«Ինձի մի նկարի, առանց էդ էլ նաստրայենի չունիմ։ 70 հազար դրամ տուգանել են, ես ինչ անեմ, ասա։ Մուծել եմ արդեն, թե չէ թոշակիցս կտանեին», – ասում է Տաշիրի կենտրոնում առևտուր անող մի կին։
Տաշիրի կենտրոնական փողոցում միրգ, բանջարեղեն վաճառող տիկինն անգամ տուգանվելուց հետո շարունակում է փողոցային առևտրով զբաղվել: Վրդովված է, երկրից ու կառավարությունից՝ դժգոհ: Քաղաքի խնդիրները թողած՝ տուգանքներով բյուջե են լցնում, կադրից դուրս ասում է կինը:

Ինչևէ, քաղաքի կենտրոնական փողոցով անցնելիս տպավորություն է, որ Տաշիրը խնդիրներ չունի: Բարեկարգված փողոցներ, լուսավորության ժամանակակից համակարգ, վերանորոգված տանիքներ: Բայց սա միայն գրքի մեկ երեսի պատկերն է: Ընդամենը մի քանի փողոց վեր ու վար անելուց հետո տեսանելի են դառնում խնդիրները:
Տաշիր խոշորացված համայքնի ղեկավարը նշում է՝ այս տարի 4 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել: Շինարարական աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն Տաշիր քաղաքում, այլ նաև հարակից բնակավայրերում:

Էդգար Արշակյանը
«Աշխատանքներն ամբողջ թափով իրականացվում են։ Բավականին տեսանելի աշխատանքներ կան արդեն քաղաքում։ Ասեմ նաև, որ արդեն հաջորդ տարվա համար պլանավորած աշխատանքները կրկնակի ավելի են լինելու։ Շուրջ 1,5-1,6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր կունենանք», – ասում է Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը։
Բազմաբնակարան շենքների տանիքիների վերանորոգում, ջերմամեկուսացում, գիշերային լուսավորության համակարգերի անցկացում, ներհամայնքային ճանապարհների հիմանորոգում․ սրանք, ըստ համայնքի ղեկավարի, այն առաջնային խնդիրներն են, որոնք կառավարության հավանությանն են արժանացել:

«Ճանապարհներով ման էկեք, կտենաք էլի ինչ ճանապարհներ են։ Քանդել են, փոսերն էլ տենց մնացել ա», – ասում է Տաշիրում հարցված քաղաքացիներից մեկը։
Իսկ բնակիչների մի մասն էլ արդեն իսկ գնահատում են աշխատանքների արդյունքները:
«Աշխատանքն արդեն սկսել են, տանիքները սարքում են, ճանապարհները վերանորոգում են», – ասում է Տաշիրի մի բնակիչ։
«Ամեն ինչ լավ ա, ամեն ինչ նորմալ է, մենք գոհ ենք մեր քաղաքից», – նշում է մի քաղաքացի։
Տաշիր խոշորացված համայնքի այս տարվա սուբվենցիոն ծրագրերի ընդանուր արժեքը կազմում է շուրջ 800 միլիոն դրամ։