Հաղպատի բուժկետը կառուցման օրից՝ 2007 թվականից, ջուր չի ունեցել։ Պատասխանատու բուժքույրն ամեն օր տնից է ջուր բերել, որպեսզի կարողանա որոշ չափով պահպանել սանիտարահիգիենիկ նորմերը։ Խնդրին անդրադարձել էինք 2020 թվականի մայիսին։ Բուժքույր Ռոզա Շամբարյանը պատմել էր, որ հիվանդներն անհրաժեշտության դեպքում օգտվում են գյուղի վարչական կենտրոնի սանհանգույցից։ Ապրիլին Ալավերդու ավագանու նիստին խնդիրը բարձրացրել էր ավագանու անդամ Վալերի Վարոսյանը, ինչին ի պատասխան համայնքապետ Սասուն Խեչումյանն ասել էր, որ բուժկետի ջրի խնդիրը 5 օրվա գործ է։
Տարիների վաղեմության խնդիրը հիմա վերջապես լուծում է ստացել։