ՀՈԱԿ-ների (Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն) տնօրենների ընտրությունն այսուհետ կիրականացվի մրցութային կարգով։ Ապրիլի 4-ից ուժի մեջ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանը՝ ՀՈԱԿ-ների տնօրենների ընտրության նոր կարգի վերաբերյալ։ Սույն հրամանով հաստատված է տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը։ Եթե նախկինում ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուներից մեկին համայնքի ղեկավարը ներկայացնում էր ավագանուն, իսկ ավագանին էլ հաստատում կամ չէր հաստատում տվյալ թեկնածուին, հիմա արդեն կարգը փոխվել է։ Տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուներից մեկին այսուհետ ընտրելու է հանձնաժողովը, որը կազմված կլինի 5 անդամից։ Հանձնաժողովի կազմում լինելու է 2 ներկայացուցիչ՝ մարզպետարանից, համայնքի ավագանու 1 անդամ, մեկ ներկայացուցիչ համայնքապետարանից և ևս մեկ ներկայացուցիչ էլ տվյալ համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային կամ մարզական որևէ կազմակերպությունից։
Իսկ դիմող թեկնածուն պետք է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի լինի՝ բարձրագույն կրթությամբ, առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժով, տիրապետի գրական հայերենին, լինի գործունակ, ունենա անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն՝ պարտականությունների կատարման համար, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն և հարակից այլ հմտություններ։
«Ինքնին դրական է, որ արդեն մրցութային կարգով է լինելու այս ամենը, որովհետև բոլորս գիտենք, որ ողջ մարզի տարածքով համայնքապետերը իրենց նախընտրելի թեկնածուներին ուղղակի ներկայացրել են ավագանիներին և ավագանիները, գոնե գերակշիռ դեպքերում, հաստատել են համայնքապետերի ներկայացրած թեկնածուներին։ Այս դեպքում լավ է, որ մրցակցություն կլինի, լավ է, որ ներգրավվածություն կլինի տարբեր կառույցներից, այդ թվում նաև մարզպետարանից։ Եվ կարծում եմ, որ սա հնարավորություն կտա ավելի էֆեկտիվ ընտրություն կատարելու և ավելի մրցունակ տնօրեններ ընտրելու»,-ասում է Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը։