Hraparak.am-ը գրում է.

ՔՊ-ականները ոչ մի կերպ չեն հաշտվում Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ։ Այստեղ ՔՊ-ի ցուցակը, հիշեցնենք, գլխավորում էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը «բուռն» քարոզարշավ էր անում՝ իշխանական ու փողոցային բոլոր հնարավոր լծակներն ու ռեսուրսները կիրառելով, նախկիններին ու նախկինների համար ձայն բերելու փորձ ունեցողներին իր թիմում ներգրավելով։ Նա առավել քան վստահ էր, որ հաղթելու է, սակայն չկարողացավ հաղթահարել 50 տոկոսի շեմը՝ հավաքելով ընդամենը 47 տոկոս ձայն։ Նրա հիմնական մրցակից «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ հավաքել է 49 տոկոս ձայն, և հիմա, ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմելով, վերցրել է իշխանությունը Ալավերդիում։ Արեն Մկրտչյանը, որը թեև ինքնաբացարկ է հայտնել, շատ ծանր է տանում իր պարտությունը ու նաև այն, որ ՀԱԿ-ը իրենց հե կոալիցիա կազմելու փոխարեն նախընտրել է «Ապրելու երկրին» միանալ։ Դրա համար էլ այս օրերին Մկրտչյանն ու իր թիմակիցները, այդ թվում՝ ցուցակի երկրորդ համար Դավիթ Ղումաշյանը, որը Շնողի ղեկավարն է, այս օրերին տարատեսակ ճնշումներ են բանեցնում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի նրանք հոկտեմբերի 12-ին կայանալիք ավագանու առաջին նիստին կա՛մ չներկայանան, կամ ինքնաբացարկ հայտնեն, կամ այլ դիրքորոշում ցուցաբերեն, միայն թե տապալեն նիստը, որ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն չընտրվի քաղաքապետ։ Բայց, տեսնելով, որ հաջողության չեն հասնում, դիմում եմ նաև ուժային մեթոդների, օրինակ՝ փորձում են որոշ անդամների զորահավաքի կանչել և այդպիսով խափանել նրանց ներկայությունը նիստին։

Իրենց թիմակիցների նկատմամբ ճնշումների մասին երեկ ֆեյսբուքի իր էջում բարձրաձայնել էր նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ գրելով․ Իշխանություններն Արցախից հրաժարվելը, թշնամու ագրեսիան, պետության տարածքային կորուստները այնքան ծանր չեն տանում, որքան «Ապրելու երկիր» կուսակցությանը Ալավերդիում կրած պարտությունը։

Ընտրություններից անմիջապես հետո մինչև այս պահը իշխանությունները՝ իրենց բոլոր ռեսուրսները (վարչական, ուժային, ֆինանսական, կրիմինալ) կենտրոնացրել են Ալավերդիում՝ ահաբեկելու մեր թիմակիցներին՝ նպատակ ունենալով խաթարել համայնքի ղեկավարի ընտրությունները, որի մասով ունենք հստակ համաձայնություն ՀԱԿ-ի հետ»։

Hraparak.am-ը երեկ կապ հաստատեց Շնողի վարչական ղեկավար և ՔՊ-ի ցուցակի երկորրդ համար Դավիթ Ղումաշյանի հատ՝ լսելու նրա մեկնաբանությունը իրենց կողմից գործադրվող ճնշումների վերաբերյալ։

Նա նախ տարօրինակ պատասխան տվեց, երբ հիշեցրինք, որ ամսի 12-ին իրենց համայնքի ավագանու առաջին նիստն է կայանալու։

«Երևի»,-ասաց նա։ Զարմացանք՝ ինչո՞ւ է այդպես ասում, կարող է չկայանա՞ նիստը։

«Երևի կայանալու ա, տեղյակ չեմ, ինչի՞ համար եք հարցնում»,-ասաց նա։

Երբ ասացինք, որ Ալավերդուց ահազանգեր ենք ստանում, որ ինքը, Արեն Մկրտչյանը, մյուս ՔՊ-ականները ճնշումներ են գործադրում «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների վրա, որպեսզի չներկայանան նիստին, քաղաքապետ չընտրեն, Ղումաշյանը սկսեց նյարդային ու ագրեսիվ ձևով պատասխանել։ «Կներեք, ես չեմ էլ ուզում նմանատիպ անհեթեթ հարցերի պատասխանել, եթե լուրջ հարց ունեք՝ տվեք, էդ ի՞նչ անհեթեթ հարցեր եք տալիս։ Նման բան չկա իմ կողմից։ Հանգիստ հարց տվեք։ Ես Ձեզ ասում եմ՝ նման բան չկա, ցտեսություն Ձեզ»,-ասաց Ղումաշյանն ու հեռախոսը անջատեց։

Նա չլսեց նաև մեր մյուս հարցը՝ կապված հոկտեմբերի 11-ին կայանալիք դատական նիստի հետ, որի ընթացքում պիտի քննվի մի քրեական գործ, որով Ղումաշյանն էլ է անցնում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.