Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումից հետո Ալավերդու Բաղրամյան թաղամաս տանող ճանապարհին կառուցված հիմնական մայթով երթևեկելը վտանգավոր է դարձել, որովհետև մայթի հարակից ժայռից  պարբերաբար մեծաքանակ քարեր են թափվում։

Այդ պատճառով Բաղրամյան թաղամասի բնակիչները ստիպված անցուդարձ են անում ճանապարհի մյուս հատվածում կառուցված նեղ մայթով։ Ի դեպ՝ թափվող քարերը վտանգավոր են նաև երթևեկող մեքենաների համար։ Դրանք նաև փողոց են լցվում։  

Խնդրի վերաբերյալ «Անկյուն+3» ՀԸ հարցմանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից պատասխանել են, որ ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև քարաթափումներից պաշտպանության միջոցառումներ․ տեղադրվել է մետաղացանց և կառուցվել հենապատ։  

«Շահագործման հանձնված ճանապարհահատվածների ընթացիկ նորոգումը և խնամքը պայմանագրային հիմունքներով իրականացվում է համապատասխան սպասարկող ընկերության կողմից, իսկ դեռևս շահագործման չհանձնված ճանապարհահատվածների խնամքի համար, որպիսին է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ալավերդի համայնքի տարածքով անցնող հատվածը, պատասխանատու է շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերությունը», – նշված է հիմնադրամի պատասխան գրության մեջ։

Խնդրի վերաբերյալ շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու ըներության տեղամասի պատասխանատու Արտակ Նաջարյանը պարզաբանում է տվել, որ այս հատվածում շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այսինքն քարաթափուման խնդիրը վերջնական լուծելու ուղղությամբ այլ աշխատանք չեն տանելու։ Ինչ վերաբերում է թափված քարերին, ապա դրանք հեռացնելն ընկերության պարտականությունն է, և շուտով խնդիրը կվերացվի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.