Պայմանական հրդեհը բարձրահարկ շենքում է, անհրաժեշտ է տուժածների տեղափոխում ու շենքի բնակիչների մասնակի տարհանում: Ցուցադրական վարժանքի նպատակն է արագ մոբիլիզացնել բոլոր ծառայություններն ու գործել միասնական:

Արմեն Բարսեղյանը
«Պարբերաբար բնույթ են կրում նման միջոցառումները։ Տարեկան պլաններով նախատեսված՝ մենք ունենք գործնական պարապմունքներ։ Սա տարեկան պլանի գործողությունների մի մասն էր, որով նախատեսվում էր համագործակցություն շտապօգնության, ոստիկանության, էլցանցի և գազի ծառայության հետ։ Սրա իմաստը և նպատակն այն է, որ մեր համագործակցությունն իրական դեպքերի ժամանակ ճիշտ լինի, ներդաշնակ լինի, և կարողանանք կոնկրետ արդյունքներով հրդեհաշիջումը և փրկարարական աշխատանքները կազմակերպել», – ասում է Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը։

Պայմանական դեպքի վայրում են փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատը, շտապօգնության, ոստիկանության, էլցանցի, գազի վթարային ծառայության արագ արձագանքման խմբերը: Հրշեջները հասցրեցին «կրակին պատանդ» մնացած քաղաքացիներին փրկել, դուրս բերել հինգերորդ հարկի պատուհանից։ Տեղում աշխատում էր նաև շտապօգնության ծառայությունը:

Գարիկ Անթառանյանը
«Բոլոր հիմնարկները շատ նորմալ կատարեցին իրենց տրված առաջադրանքները։ Այս վարժանքները շատ կարևորում ենք։ Դրանք կարևոր են և բնակչության և սպասարկող անձնակազմի համար», – ասում է Ալավերդու շտապօգնության հերթապահ բժիշկ Գարիկ Անթառանյանը։
Արտակարգ իրավիճակների դեպքում կարևոր է արագ ու ճիշտ համագործակցությունը, հատկապես, երբ խոսքը բազմաբնակարան շենքերի մասին է, որտեղ մեծ է հրդեհի տարածման հավանականությունը: Նման վարժանքերը կարևոր են նաև բնակչության համար:
«Սա բոլորիս համար է ուսուցողական։ Հավատացեք, որ նաև փրկարարները ամեն վարժանքից հետո ավելի շատ են կարողանում իրենց գործողությունների մեջ հմտանալ։ Ինչ վերաբերում է բնակչությանը, նրանք բավականին կրթված են, հասկանում են և ըմբռնում։ Պատրաստակամ են մեզ օգնելու գործում։ Տարհանումը շատ գրագետ կազմակերպեցինք, շենքից մասնակի տարհանում եղավ։ Ամեն ինչ շատ նորմալ էր», – նշում է Բարսեղյանը։

«Վթարների դեպքում մենք արագ արձագանքում ենք։ Մեզ տրված է, որ 5 րոպեի ընթացքում մեր աշխատակազմը դուրս գա վթարի, որից հետո մենք կատարում ենք գազանջատում, գազավերականգնում։ Աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը վերականգնվում է», – ասում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1-04 ծառայության հերթափոխի փականագործ Արտակ Հովասափյանը։
Ամեն ինչ արվեց հստակ, գրագետ՝ և՛ իրազեկման և՛ տարհանման աշխատանքները, ասում են վարժանքին հետևող բնակիչները:

«Պատրաստ լինելը միշտ էլ պետք ա։ Նախկինում գյուղում, որ մի հատ հրդեհ էր լինում, մինչև քաղաքից գնում էին, շատ ուշ էր լինում։ Հիմա մեքենաները նոր են, արագաշարժ», – ասում է վարժանքին հետևող բնակիչներից մեկը։
Ուսումնավարժանքը նպատակ ուներ ամրապնդելու փրկարար ծառայության այս անձնակազմի գիտելիքները՝ հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների իրականացման ժամանակ: