Ապրիլի 9-ին 68 տարեկանում կյանքից հեռացել է ազատամարտիկ, Թումանյանի տարածաշրջանի առաջին կամավորական ջոկատի անդամ, հրամանատար Սասուն Վոլոդյայի Սիմոնյանը։
Նա եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, Հայաստանի սահմանների և Արցախի ինքնապաշտպանական մարտերի առաջին շարքերում։
1989 թվականի հունվարին Ղարաբաղ կոմիտեի կողմից նշանակվել է առանձին ջոկատի հրամանատար, ինչից հետո կազմակերպել է Նոյեմբերյանի Կոթի գյուղի, իսկ 1990-ին էլ՝ Ոսկևանի և Բաղանիսի ինքնապաշտպանությունը։ Այնուհետև իր ջոկատով մեկնել է Իջևանի Ծաղկավան գյուղ։
1989 թվականի սեպտեմբերի 4-ին Թումանյանի շրջանի կամավորական ջոկատի կազմում մեկնել է Արցախ՝ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղ։ 1990թ․-ից ՀՅԴ Թումանյանի տարածաշրջանի մարտական պատասխանատու Սասուն Սիմոնյանի հրամանատարությամբ ՀՅԴ Թումանյանի ջոկատը 1992 թվականի ապրիլի 5-ից մինչև հունիսի 14-ը մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանությանը, այնուհետև հունիսի 14-ից մինչև հուլիսի վերջ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում ԼՂՀ մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, որտեղ էլ վիրավորվել է։
2016թ. Քառօրյա պատերազմին Սասուն Սիմոնյանն Արցախ է մեկնել որպես ԵԿՄ Թումանյանի ջոկատի հրամանատար:
Սասուն Վոլոդյայի Սիմոնյանը ԵԿՄ անդամ էր։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։