Հեղ․՝ Մանանա Վարոսյան
Օպ․՝ Գևորգ Քոչինյան
Մաքուր միջավայր, առողջ ապրելակերպ․ Սանահին Սարահարթ թաղամասի առաջին զանգվածի 7-րդ շենքի բնակիչները հենց այս կարգախոսով նախաձեռնել են շենքի և բակի բարեկարգման աշխատանքները:
«Սիրուն ա, մաքուր ա, ամեն ինչով էլ հաճույք ա։ Իրիգները զբաղվում ենք, ցերեկը պարապ վախտը զբաղվում ենք, չենք ձանձրանում, էրեխեքն են խաղում, ուրախանում, ուրիշ շենքերից էնքան էրեխա ա գալիս, ստեղ խաղ անում», – ասում է շենքի բնակիչներից մեկը։

Ռիմա Ծատինյանը
«Համենայնդեպս հաճելի է, երբ տեսնում ենք թաղամասը վերանորոգված, մաքուր վիճակում։ Թող օրինակ լինի բոլոր շենքերի համար», – ասում է 7-րդ շենքի բնակիչ Ռիմա Ծատինյանը։
Գեղեցիկ միջավայրը նաև բարձր տրամադրություն է ապահովում, ասում են բնակիչները և կոչ անում բոլորին միանալ այս նախաձեռնությանը, ինչու չէ՝ նաև օրինակ են ծառայում հարակից շենքերի բնակիչների համար:
«Մաքուր միջավայր, առողջ կյանք, հանգիստ ծերություն։ Մենք արդեն էդ հասակին ենք։ Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում։ Կհիշեն, կասեն՝ մեր պապերն էս ծառերը տնկել են։ Երեք տարեկան ծառեր են», – ասում է շենքի մի բնակիչ։
Նախաձեռնությունը բնակիչներինն է եղել, օգնության ձեռք է մեկնել նաև թիվ 2 ԲՇՏ-ի անձնակազմը:

Սամվել Աբելյանը
«Ցանկացած շենքում, ես կարող եմ բացեբաց ասել, նման աշխատանք սկսելու դեպքում ճիշտ ա, մենք համասեփականատեր չենք, բայց ԲՇՏ-ն, իրա մասնակցության աստիճանով, անպայման և՛ կօգնի, և՛ կկազմակերպի։ Պիտի ընդամենը նախաձեռնեն շենքում ու մեզ մասնակից դարձնեն։ Թեկուզ մենակ տեղյակ պահեն, մենք էլ մեր հնարավորության սահմաններում իրանց կօգնենք», – ասում է Ալավերդու թիվ 2 բնակշահագործման տեղամասի պետ Սամվել Աբելյանը։
Շենքի մուտքից սկսած կատարվել են մաքրման, զոդման, հենապատի կառուցման, ծաղկանոցի բարեկարգման, ծառերի տնկման, փոսալցման աշխատաքներ։ Եվ ամենակարևոր աշխատանքը, որ կատարվել է, վերականգնվել է զրուցարան-տաղավարը։

«Յուրաքանչյուր անձս երեք հազար դրամ ենք դրել, հետո էլի մարդիկ կան՝ ավելացրել են, ըստ իրանց միջոցների», – ասում է մաքրության աշխատանքներին մասնակից բնակիչներից մեկը։
«Բարեկարգման աշխատանքները գրեթե 100 տոկոսով կատարվել են, ընդամենը մի քանի քար ա մնում ըտեղ, նաև ինը հարկանին ա մասնակցել էս ամեն ինչին», – նշում է բնակշահագործման տեղամասի պետը։

Աշխատաքներին իրենց ակտիվ մասնակցություն են բերել նաև շենքի փոքրիկ բնակիչները։
Ամեն ինչ լավ է, մնում է բակի գիշերային լուսավորության և շքամուտքերի վերանորոգման հարցը լուծվի։ Դա արդեն իրենց ուժերից վեր է, ասում են և վստահեցնում՝եթե այդ խնդիրն էլ լուծվի, մատով ցույց տվովի շենք կունենան: