Արցախի կարոտը հանգիստ չի տալիս 8-ամյա Իզաբելլային: Հայրենի Հաթերքին հրաժեշտը կոտրել է մանկական նուրբ սիրտը, անասելի հոգեկան ցավ պատճառել աղջկան, որ չի հասցրել հրաժեշտ տալ ընկերներին, ուսուցիչներին ու ամենակարևորն է՝ ծննդավայրին:

Իզաբելլան
«Գոնե իմ ուսումս իմ հայերնիքսումս պրծալ չեմ։ Ութ տարեկան պուճուր խոխա դուս եմ եկալ։ Հարցը էն ա, որ քո տան կարոտն ա, քո տոնդ հայրենիքն ա, որտեղ ծնվալ ես։ Ես միշտ երազում էի, որ հայրենիքումս կպրծնեմ դպրոցը, ուսումս կավարտեմ, իմ երազած գործերին կհասնեմ, բայց կյանքումս դա կատարվալ չի։ Հայաստանն էլ ա իմ հայրենիքը, բայց Հայաստանի ու Ղարաբաղի դրոշը նույնը չի, մի հայրենիքը, մի տունը նույնը չէ, հընգերդ նույնը չէ, դպրոցդ նույնը չէ, քո ամեն ինչը նույնը չէ», – արտասվելով ասում է Իզաբելլան։
Իզաբելլան չի հաշտվում նոր իրողության հետ։ Լոռի Բերդում՝ իր ավագ եղբոր հարկի տակ է ժամանակավոր ապաստանել ընտանիքը, բայց երեխան արդեն մի քանի օր ծանր ապրումները հաղթահարել չի կարողանում: Մայրն ասում է՝ Իզաբելլան յուրահատուկ երեխա է, խոսել սկսել է, երբ դեռ 6 ամսական էր, փոքր տարիքից զարմացրել է իր անզուսպ հայրենասիրությամբ ու հիմա, երբ հայրենազուրկ են, հանգիստ գտնել չի կարողանում,- պատմում է մայրը:

Շողիկ Գրիգորյանը
«Երբ դպրոցից բերեցին տուն հասցրին, դե գիտեր, որ պիտի փախնենք։ Հենց առաջին օրը սումկեն վերցրեց ու գրքերը։ Ուրիշ ոչ մի բան։ Հետ նայեց, աչքերը ջրով լցրած՝ դուրս եկավ, ինչ աներ», – պատմում է Իզաբելլայի մայրը՝ Շողիկ Գրիգորյանը։
Արցախին հրաժեշտի օրից մինչև հիմա երեխայի աչքերը չեն չորանում, սփոփանքի խոսքեր չի գտնում կրտսեր երեխայի համար 6 երեխաների մայր Շողիկը: Իզաբելլան զարմանալի երեխա է, ասում է, մեծացել է ինքնուրույն, սովորել գերազանց ու փայլել հասուն մարդու մտքերով: Երեխան ամեն ինչ հասկանում է, բայց չի հաշտվում անարդարության հետ: Այդ ինչպե՞ս է, որ պետք է թողնի հարենիքը, տունը ու իր գյուղում, իր հայրենիքում տեսնի օտարի ոտքն ու առհասարակ հազարավոր մարդկանց փախուստը։ Սա իր համար անհասականի է, անբնական:
«Թորքերը նկարում են, գցում, որ տեսնանք իրանց դրոշը, մեր խաչը մեր տատիկ-պապիկի վրա են դրոշ դնում։ Տեսալ եմ մեր դրոշները ոնց են վերածում, շկոլի դրոշն էլ ճղալ են։ Ես կյանքումս միշտ երազել եմ, որ մեր հայրենիքը հաղթե, արդար լինի, դուրս չգանք մեր Ղարաբաղա։ Ու ընդհանրապես զոհ չլինի՝ մի ախպեր կամ մի հարազատ մահացած չլինի», – արցունքների միջից ասում է փոքրիկ աղջնակը։
Ինը ամիս շարունակվող բլոկադան, հանապազօրյա հացի համար պայքարն ավարտվեց հայրենազրկմամբ։ Ու այս ամենը քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, ասում է Շողիկը: Արցախը լքել են տրակտորով, գաղթի ճանապարհը բռնելուց առաջ հասցրել են մի քանի շոր վերցնել ու ընտանեկան ալբոմը՝ հիշողությունները վառ պահելու համար:
«Տղես հետ էր նայում իրա ավտոյին, ասի՝ ավտոն քո կյանքը չի, թող, ինձ դու ես պետք։ Ավտոյի դռները փակեց, թղթերը վերցրեց ու դուրս եկավ։ Ինչ արած։ Մի կանեստր բենզինը 100 հազար էր, ես ինչքան տայի, որ կարենայի հասնել Երևան։ Ումից էլ ուզես, ասում ա՝ չկա։ Գյուղապետին զանգեց, ասեց չկա», – պատմում է բազմազավակ կինը։

Տիկին Շողիկը 54 տարեկան է, 4 պատերազմ է տեսել, արդեն երկրորդ անգամ տուն կորցրել: 92-ին առաջնեկին է ունեցել, երեխային թաքստոցներում մեծացրել, նույն ճակատագիրը կրկնել են նաև իր աղջիկները: Վեց զավակներից 3-ն ամուսնացած են, երեխաներ ունեն, բայց խաղաղ ապրելու կարոտ են:
«Որ հետ էիր նայում, ժողովրդին տեսնում, էդ կալոնաները, սիրտդ ուզում էր պայթի։ Ո՞նց կարաս ասես՝ 21-րդ դար։ Նույն ցեղասպանությունը։ Եթե չկարողանար ժողովուրդը դուրս գար, ցեղասպանություն էր կատարվելու», – ասում է Շողիկ Գրիգորյանը։
Ամենից դժվարը եղել է հարազատների շիրմաքարերը թողնելը, տան դռները բաց, անասուններին ու բակի շանը սոված թողել, դուրս են եկել՝ վերադարձի հույսով, բայց․․․ Տիկին Շողիկի ցավը հիմա նաև կրտեսր դստեր առողջությունն է։ Հոգեկան ծանր ապրումները ազդել են երեխայի առողջության վրա, արդեն մի քանի օր է՝ ջերմում է, իսկ մայրն անզորությունից չգիտի անելիքը: Թերևս միայն երբեմն փորձում է ժպտալ՝ սպասելով Իզաբելլայի ժպիտին: Իսկ ժամանակավոր հարկի տակ երեկոները լցվում են Իզաբելլայի դողացող ձայնի ելևէջներով, որ ավելի են սաստկացնում կարոտի ցավը: