Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Սինքրոն
«Միանգամից մեկ էլ տենանք մի հատ պայթյուն, թոզ։ Շատ վախեցանք, հետո մեկ էլ նայեցինք, տեսանք պատը փլվեց։ Ասինք՝ երևի մեքենա պայթեց», – ասում է Հաղպատի բնակիչ Էթերի Բաբայանը։
Փլուզվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակներից մեկը։ Էթերի Բաբայանը, որ եկեղեցու տարածքում հուշանվերներ է վաճառում, փլուզման պահին այստեղ է եղել։

Էթերի Բաբայանը
«Երևի կլիներ 12-ի մոտերքը, թե էլի շուտ կլիներ։ ցերեկն ա էղել։ Մենք ընդեղ կանգնած, ասինք՝ էս ինչ դմփոց էր։ Վախեցինք շատ», – պատմում է տիկին Էթերին։
«Լավ էր, որ ոչ անց կենող կար, ոչ էլ՝ տրանսպորտ կար կանգնած։ Որ շատ են լինում, մինչև ընդեղ կանգնում են մեքենաները։ Լավ պրծանք», – ասում է ականատեսներից մեկը։
Զբոսավար Նունե Մնացականյանը հաճախ է զբոսաշրջիկների ուղեկցում դեպի Հաղպատավանք։ Փլուզված Աշտարակի ճեղքի մասին տեղյակ էր։ Որպեսզի բանը սրան չհասներ, ասում է, պետք է խնդիրը վաղուց լուծվեր:

Նունե Մնացականյանը
«Ինչպես ասաց մոմավաճառը, ամեն երկու օրը մեկ գալիս են և նկարահանում են։ Այսինքն, իրենք շատ պարզ տեսնում են, որ այստեղ կա փլուզման վտանգ, որովհետև բավականին հին է։ Եվ ինչպես ասաց մոմավաճառը, ինքն էլ մի քանի անգամ մատնանշել է, որ ճեղքը մեծանում է։ Եվ անձրևներից հետո ամբողջ ջուրը լցվում է։ Իհարկե, մի օր սա պետք է փլուզվեր։ Էդ դեպքում ի՞նչ է անում էստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն», – ասում է զբոսավարը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի պահպանության վարչությունը դեռ երկու տարի առաջ է խնդիրն արձանագրել։ Իսկ նախորդ տարի եկեղեցու հարավային պարիսպը և աշտարակները ամրակայելու նախագիծ կազմել։ Այս տարի հայտարարվելու էր նախագծի մրցույթ,այս մասին մեզ հեռախոսով տեղեկացրեց վարչության պետ Հարություն Վանյանը։

Հարություն Վանյանը
«Երբ որ հաղթող շինարարական կազմակերպությունն արդեն կլինի, հենց այս տարի նախատեսում ենք վերականգնել փլուզված աշտարակը և ամրակայել նաև պարսպի մնացած հատվածները», – ասում է ՀՀ ԿԳՄՍ պատմության և մշակույթի պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նախագծի իրականացման համար առաջիկա օրերին, ճիշտ է, մրցույթ է կայանալու, բայց դեռ հստակ չէ՝ այսքանով խնդիրը կլուծվի՞, թե ոչ։ Չի բացառվում, որ մրցույթին մասնակից չլինի։
«Մենք տարբեր հուշարձաններ ունենք, որ հաղթողներ ունենք, և կան նաև մրցույթներ, որոնց մասնակից չի եղել։ Պիտի սպասենք և տեսնենք, օրենքով սահմանված կարգը դա է», – նշում է վարչության պետը։

Հաղպատի վանական համալիրը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այստեղ խնդիրները աշտարակների ճեղքերով ու փլուզումներով չեն ավարտվում։ Եկեղեցու տանիքը ևս վատ վիճակում է։ Անձրևների ժամանակ ներսում կաթոցքներ են լինում, խնդիրը վերացնելու ուղղությամբ պատմության և մշակույթի պահպանության վարչությունում դեռ չեն մտածում։ Ասում են՝ համապատասխան գումարներ չկան։

«Դեռևս ամենահրատապ հարցը Հաղպատում տվյալ հատվածն է, որի աշխատանքներն այս տարի կիրականացվեն։ Հետագայում էլի մշտադիտարկումներով կհասկանանք՝ ինչքանով են հրատապ Հաղպատի այլ եկեղեցիների և այլ աշխատանքների անհրաժեշտությունը», – ասում է Հարություն Վանյանը։
Ինչ վերաբերում է փլուզված աշտարակին, ապա կառույցի քարերը հավաքվել են, տարածքը ժապավենով առանձնցվել։ Վերոնշյալ մրցույթին մասնակից լինելու դեպքում քարերը կվերաշարվեն։