Սիրելի՛ լոռեցիներ, պատմություն է դառնում 2019 թվականը: Յուրաքանչյուր տարվա ավարտ ևս մեկ առիթ է անցած ճանապարհն արժևորելու, ձեռքբերումներն արձանագրելու,  բացթողումները վերագնահատելու ու շտկելու համար:

Թավշյա, խաղաղ, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը հաջորդած 2019-ը տնտեսական հեղափոխությանն ընդառաջ գնալու,  վճռական քայլեր կատարելու տարի էր: Տարին առանձնացավ մարզում սուբվենցիոն ու այլ աղբյուրների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի աննախադեպ ծավալով, ճանապարհաշինական մեծամաշտաբ աշխատանքներով, առողջապահական ու կրթական ոլորտի ակնառու  արդյունքներով: 2019-ը   դարձավ մեկնարկային տարի տարբեր ներդրումային ծրագրերի համար: Եվ ակնհայտ է, որ գալիք տարին լինելու է առավել հագեցած մարզի տարբեր տարածաշրջաններում նախանշվող բիզնես նախագծերի իրականացման առումով:

Այժմ, երբ շրջադարձորեն փոխվել է յուրաքանչյուրիս կյանքի ուղեգիծը, երբ սկիզբ է դրվել նոր, իրապես ազատ ու անկախ Հայաստանի կառուցմանը, որտեղ բոլոր քաղաքացիներն օրենքի առջև հավասար են ու անկաշկանդ, մեզնից յուրաքանչյուրին՝ անկախ զբաղեցրած դիրքից, կարգավիճակից, մոտեցումներից ու հայացքներից,  այլ բան չի մնում, քան ապրել, արարել մեր երկրում՝ շենացնելով մեր տունը՝ մեր երկիրը:

Այսօր՝ Ամանորին ընդառաջ, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, որպես Լոռու մարզպետ, ուրախ եմ օգտագործելու տարեմուտի շնորհավորանքի այս առիթն ու ասելու, սիրելի՛ լոռեցիներ, անցյալից մեզ բաժին հասած բազմաթիվ խնդիրներն ու հոգսերը կարելի է հաղթահարել, եթե կա միասնականություն, եթե կա կամք ու նպատակ:

Այդ կամքն այսօր կա:Եվ այն մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում նպատակից արդյունքի վերածվելու միտում ունի:

Ես վստահ եմ, որ մեր երկրում ու մասնավորապես Լոռու մարզում մենք միասնական ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու, անկաշառ ու բարձրակարգ կրթական, առողջապահական  համակարգ ունենալու հարցում: Միասնական ենք թափանցիկ ու արդյունավետ պետական կառավարման համակարգ ունենալու հարցում, որտեղ յուրաքանչյուր քայլ ուղղված է ժողովրդի բարեկեցության ապահովմանը: 

Ես՝ որպես Լոռու մարզպետ ու իմ երկրի հպարտ քաղաքացի, իմ հերթին պարտավորված եմ անելու ամեն ինչ, որ լոռեցին օր առաջ զգա դրական փոփոխությունները մեր մարզում, որ ներդրվող  ծրագրերը, նորանոր աշխատատեղեր ապահովելով, նպաստեն լոռեցու կյանքի որակի բարելավմանը, որ Լոռին, սիրելի ծննդավայր լինելուց զատ, լինի նաև հարմարավետ ապրելու  գողտրիկ անկյուն, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն օր առաջ տուն վերադառնան՝ վստահ լինելով, որ Լոռիում աշխատելով կարող են իրենց ընտանիքներում ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմաններ:

2020թ.-ի ծրագրերն ու անելիքները շատ են: Ինչպես մինչ այժմ, հաջորդ տարի ևս մեր գերխնդիրը լինելու է Լոռիում տնտեսության ակտիվացումն ու ներդրումային ծրագրերի խթանումը: Մենք շարունակելու ենք կանգնել յուրաքանչյուր ողջունելի նախաձեռնության կողքին ու հասնելու ենք նրան, որ Լոռին մշտապես դիտարկվի որպես ներդրումային լավագույն միջավայր:

Սա է այն ճանապարհը, որով մենք քայլ առ քայլ ամրագրելու ենք տնտեսական հեղափոխությունը:

Սիրելի՛ լոռեցիներ,

Ամանորը սիրո, բարության ու սպասելիքների տոն է, ուստի մաղթում եմ, որ մեր բոլորի ընտանիքներում գալիք տարում գերիշխի սերն ու ջերմությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը:
Մաղթում եմ աներեր հավատ ինքներս մեր ու նաև մեր Հայրենիքի ապագայի նկատմամբ, որովհետև այդ հավատամքն է դառնալու ավելի լավ, ավելի բերեկեցիկ երկիր ունենալու հիմնաքարը:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.