Լոռու մարզի Ծաթեր գյուղը Ալավերդի խոշորացված համայնքի 28 բնակավայրերից մեկն է։ Մարդկանց հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն է, հացահատիկի և կարտոֆիլի մշակությունը։
Հայաստանի գրեթե բոլոր գյուղերի նման Ծաթերն էլ բազմաթիվ խնդիրներ ունի։ Առաջինն, ըստ գյուղացիների, ոռոգման ջրի բացակայությունն է։ Դրանից հետո նրանք թվարկում են քանդվող հուշարձանի, անգազ ու անջուր հանդիսությունների սրահի խնդիրները, որոնց մասին տեղյակ են նախկին վարչական ղեկավարն ու նախկին համայնքապետը։ Ասում են՝ չորս տարի սայլը տեղից չի շարժվել։ Հիմա սպասում են նոր համայնքապետի հետ հանդիպմանը, որ նրան ներկայացնեն գյուղի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները։