկողնային ռեժիմ են նշանակել, բայց անօգուտ: Ծմակուտը կանչում է պոեզիայի սիրահար Շահիրին, ով տանջվում է դատարկվող գյուղի ու ջահելների համար: Բայց վերջում էլի լավատեսությունը չի կորցնում․ ամեն բան լավ կլինի, միայն թե խաղաղություն լինի, ասում է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.