2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձևը․ այլևս մինչև 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի մեկ տարվա արժեքը։ Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը։

Կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից, և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը։ Հետևաբար, կխրախուսվի աշխատանքը։

Ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար նաև փոփոխություն է կատարվել օրենքում, ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը։ Այսինքն՝ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների՝ արժեք ստեղծելու ունակությունը դեռ կա, ապա նրանք կշարունակեն աշխատաշուկայում ակտիվ մնալ։

Նախարարի խոսքով՝  կգործի կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմը, ինչը նպատակ ունի խրախուսել ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ աշխատաշուկայում երկար ներկա գտնվելու՝ նրանց համար ապահովելով ավելի ակտիվ ծերություն և առավել բարենպաստ ֆինանսական երաշխիքներ։

2024 թվականի երկրորդ կիսամյակից նախատեսվում է մշակել և իրացնել նոր կարգավորում, որը հնարավորություն կտա աշխատաշուկայի օրինական դաշտից դուրս մնացած ինքնազբաղվածներին և գյուղատնտեսությամբ զբաղվողներին կամավորության սկզբունքով հայտարարագրել իրենց եկամուտները և վճարելով դրանից հաշվարկվող հարկերն ու վճարները՝ կուտակել աշխատանքային ստաժ, ինչը կհաշվարկվի կենսաթոշակի անցնելիս։

Իսկ 1974 թվականին և դրանից հետո ծնվածների դեպքում պետությունը կկատարի օրենքով սահմանված կուտակումները քաղաքացու կենսաթոշակային հաշվին։ Սա հնարավորություն կտա մարդկանց ստվերից հանել և ձևակերպել իրենց աշխատանքը՝ դրա դիմաց ստանալով հետագա սոցիալական երաշխիքներ, ասել է Նարեկ Մկրտչյանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.