Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
«Ասում ա՝ ո՞նց ես ապրում, պատասխանում ա՝ ոնց որ Լենինն ա ապրում։ Լենինն էլ ա ընդի վեր դրած, երևում ա, բայց դե մեռած ա։ մենք էլ ենք նրա պես ապրում, շնչում ենք էլի յա բախտի։ Ես 1938 թիվ եմ, հունվարի 1-ի ծնված, 86-ի մեջ եմ քայլում արդեն։ Սա էլ՝ մեր տիկինը, 47 թիվ ա։ Էս գյուղում ծնվել ենք, էս գյուղում մեծացել, ըստի էլ ապրում ենք ու թե հաջողութին կունենանք, կգա ժամանակ, որ հարամութին չի մտնի մեր տարածքը, մեր հողին կարժանանանք։ Կարող ա պատահի մեր հողին էլ չենք արժանանում, դա դեռ քիչ բան ա, ոնց որ իմ հերն ու իրա պես շատերը գնացին ռսի հողումը կորան՝ առանց գերեզմանի, առանց անուն թողալու», – ասում է Բենիամին Անտոնյանը։
Բենիամին և Վարդուշ ամուսինները Բարեկամավան գյուղից են։ Գյուղը սահմանակից է Ադրբեջանին, հակառակորդն ընդամենը 2 կիլոմետր է հեռու։ Անտոնյան ամուսինների զավակները վաղուց դուրս են եկել գյուղից՝ ապրուստի միջոց չունենալու պատճառով։

Սահմանապահ բարեկամավանցին՝ Բենիամին Անտոնյանը, խոսում է գյուղի՝ այսպես ասած տխուր կյանքի ու ընդհանրապես Հայաստանի խնդիրների մասին։ Տարեց մարդը զայրույթը թաքցնել արդեն չի կարողանում։ Ասում է՝ հույսը կտրել է, թե Հայաստանի համար մի լավ օր է բացվելու։
«Չորս հազար տարի հողի վրա բնակչություն ունինք, որից էրկու հազարը մենք շնչում ենք։ Մեր թվարկությունից առաջ էլ ու մինչև էսօր մեզ ծեծում են։ Պատմությունն առ էսօր գիտեմ, թե մեր գլխին ինչ են դրել, մեզ հետ ոնց են վերաբերվել։ Այ էս ներքի մոդիկ գյուղերը, 3 հատ գյուղ կա Ադրբեջանի, դրանց բնակչությունը մեր ռայոնի բնակչությունից շատ ա», – նեղսրտելով ասում է Բարեկամավանի բնակիչը։
Սահմանամերձ գյուղում մարդիկ լավ ապրել են միայն մինչև խորհրդային տարիները, հավելում է մեր զրուցակիցը։

«Լավ կողմը որդիան ասեմ, ունի՞նք, որ ասեմ։ Ունեցել ենք, 1972 թվի մարդահամարով մեր գեղը 1400 բնակիչ ուներ, մի փոքրիկ դպրոցում 350 աշակերտ ունեինք, հիմի 12 էրեխա են դպրոց գնում։ Սա արդեն լուծարքի ա ենթարկվել, էլ չկա էլի, ոնց որ տունն ավլում ես, տակին էլ բան չի մնում, մենք մաքրված ենք։ Մենք մեր գյուղումը լավ բան որդիան պետք ա տեհած լինենք․ հերս ֆրոնտ ա գնացել, երբ 2 տարեկան եմ էղել, մեծացել եմ անծնող՝ առանց փայփայելու, առանց գուրգուրելու, գրպանից մի հատ բան հանող, տվող չեմ ունեցել», – պատմում է Բենիամին Անտոնյանը։
Երկուսուկես հեկտար հող ունեն, բայց չեն մշակում․ այն սահմանին է՝ ականապատված։ Գյուղացին գյուղում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել չի կարողանում։ Հենց սա է պատճառը, որ գյուղն աղքատանում է, մարդիկ էլ՝ հուսալքված հեռանում։
«Իրիկունը քնում ենք, ասում ենք՝ էսա պատուհանովը տուն կմտնուն, դռնովը տուն կմտնուն, կկրակեն։ Ինչքան ուզում ա՝ լավ ուտեմ, խմեմ, դա ինչի՞ս ա պետք։ Մեր վախն ա, որ մեզ ամեն բանից էլ գցում ա», – նշում է գյուղացին։
Բենիամին Անտոնյանի թվարկած խնդիրներն անվերջանալի են։ Ասում է՝ այդ բոլորից կտրվում է միայն, երբ գիրք է կարդում։ Գրքեր շատ ունի, որոնցում զետեղված են հայոց հին ու նոր պատմության էջերը։
«Մինչև հիմա առանց ակնոցի էի, բայց հիմա ակնոցով եմ կարդում։ Լրիվ հայկական գրքեր են, հայ ժողովրդի ժողովրդի ջարդը, կոտորածը, ինչ զորավար, ինչ թագավոր ենք ունեցել, ինչ անպետք մարդիկ ենք ունեցել, որ դավաճանել են։ Լրիվ ըստի ա», – ասում է բարեկամավանցի Բենիամին Անտոնյանը

Հող մշակում են միայն տնամերձում։ Մրգատու փոքր այգի ունեն, համեստ բանջարանոց։
«Լոբի, մի էրկու թուփ կարտոշկա ենք ցանել։ Հողամասեր շատ ունենք, բայց արդեն ի վիճակի չենք, մեծացել ենք։ Հազիվ մեր դռներին ստից-մտից հետևում ենք», – ասում է Բենիամին Անտոնյանի կինը՝ տիկին Վարդուշը։
Իսկ երեկոյան ամուսինները միասին նստում և օրվա անցուդարձն են քննարկում, մտածում գյուղի ապագայի մասին։