Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Լիլիթ Յոլչյան

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մարզկենտրոնում մեկնարկեցին Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ:

Եկեղեցու բակում՝ Նահատակաց պուրակում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն է, այստեղ էլ հոգևոր դասը կատարաեց հոգեհանգստյան կարգ, թեմակալ առաջնորդն իր պատգամն ուղղեց ներկաներին:

«Ինչպես որ մեկ դար առաջ հայ ժողովուրդն ունեցավ այդ ցանկությունը, ունեցավ ապրելու տենչը, այսօր ևս հայ ժողովուրդը պիտի ունենա այդ տենչը, ազատության ձգտումը», — ներկաներին ասաց գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Հովնան եպիսկոպոս Հակոբյանը

Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Նահատակաց պուրակում՝ ծաղիկներ խոնհարհելով հուշարձանին:

108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը,որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում, և որը Թուրքիան շարունակում է  մերժել:

«Էն հիշողությունը, որ մեզ փոխանցվել է մեր մեծերից, մենք մեր ունեցածը պիտի փոխանցենք ու նաև հիշատակի ձևով պետք է փոխանցենք մեր երիտասարդներին», — ասում է Վանաձոր համայնքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը։

«Կարծում եմ՝ այն ազգը, որ չունի անցյալ կամ չի հիշում իր անցյալը, չունի ապագա։ Խորհուրդը կայանում է դրանում, խորհուրդը կայանում է նաև դատապարտման և հատուցման պահանջի մեջ, որ եղեռնագործությունը, հանցանքը պետք է դատապարտվի և պետք է պատժվեն», — ասում է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։

Սուրեն Աբովյանը

«Այսօր բոլորս պարտավոր ենք մեր հարգանքի և ոգեկոչման խոսքը հղել առ Աստված՝ հիշատակելով մեր նահատակված հայորդիներին։ Ցավով եմ խոսում այդ իրականության մասին, քանի որ մեկ դար անց ցավը չի մեղմացել, և այսօր էլ ոճրագործը շարունակում է իր ոտնձգությունը մի ամբողջ հայ ազգի նկատմամբ», — ասում է Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։

Ցեղասպանությունից  108 տարի անց այսօր էլ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ հայ ժողովրդի համար, ասում են հիշատակի և ոգեկոչման միջոցառման ներկաները:

«Այսօր այդ Եղեռնը շարունակվում է մեր սահմաններին, մեր Արցախում, և որպեսզի այդ ամենի ավարտը մենք կարողանանք տեսնել, պետք է ոչ թե դիմենք էսպես կոչված քաղաքակիրթ աշխարհին՝ խուլ, համր, կույր այդ աշխարհին, որ դարերով ուղղակի էդպես հետևում են ծանր, ողբերգական իրադարձություններին: Այլ մենք պետք է ինքներս կարողանանք մեր իրավունքը, մեր կորուստը գիտակցենք, ճանաչենք, ընդունենք և պահանջատեր լինենք», — ասում է Վանաձորի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը։

Գուրգեն Խաչատրյանը

«Մենք պետք է պատկերացնենք, որ այն ամենը, ինչ որ տեղի է ունենում մեր շուրջը, դրանք աշխարհաքաղաքական իրադարձություններ են, և Աստված մի արասցե, որ հայ ժողովուրդն այդ փլուզումների տակ մնա։ Այսօր էլ տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություններ, և ողջախոհությունը, ուժն ու կամքը չպիտի լքի մեզ, որպեսզի կարողանանք այս դժվար խութերով ընթացող նավը հասցնենք իր բարձրակետին։ Այդ անթաղ մեռելները դեր Զորում, որ կան, նրանց աչքերը, նրանց հոգիները վերևից նայում են, և մեր ժողովուրդը շարունակել է ապրել և շարունակելու է ապրել», — ասում է պատմաբան Արման Բերնեցյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.