Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Հացը շուռումուռ տալուն ու դժգոհ մնալուն ամեն անգամ հաջորդում են անեծքախառն արտահայտությունները։ Լենիկ տատի բառամթերքը հարուստ է:
Կիրանցի բոլոր խանութներում 96-ամյա տատին ժպիտով են դիմավորում, հասարակ մարդ չէ՝ գյուղի ամենատարեցն է, ճարտարախոսը:
«Որ բան ա պետքս ըլում, շատ վախտ սկի հարցնըմ էլ չեմ, ձեռս մեկնում եմ, վերցնըմ։ Դե թող խոսի, եթե էդքան ռիսկ ունի թող ասի խի վիկալար», – ասում է Լենիկ Ղարդաշյանը։
Կիրանցի փողոցնեըը ձեռնափայտով ամեն օր ոտքի տակ տվող Լենիկ տատը որեւէ մեկի կողքով անտարբեր չի անցնում։ Ասել-խոսելուց ու վիճաբանելուց էլ չի հոգնում:

Լենիկ Ղարդաշյանը
«Սրա-նրա տղերանց հետ անիծելով, կռիվ անելով, խոսելով էս ղարաղաթի հետ․․․ կռիվ չեմ անում, ցավդ տանեմ, շուլուխ-մուլուխ եմ անում, օրըս անց կենա, գնա», – ասում է 96-ամյա տատը։
Կռիվը նաեւ Իջեւան-Նոյեմբերյան մայրուղով անցնող վարորդների հետ է, անաստվածներն արագ են քշում, ասում է տատը:
«Տենում չե՞ս՝ էս ոնց են քշում։ Եթե մի չխմազ օքմի ըլի, տակը կընկնի», – ասում է տարեց կինը։
Լենիկ Մադաթովնան, ինչպես հաճախ են դիմում տատին, Կիրանց Նոյեմբերյանից է հարս եկել, 70 տարի սար գնացել: Վաղուց անասուն չի պահում, սար չի գնում, իրեն էլ զրկել է կաթ ու մածունից։ Ասում է՝ չի վստահում:
«Որ կովի կաթը լավն ա, էն եմ խմել, սմետանն ուտելիս՝ ո՞ր կովի սմետանը կուտեն։ Հա դե մածուն ա գալիս, ի՞նչ գիտես՝ ինչ ա։ Ի՞նչ գիտես՝ փոշի չեն արել, որ բերեն, ժողովրդի աչքերը կապեն։ Ես իմ ձեռովը կթել եմ, մերել, կերել», – անկեղծանում է Լենիկ տատը։
Մի խանութից սիրելի թխվածքաբլիթներ, մյուսից հաց, երրորդից էլ՝ կոնֆետներ է առնում տատը։ Ասում է՝ խանութպաններին չնեղացնելու եւ օրը մթնացնելու համար է անցնում բոլոր խանութներով:

«Իմ քեփը որդիան տա, ընդիան տեմ առնի։ Խի էդ էլ ա՞ կռվովի։ Որ կռվովի ըլի, ես սաղին էլ կհաղթեմ, արխային կացի։ Էդ ո՞ր խանութպանն ա շաշվել՝ իրա գլխից ձեռ վեր ունի, որ խոսի», – կատակում է տատը։
Երբեմն աչքը թանկարժեք կոնֆետների վրա է մնում, բայց մեկ է՝ ապառիկ չի վերցնում:
«Կմեռնեմ, պարտքը խի՞ վրես մնա», – ասում է։
Դեռ հասցնում է մի երկու կոպեկ թոշակից հետ գցել նեղ օրվա և թաղման ծախսերի համար, ասում է:
«Իմ թոշակիցը յեդ եմ գցում, ունեմ, ինձ հմար կոպեկ եմ յեդ գցում, որ մեռնեմ, դու շատ չի տուժվիս էդ վախտը»։
Կիրանցի տատը հաջողացնում է նաեւ գյուղում խնդիրներ լուծել: Եկող-գնացող ղեկավարներն իր խոսքը չեն անտեսում, հարկ եղած դեպքում գյուղի փողոցներում ասֆալտ էլ են փռում, ջուր էլ քաշում, միայն թե Լենիկ տատը դժգոհ չմնա: