Թե ով կձևավորի Ալավերդի համայնքի տեղական իշխանությունը, հնարավոր է՝ պարզ դառնա այսօր։ Ինչպես արդեն հրապարակվել է, քվեների բաշխումն ունի հետևյալ պատկերը․
«Ապրելու երկիր» – 49%
«Քաղաքացիական պայմանագիր» – 47%
«Հայ ազգային կոնգրես» – 2%
«Հայ յեղափոխական դաշնակցություն» – 2%
Քվեների այս բաշխվածությամբ Ալավերդու ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցություններից ընգրկվում են 12-ական անդամներ և ևս 3 ավագանու անդամ՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից։
Այսպիսով, վճռորոշ է լինելու «ՀԱԿ»-ի համամասնական ցուցակը գլխավորող Նորայր Գևորգյանի որոշումը, թե որ կուսակցության հետ դաշինք կազմել և ձևավորել ավագանի, ապա նաև տեղական իշխանություն։
Ըստ «Անկյուն+3» հեռուստաընկերության ունեցած տեղեկությունների՝ Նորայր Գևորգյանը կտրականապես մերժել է Արկադի Թամազյանի՝ «ԱԵ» և «ՀԱԿ» դաշինք կազմելու հնարավորությունը։ Մեր տեղեկություններով խնդիրը քննարկելու նպատակով Նորայր Գևորգյանին հրավիրել են Երևան՝ «ՀԱԿ» գրասենյակ։ Նորայր Գևորգյանն ասել է, թե հնարավոր է մնան որպես ընդդիմություն և ոչ մի կուսակցության հետ դաշինք չկազմեն։ Սակայն մեր աղբյուրը փոխանցեց, թե դա քիչ հավանական է, և որ «ՔՊ»-ի հետ դաշինքն անպայման կկայանա, պարզապես քաղաքական կոռուպցիան մեծ ծավալ կստանա։ Այսինքն «ՀԱԿ»-ը մեծ պաշտոններ ու այլ առավելություններ կպահանջի Արեն Մկրտչյանից, ինչի համար էլ Նորայր Գևորգյանը հրավիրվել է Երևան։ Ըստ մեր աղբյուրի՝ ակնհայտ է եղել, որ նախընտրական շրջանում էլ նրանք համագործակցել են, իսկ մեր հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճին սուր հարցեր չեն ուղղել «ՔՊ» ներկայացուցչին։ Բացի այդ, հրապարակվել են տեղեկություններ, որ Վեհափառի մոտ հրավիրված հանդիպմանը «ՀԱԿ» ղեկավարը փորձել է համոզել քննարկման մասնակիցներին՝ սատարելու Նիկոլ Փաշինյանին։
Սակայն, եթե Նորայր Գևորգյանը և ՀԱԿ-ն այնպիսի պահանջներ առաջադրեն, որ ՔՊ-ի համար իշխանություն ձևավորելը դառնա անիմաստ, և իր համակիրների բանակը մնա խաղից դուրս, ապա չի բացառվում, որ դաշինք կազմեն հենց ՔՊ-ն ու ԱԵ-ն, ՔՊ-ի առաջնությամբ՝ ավելի համեստ պահանջներով։ Մանավանդ, որ մեր աղբյուրի իրազեկմամբ, օրեր առաջ Ալավերդի այցելած ԱԵ նախագահ Մանե Թանդիլյանը կուսակցության համակիրներին և ավագանու անդամներին սպառնացել է ՔՊ-ի հասցեին վիրավորական ու քննադատական խոսքեր չասել, չքննադատել Նիկոլ Փաշինյանին, Արեն Մկրտչյանին և այլն։ Հորդորել, որ իրենք ՔՊ-ի հետ գաղափարակիցներ են, ինչն ի դեպ ցնցող տպավորություն է թողել ներկաներից մի քանիսի վրա, քանի որ ըստ իրենց հավատացել են, թե իսկապես ԱԵ-ն իրական ընդդիմություն է գործող իշխանությանը։
Եվ այնուամենայնիվ տարօրինակ վիճակ է ստեղծվել։ Երկու կուսակցություններից յուրաքանչյուրը վեց հազարից ավելի քվե է ստանում, մեկը մյուսից ավելի քան 200 քվեի առավելությամբ, սակայն իշխանությունը ձևավորելու, այսպես ասած, «դաբրոն» տալիս այլ կուսակցություն, որը 300 քվե է ստացել, և որոնք ընդամենը կարող են լինել ցուցակի առաջին երեք դեմքերի բարեկամները։
Ստացվում է, որ երկու առաջատար կուսակցություններին ձայն տված Ալավերդի համայնքի 13 000 բնակիչների փոխարեն, ՀԱԿ թեկնածուների 300 բարեկամներն են որոշում, թե ով և ինչպես ձևավորի Ալավերդու տեղական իշխանությունը։
Տարօրինակ ժողովրդավարություն։
Հրաչյա Պապինյան