Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատվարի խնդրի և դրա հետևանքով ընկերության աշխատակիցների հարկադիր պարապուրդի մասին մամուլի հրապարակումների հետքերով «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը երեկ՝ մարտի 17-ին, փորձել է պարզել՝ արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ։
Սակայն ընկերության անվտանգության ծառայությունից փոխանցել են, որ ղեկավարությունը տեղում չէ։ Հետևաբար աշխատանքների դադարեցման մասին որևէ տեղեկատվություն ստանալ չի հաջողվել։
Այս մասին Շնողի համայնքապետարանից տեղեկատվություն ստանալու փորձերն էլ ապարդյուն էին։ Համայնքապետարանը խիստ կարանտինի մեջ է, դրսից որևէ մեկի ներս չեն թողնում: Համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հեռախոսով փոխանցել է՝ ինքը շատ բան գիտի և շատ բանից է տեղեկացված, սակայն հրաժարվում է «Թեղուտ»-ի թեմայով հարցազրույց տալ:
Նշենք նաև, որ «Թեղուտ» ընկերության շնողեցի աշխատակիցները նույնպես լսել են ընկերության աշխատել-չաշխատելու մասին, բայց պաշտոնական որևէ տեղեկություն չեն ստացել։
Այսօր՝ մարտի 18-ին, «Թեղուտ» ՓԲԸ հայտարարություն էր տարածել՝ լրատվամիջոցների հրապարակումները «ասեկոսե և ապատեղեկատվություն» համարելով։ Մինչդեռ «Անկյուն գումարած 3» ՀԸ հրապարակել է այն տեղեկատվությունը, որը փոխանցել են Թեղուտ ՓԲԸ աշխատակիցները, անվտանգության ծառայությունն ու Շնողի համայնքապետարանը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված «հանրությանը սադրանքների ենթարկելու փորձին ու ընկերության՝ բնականոն ռեժիմով աշխատանքին», պետք է նշել, որ հեռուստաընկերությունը պարզապես արձանագրել է փաստերը, ինչի վկայությունն արված հարցազրույցներն ու կադրերն են։
«Թեղուտ» ընկերությունը լավ կլիներ հայտարարություն անելուց առաջ ծանրութեթեև աներ հրապարակվող տեքստը և միմյանց հակասող մտքեր չտարածեր: Ի՞նչ բնականոն աշխատանքի մասին է խոսքը, երբ ղեկավար կազմն աշխատանքի ժամին տեղում չէ։ Բացի այդ, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված «հեռահար աշխատանքային ռեժիմն» արդեն իսկ բնականոն լինել չի կարող։
Ամփոփելով՝ նշենք, որ լրագրողների և հանրության հետ աշխատանքը նույնպես հանրօգուտ գործ է, ինչը պատշաճ կատարելը բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ Եվ այդ դեպքում «ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը» պարարտ հող չեն կարող գտնել: Մենք պատրաստ ենք լուսաբանել ընկերության ցանկացած տեղեկատվություն՝ հասարկության տեղեկացված լինելու իրավունքը պաշտպանելու համար: Կոչ ենք անում հարգալից արտահայտվել լրտվամիջոցների նկատմամբ ու հարգել նրանց աշխատանքը: