Հեղինակ՝ Մերի Կոլոլյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Աթանի սովխոզի 30 տարվա հաշվապահ Անուշը պատահական մարդ չէ: Հայրենականի՝ փառքի կրկնակի շքանշանակրի ու կրթված ազգի աղջիկ է,-ասում է: Հարս  եկել է հարևան փողոցից, բայց արդեն կես դար ու ավելի նոր ազգանվան հետ անհաշտ է:

Անուշ Բոզոյանը

«Իրան-իրան տարել ա, Բոզոյան գրել, ես էլ ըմանչում եմ, որդի գնում եմ, ծիծաղում են վրես։ Բայց լավ ազգ են», – ասում է Անուշ Բոզոյանը։

Ալբերտն անմիջապես արձագանքում է՝ ծիծաղում են անգրագետները: Տարիներ առաջ ավտոտեսուչն էլ փորձել է ծաղրել, գյուղացու բազկի ուժին է հանդիպել:

«Ասի՝ արա, ընչի՞ ես ծիծաղում։ Իմ հոր պապը Լորիս Մելիքովի կռվովը թուրք ա սպանել, րեխա չի սպանել։ Դուն ո՞վ ես։ Բոզոյանը սպիտակ մարդիկ են էլել, ասի՝ անգրագետ շանորդի ես։ Թե՝ էդ ու՞մ ես շանորդի ասում։ Որ չտվի․․․», – պատմում է Աթանի բնակիչ Ալբերտ Բոզոյանը։

Ալբերտ Բոզոյանը

Անուշն անհաշտ է միայն ազգանվան հետ, ամուսնուց էլ, նրա ընտանիքից էլ դժգոհ չէ: Աթանի սրտում են ապրում: Լիուբոլ ժամանակներում իրենց չեն խնայել, աշխատել, ընդարձակ տուն են կառուցել, 5 երեխա մեծացրել, ուսման տվել, ամուսնացրել, թոռի համ տեսել: Հիմա հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Տնտեսությունը համեստ է, օգնող չունեն: Մի քանի կով, մեկ-երկու խոզ են պահում։ Ու դա էլ դժվարութամբ:

«Էնպիսի գներ են ասում։ դե բենզինը թանկ, սալյարկեն թանկ։ Պարսկաստանից ա, թե որդիան ա, բենզինը, սալյարկեն բերում են, ըտեղ ջոկ ենք թանկ տալիս, տեխնիկատերն էլ, որ տեխնիկա ունի հնձելու, էնպիսի գներ ա դնում, որ տալիս ես ու ոչ մի բանի տեր չես ըլում», – ասում է Ալբերտը։

30 տարվա հաշվապահ Անուշը 40.000 թոշակ է ստանում, տիկնոջից մի քանի տարի ավելի աշխատած Ալբերտն էլ՝ նույնչափ: Հավանաբար հաշվողներն են թերացել, կասկածում է պապը: Տարիների վաստակը հերիքում է միայն առաջին անհրաժեշտության մթերքներին, ասում է տատը: Աթանում խանութ չկա, տրանսպորտի բացակայությունից էլ շատ են նեղվում: Ծերության հետ բժշկի դիմելու, դեղ գնելու կարիք հաճախ է լինում, բայց դեղատուն չկա։ Իսկ ամենից շատ խեղճանում են գազի բացակայությունից:

«Էրկու անգամ գնում ենք Ալավերդի, Կիրովական, ձեռներուս կոպեկ չի մնում, վերջացավ։ ամեն ինչը տենց ա, բայց էն վախտն ավտոբուս աշխատեր սիրուն», – ասում է տիկին Անուշը։ Գործերն ավարտում ու հեռուստացույցի առաջ է նստում Ալբերտը՝ լավ լուրերի սպասումով։

«Ասում եմ՝ տենամ գոնե ինչ լավ բան են արել էս հայության համար, տենում եմ, որ չկա։ Նոր էի դուրս էկել տելեվիզրի առաջից, գնամ, բլոկնոտս բերեմ», – ասում է Ալբերտ Բոզոյանը։

Բլոկնոտում հասարակական, քաղաքական գործիչների ցանկ է, որոնց հետ հանդիպելու ելքեր է փնտրում պապը:

«Արմեն Աբովյան, էս մեր խորհրդարանում ա, Շաքե Իսայան, Տիգրան Քոչարյան», – թվարկում է պապը։

Ասելիք ունի պապը։ Ոչ միայն գյուղի խնդիրներով է մտահոգ, այլև երկրի: Տիկին Անուշն էլ ոչ պակաս մտահոգ է, բայց գյուղի տրանսպորտի խնդրով:

«Ավտոբուս չկա, մասնավոր ավտո ենք բռնում, գնում կամ Կիրովական, կամ որդի ցանկանում ենք, ինչքա՜ն շատ փող են վերունում։ Էրկու հետ գնանք, թոշակը կպրծնի։ Այ էդ վիճակն ա ըստի», – ասում է Անուշ Բոզոյանը։

Գյուղի քանդած ակումբը վաղուց հանդիսատես, գյուղացիներն էլ՝ կինո ու համերգ չեն տեսել, անցյալի հանդեպ կարոտով ասում է տատը:

«Կինոն էլ բերեին, ցույց տեին ժողովրդին, համերգ գեր։ Ամեն ինչ տեղը տեղին կար, բայց հմի ոչ մի բան, անտերություն, մեռելային լռություն», – նեղսրտելով ասում ա գյուղացին։

Աթանում կյանքը տխուր է, փողոցները դատարկ են, մանկան ճիչ հազվադեպ է լսվում։ Ավելի շատ տխուր լուրեր են գալիս, ուրախության՝ հազարից մեկ:  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.