Տարվա այս եղանակին Դեբեդի հովտի այգիներից գյուղացու բացակայելու առիթը միայն բերքը շուկա հասցնելն է: Պտուղը մեկը մյուսի հետևից հասնունանում է՝ շունչ քաշելու ժամանակ չտալով այգեգործներին: Արճիսեցի Բենիամինը շուկա է հասել ուշացումով, փոխարենը՝ ճյուղից նոր պոկված պտղով: Նախ օրվա գները կճշտի, հետո՝ մեծածախի գնորդի կսպասի։ Ասում է՝ երկար կանգնելու ժամանակ չունի:

Բենիամին Մանյանը
«Տատիկ, հլա ասա, դեղձի գինն ի՞նչ ա։ Ասում ա՝ 300։ դե ինքը դեղձ ունի, ինքն ա ասում։ Սա էլ դեղձի մի ուրիշ տեսակն ա՝ պճղովի, սա էլ 300, բայց ավելի թանկ են ասում ճիշտն ասած», – ասում է Բենիամին Մանյանը։
Արճիսի ժամանակավոր շուկայում վաճառական գյուղացիները հաշտ ու համերաշխ են այնքան, որ եթե գնորդը մեկին գին է հարցնում ու գնում չի կատարում, հաջորդ վաճառողն այնպիսի բարձր գին է ասում, որ գնորդը վերադառնա նրա մոտ, ում առաջինն է գին հարցրել։ Հիմա համբերատար սպասում են Թբիլիսի-Երևան գծով երթևեկող ուղևորներին, որ հոն, դեղձ ու թուզ վաճառեն: Գներն այս տարի ցածր են, գյուղացիները՝ դժգոհ:

«Անցյալ տարի ու դրանից առաջ լավ էր։ Անցյալ տարի 500-ով ֆոն ենք ծախել, 400-ով՝ թուզ։ Էս տարի 150-ով խնդրեինք, չտարան։ Տարել եմ երեկ կես բոչկա թուզ եմ լցրել, որ արաղ էղնի։ Էդ էլ արաղ առնո՞ղն ով է», – նեղսրտելով ասում է վաճառական կանանցից մեկը։
Գնորդ՝ որքան ասես, գործընկերհուն հակադարձում է բացառապես օղու վաճառքով զբաղվող Մաքսիմը: Ներսիսյանները, որ Արճիսում հայտնի օղեգործներ են, մառանները թեթևացնել չեն ափսոսում:

Մաքսիմ Ներսիսյանը
«Մենք շատ շուտվանից ենք օղու գործով զբաղվում, դեռ կոմունիստների վախտվանից։ Հլա որ մեր պադվալները գնաս, նայես 70-ականներից էլ օղի կա, չգիտեմ ինչի, բայց սիրում ենք էս գործը։ Առաջին հերթին հարցնում են՝ պեսոկ լցնում ե՞ս, թե չէ։ Ես ասում եմ, որ եթե պեսոկ լցնեմ, առևտուր չեմ կարա անեմ։ Իմ ապրանքը նորմալ, որակով ապրանք ա», – ասում է Մաքսիմ Ներսիսյանը։
Լոռու և Տավուշի սահմանաբաժան գյուղում կարկուտ, բարեբախտաբար, չի եկել, բայց միևնույնն է՝ գյուղատնտեսական տարին անհաջող էր,- ասում են: Ամռան սկզբի տևական անձրևներից բերքի մեծ մասը փտել է:
«Երեկ թուզ եմ քաղել, երկու օրվա անձրևը թզի կեսը փչացրել է։ Գինն էլ չի էն գինը։ Տեղ չկա, որ տանես, հանձնես։ Անհատ ա, նա էլ ոնց ուզում, իրա գինը դնում ա, գյուղացու ապրանքն էլ չի գնում», – ասում է Ռուսլան Մնացականյանը։

Ռուսլան Մնացականյանը
Դեղձի եղած այգիները վերացնելու մտադրությամբ Ռուսլանը նոր ծառեր է պատվաստում։ Դեղձի մշակությունը բարդ է, ծախսատար, իսկ գինը՝ մատչելի:
«Էս ծառը տարեկան չորս անգամ փչում եմ, հլա 5 անգամ կիր ու ժանգառ եմ տալիս, դրանից հետո 3-4 անգամ էլ թունաքիմիկատ եմ տալիս։ Ամեն մի փչելը ինձ վրա 5-6 հազարից մինչև տասը հազարի գումար ա նստում։ Բայց իմ իրացրած ապրանքի ու բուժանյութի արժեքը չեն համապատասխանում», – ասում է Ռուսլանը։

Վաղ առավոտից այգիներում հոգնել հասցրած գյուղացիները կեսօրի կիզիչ արևի տակ շարունակում են գնորդի սպասել: Չարչարանքից դժգոհ չեն, միայն թե արդյունք լիներ:
«Երեկ 150-ով թուզ եմ տվել, բայց մի հատ հացը 200 դրամով ենք առնում։ Էսօր ուրիշի ապրանքը դրած, 12,900-ի ծախեցի, մի տուն լիքը քյորփա էրեխեք են, դրանով ոնց պետք ա ապրեն։ Կամ մենք, 8 հոգի ենք, շատ-շատ հազար դրամի ծախեմ։ Խնութ որ մտնես, հազար դրամի ի՞նչ կառնես։ Ոչ մի բան», – ասում է վաճառական կինը։
Մշակությունը՝ բուժանյութերը, ոռոգման ջուրը, թանկ են, իսկ գները՝ էժան, շարունակում է դժգոհել արճիսեցի տիկինը:

«Ջուր ունինք՝ թանկ ու կրակ։ Մի դաշտը ջրելուն 27-30 հազար դրամ ջրելու փող են տալիս մարդիկ։ Հենայ՝ ջրվարն էլ կողքիս կանգնած, ասա՛, ինչքան փող կուտան։ Տալ չտիմ, նրա հմար, որ իմ բաղը չորացել ա», – ասում է։
ՋՕ-ի աշխատակից-գյուղացի բախումը շուտ է ավարտվում, քանի որ «մեղավորներն» իրենց շարքերում չեն։ Ասում են՝ կառավարությունն ու գյուղոլորտի՝ հարկատուների գրպանից վարձատրվող պաշտոնյաները պետք է մտածեն հարկատու- արտադրողի, հասարակ գյուղացու մասին ու ոոռգման ջրի, բուժանյութերի, վառելիքի շուկան վերահսկեն։ Հակառակ դեպքում առանց այդ էլ հիասթափության եզրին կանգնած գյուղացին մի օր դժգոհում է ամեն ինչից ու բռնում արտագաղթի ճամփան, ասում են մեր զրուցակիցները: