Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Մոլորված ընկերներին վերջին անգամ 53 տարեկանում է ձեռքը վերցրել, իսկ այսօր յուրահատուկ կեցվածքով, մի տեսակ սրտի թրթիռով ու ձեռքերի դողով դուդուկահար Հակոբ պապը ծանոթ և անծանոթ մեղեդիներ է հնչեցնում և հպարտանում գյուղական երաժշտի իր անցյալով։

«Պահուստից հանել եմ, էս իմ կլարնետն ա, վրեն շատ չարչարվեցի, սովորեցի, էկավ, դաժան ճակատագիրը հաղթող դարձավ, հավեսս կտրեց։ Ու դուդուկը շարունակեցի։ Դուդուկը հավերժական է, անմեռ գործիք է։ Ձենը ուրիշ է, հավասարը չունի։ Հենց ձեռըս եմ վերցնում, ոնց որ սոված մարդիկ հացի հերթ էին կանգնում, էդ բոլոր երաժշտությունները հերթի կանգնած գալիս են», — ասում է դուդուկահար Հակոբ Մայիլյանը։

Զուռնա, կլարնետ, շվի․ բոլորը սիրելի են, բայց մինչ օրս իր դարդ ու ցավի ընկերը դուդուկն է:

«Ա՜խ դուք մատներ, մատներ, ինչի՞ դավաճանեցիք։ Մատներս ասում են՝ մենք չենք դավաճանել, մենք հոգնեցինք քո դարդ ու ցավից, մենությունից։ Իմ կյանքի դառնահամ օրերը շուտ վրա հասան, և հարվածեցին իմ երաժշտությանը, աղավաղեցին, և էլ հավես չունեցա, ճարըս կտրած անցա շինարարական գործերին։ Այ էս շենքը՝ տեսնու՞մ եք, էս ձեռներն են սարքել իմ տղայի՝ Գագիկի հետ», — ասես ինքն իր հետ է զրուցում տարեց դուդուկահարը։

Երաժշտության նկատմամբ սերը մանկուց է եկել, 15 տարեկանից է նվագում, իսկ շնորհքը, վստահաբար ասում է, գեներով է ժառանգել։

«Կարամ ասեմ՝ գեներից գալիս ա։ Գագիկի մորական պապը իսկական, հայտնի դհոլաչի ա էլել էս ձորերումը։ Ամենաընտիր զուռնա նվագողները նրան միշտ տարել են հարսանիքների։ Էդ՝ մեկ։ Չգիտեմ՝ ինչիցն ա, մեր մոտ էլ կա երաժշտական ջիղ, քույրս՝ Մարգոն, լավ երգում ա, ես լավ նվագել եմ, հերըս լավ երգում էր, ու տենց շարունակելի էկել ա», — պատմում է Հակոբ Մայիլյանը։

Մինչ օրս խնամքով պահած ու փայփայած երաժշտական գործիքների ձեռքբերումն էլ հեշտ չի եղել։ Հիշում է՝ առաջին անգամ եղբոր աջակցությամբ գումար է հայթայթում, իսկ ընկերոջ՝ զուռնաչի Անուշավանի օգնությամբ և միջնորդությամբ գործիքներն էձեռք բերում։

«Էս դուդուկներիս պատմությունն էլ է դառը։ Փող չկար, որ առնեինք, ախպերս բանակից 100 ռուբլի ուղարկեց, թե՝ որտեղ էի պահել, որ մկները չկրծեն։ Վերջը մի շան հալի ձեր պապ Անուշավանին (զուռնաչի էր Ուզունլար) խնդրեցի, ասի դուդուկները մի բան արա, ասավ՝ ուստա Հակոբ, դու պրոբլեմ չունես, էն մնացած փողն էլ աջակցեց, դուդուկները բերեց։ Ինչքա՜ն ենք իրար հետ նվագել, նույնիսկ ուստա Անուշավանը ճակատիցս պաչեց, ասավ՝ էդ մուղամը եքա վախտ էր՝ չէի լսել», — հիշում է դուդուկահարը։

Անուշավան Պապինյանը օձնեցի հանրահայտ զուռնաչի և դուդուկահար Ալեքանց Արութնի դամքաշն էր, բայց ինքն էլ առանձին իր երաժշտական խումբն ուներ ու Հագվում շուրջ 25 երիտասարդի սովորեցրել էր դուդուկ ու զուռնա նվագել։ Նրա աշակերտներից մեկն էլ Հակոբ պապն է։ Ասում է՝ հայկական, աշուղական  մեղեդիներին կարծես թե  փոխարինելու են եկել անհասկանալի մուղամները, որոնք ոչ մի կապ չունեն հայկական իրականության հետ։

«Սրանց հեղինակությունն իջել ա իրանց մակարդակից, համա սրանք իրանց տեղն ունեն, բարձրակարգ աստիճանի վրա են։ Ամա էդ սիմֆոնիկ ու եսիմ ինչեր բերին, մեջ գցեցին, ու մեր երգիչ-երգչուհիներին էլ են շատ աղավաղում, նրանց էն սիրուն ձայները», — մտահոգվում է Հակոբ պապը։

88 տարեկանում, նեղսրտելով ասում է, առաջվա նման զուռնան չի փչում, ձեռքերի ճարպկությունն է կորել, բայց փոխարենը այլ զբաղմունքներ  է գտել, մեղվապահից մինչև հաջողված այգեգործ դարձել։

«Հաշվել եմ իմ պրոֆեսիոնալ փեշակները, տասը պրոֆեսիոնալ ա, հինգը՝ կիսապրոֆեսիոնալ։ Փեշակներ են էս մատներն ինձ մատակարարել, ավա՜ղ, հիմի էլ դավաճանում են։ Մենակ արաղն են կարում մարդավարի քաշեն», — եզրափակում է դուդուկահար Հակոբ Մայիլյանը։

Երջանկությու՞նն է պակասել, թե՞ մարդկիկ են անհավես դարձել՝ դժվարանում է ասել, իսկ վերջում խորը հոգոցով մի վերջին անգամ զուռնան է բանեցնում, թե բա սա մեկ էլ «վիստավկա», այսինքն՝ ցուցանմուշ  է մնալու:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.