«Սա կարկուտի հետևանք է։ Թփին խփել ա, վնասել։ Ճիշտ ա, դրանից հետո մենք սրսկումները շարունակել ենք, բայց չի օգնում, թուփը վնասվել, տոթ ա բռնել։ Էս բերքը շատ-շատ ա էղել, բայց մեծամասնությունն արդեն հողի մեջ կորել ա, գնացել։ Կլեպները, որ ուշադիր նայենք, կարող ա հանդիպի մարգերի մեջ» – պատմում է Արևածագի բնակիչ Անաստաս Ավետիքյանը։
Արևածագի դաշտերում կարկուտի հարվածներից պաշտպանված կարտոֆիլն են հավաքում։ Անաստաս Ավետիքյանն այս տարվա նման բերքի սակավություն չի հիշում։ Ամեն տարի մեկ հեկտարից 40 տոննայից ավելի բերք են հավաքել, այս տարի հազիվ 10 տոննայի կհասնի։

Անաստաս Ավետիքյանը
«Կարկուտից հետո ինչ ուզում ես՝ արա, բույսն արդեն էլ չի աճում։ Էդ պահի դրությամբ ինչ վիճակի է, էդ չափի էլ մնում ա՝ ոչ խոշորանում ա, ոչ էլ քանակն ա ավելանում», – ասում է Անաստասը։
Կարտոֆիլի մեծ մասը հողի մեջ փտել, կորել է։ Եղածներից շատերն էլ էլի վնասված են, շուկայական տեսք չունեն և իրացման խնդիր կունենան, ասում է ֆերմերն ու վնասի չափը հաշվում։
«Մի հեկտարին կոպիտ հաշվարկով 1,2 մլն ծախս ա գնում՝ վարելով, ցանելով, դեղորայքով։ Չհաշված էս պահի աշխատանքը՝ հավաքել, ջոկել։ Էդ էլ հետը՝ 1,5 միլիոնը անցնում ա։ Բայց էս պահին, որ հեկտարից 700 հազարի բերք ծախի գյուղացին, լավ ա», – նշում է երիտասարդ ֆերմերը։

Իսկ Կառավարությունում գյուղացու վնասները չեն հաշվում։ Մեկ է՝ հատուցում չի լինելու։ Կարտոֆիլի դաշտերը, որ շատերը չեն ապահովագրել, վնասը իրենց գրպանից են տալու։ Բայց Անաստաս Ավետիքյանը կարծում է, որ ապահովագրելով էլ՝ գյուղացիները չեն շահում։
Ի դեպ, ֆերմեների համար իսկական պատուհաս են դարձել նաև մկները։ Դրանք էլ իրեց հերթին են վնասում բերքը։
«Հիմա կարտոֆիլը գողանում ենք մկներից, ոչ թե մեր բերքն ենք հավաքում», – ասում է Կողեսի բնակիչ Սարգիս Մկրտչյանը։

Սարգիս Մկրտչյանը
Նրա խոսքով՝ սրան արդեն պետական մոտեցում է անհրաժեշտ, բայց այս մասին էլ դեռևս մտածող չկա։
«Մի երկրում, որ գյուղատնտեսության նախարարություն չլինի, գյուղացու մասին ով պետք ա մտածի։ Ով պետք ա մտածի՝ մուկ կա, բերք կա կամ չկա, բերքն իրացվում է, թե չէ», – ասում է մտահոգ գյուղացին։
Իսկ ընդհանրապես Կողեսում ու մյուս գյուղերում, որտեղ կարկուտ չի տեղացել բերքից դժգոհ չեն։ Առատ անձրևներն էլ լուրջ վնասներ այստեղ չեն հասցրել։

«Հողը գիտի։ Էն մի հողը շատ լավն էր, խոշոր էր, էս մեկը մանրոտ ա։ Բայց կարևորը առողջ կարտոշկա ա, հոտած չի», – ասում է դաշտում կարտոֆիլ հավաքող կանանցից մեկը։
Փոխարենը ցորենի դաշտերն են վնասվել։ Սարգիս Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում ֆերմերները ցորենի բերքը իրացնելու խնդիր էլ ունեն։
«Ռուսաստանի դաշնությունից բերում են շատ էժան, վաճառում են, շուկան լիքն ա։ Մեր ցորենն առնող չկա», – ասում է գյուղացին։
Ինչ վերաբերում է կարտոֆիլի գներին, ապա այս տարի բերքի գինը նախորդ տարվա համեմատ էժան է։ Միջինը 100 դրամով են իրացնում։