Ալավերդի – Սանահին Սարահարթ – Ակներ շուրջ 9 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն փետրվարին, տեղեկացնում է Ալավերդու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Հիշյալ ճանապարհաշինական ծրագրի ղեկավար Արմեն Օսիպյանը համայնքապետարանում ներկայացրել է կատարվելիք աշխատանքների փուլային ընթացքը, ճանապարհի վրա կախված ժայռերի հեռացման նախատեսված տարբերակները, ջրահեռացման և այլ աշխատանքների վերաբերող տեղեկություններ:
Սակայն մեր տեղեկություններով Ալավերդի-Սարահարթ և Ակներ ճանապարհի վեարկառուցման համար հայտարարված մրցույթում կապալի իրավունքը ստացել է այն շինարարական կազմակերպությունը, որը տապալել է Թումանյան-Աթան-Այնիձոր – ճանապարհի վերակառուցման ծրագիրը:
Ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ կազմակերպությունը շահել է մրցույթում, իսկ կառավարությունը գումար չի հատկացրել։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝ աշխատանքների մեկնարկը ձգձգվել է ՀԷԿ-ի խողովակների պատճառով, ինչը քիչ հավանական է, քանի որ կարող էր սկսել այն հատվածներում, որտեղ խողովակներ չկան: Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ կազմակերպությունը բազմաթիվ մրցույթների է մասնակցում, սակայն տեխնիկական ու մարդկային սահմանափակ ռեսուրսների պատճառով չի կարողանում ամեն տեղ աշխատանքներ իրկանացնել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այս կազմակերպությունը ՏԿԵ նախարարության սև ցուցակում է, իսկ Ալավերդում ճանապարհաշինության ծրագիրը շահել է մինչ սև ցուցակ ընկնելը: Տեսնենք՝ ինչպես կզարգանա ճանապարհաշինական ծրագիրն Ալավերդիում: