Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Արման Տիտանյան
«Էս հինգ ծապանը քանդվել ա, ծառերը ջարդել ու լցվել մեր մշակած մալինայի վրա», – պատմում է Սանահին կայարան թաղամասի բնակիչ Հերիքնազ Միկոյանը։
Վնասը բարեբախատաբար միայն ֆինանսական է: Մ6 միջպետական ճանապարհի՝ Օձունի հանգույցի շինարարությունն օրեր առաջ մեկնարկել ու սպառնում է ընդհատվել, քանի որ տիկին Հերիքնազի պնդմամբ՝ իրենց անվտանգությունն ապահովված չէ:

Հերիքնազ Միկոյանը
«Կանգնեցրինք աշխատանքը բերել ա մի 20 մետր սետկա ա քաշել, բայց սետկեն էդ քարը չի պահի նորից պետք ա թափվի։ Հիմա մենք դիմել ենք դեպարտամենտ, քաղաքապետարան, մեզ ասել են՝ սպասեք, գործը դադարեցնում ենք։ Բայց մարդիկ իրենց աշխատանքը նորից շարունակում են», – պատմում է տիկին Հերիքնազը։
Օձունի հանգույցում ճանապարհի՝ մոտ 12 մետրով լայնացմամբ պայմանավորված հարակից բնակելի և արտադրական շինություններն օտարվել են։ Միկոյանների տունն ավելի ներքևում է, օտարման անհրաժեշտություն չի եղել:
«Չորս տուն կա, որ օտարել են, մերը, ասացին, ճանապարհից հեռու է, պետք չի։ Բայց ես ասեցի, որ վտանգ կա քարաթափման։ Ասին՝ այնպես կանենք, որ չվնասենք։ Բայց փաստացի վնասեցին», – պատմում է տուժած քաղաքացին։
Թափված քարերը վնասել են մի քանի ծառեր և ազնվամորու այգու մի հատվածը:

Արթուր Գալոյանը
«Հիմա հողային աշխատանքներ են, հնարավոր է՝ քար գլորվի, ոչ-ոք գարանտիա չի տալիս», – ասում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության տեղամասի պետ Արթուր Գալոյանը։
Տվյալ ճանապարհահատվածում շինաշխատանքներով պայմանավորված՝ բնակիչները նախազգուշացվում են հնարավոր քարաթափումների վտանգի վերաբերյալ, ասում է տեղամասի պետը: Աշխատանքները բարդ հատվածում են, խնդիրներն՝ անխուսափելի:
«Մենք մեր աշխատանքը կատարում ենք էս ձորը պետք ա լցվի, ընդհանուր հատվածը մեծանում է», – բացատրում է Գալոյանը։

Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման հիմնանորոգված ճանապարհի միայն Օձունի հանգույցն է շինարարւթյան փուլում: Բեռնատարի ուկրաինացի վարորդն էլ անհամբեր սպասում է գործի ավարտին․ տեղանքը բարդ է հատկապես 20-30 տոննա կշիռ ունեցող բեռնատարների համար:
Տեղացիների մի մասն ասում են, թե շինարարը գործին կպել է, լավ է աշխատում, մի մասի կարծքով էլ աշխատանքները դանդաղում են:
Օձունի հանգույցում ճանապարհը 7 մետրով իջնելու է, կառուցվելու է 14 մետր հենապատ: Եթե խնդիրներ չառաջանան, նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: