Անտառների մեջ թաքնված Անտառամուտում սերը չեն թաքցնում։ Ոչ թե նրա համար, որ շուրջբոլորն անտառ է, և ոչ էլ նրա համար, որ մուտը կարող է և մութ հասկացվել, այլ հակառակը։ Արդեն վաթսուն տարի ձգվող անհավանական սիրո պատմությունն է թանձրացել այստեղ մեր հերոսների կյանքի մայրամուտին:
«Էս նկարն իրա ծոցից չէր հանում, մինչև մենձացավ, արդեն հիասթափվեց ինձանից, ծոցիցը հանեց․․․ հիշատակ Վարդգեսին՝ իր Արաքսուց։ Երեքը մարտի, 1964 թիվ»։

Քոչարյանների լուսավոր տան բոլոր անկյուններում սիրահար զույգի լուսանկարներն են՝ տպագրված անգամ թեյի բաժակներին, որոնք ամուսինների ջերմ երեկոներն է՛լ ավելի են ջերմացնում:
«Խոսակցություններուս էլ ա հատել, աղջիկ ջան։ Երբ սկեսուր-սկեսրայրս նստում էին, ասում էի՝ ա՛յ պապ, դե զրից արեք էլի, ասում էր՝ ա՛յ բալա, զրիցներուս էլ ա հատել։ Հըմի զգում ենք, որ մեր զրուցն էլ ա հատել», – ասում է Արաքսյա տատը։
Խանդոտ Վարդգեսի ու գեղեցկուհի Արաքսյայի սիրո պատմությունը մոտ վեց տասնամյակ առաջ սկսվեց, երբ անտառամուտցի տղան Դսեղում ՝մի տան բակում, տեսավ իր կյանքի հեքիաթի գեղեցկուհի աղջկան ու հասկացավ՝ ահա ողջ կյանքի սերը:

«Պիվա-միվա խմեցինք, ասինք դպրոցից դուս գա, որ տենանք։ Էն էլ ճամփին կորցրինք, գնացինք տուն, տեսա՝ փետ ա ջարդում դռանը։ Ասի՝ հաաա, սա լավն ա ուրեմն։ Մտանք տուն, բայց ուզելու խոսք-մոսք չելավ։ Էնա հորքուրիս մարդը սաբաբ էլավ, հերս ու մոքրիս մարդը գնացին աղջիկ տենող։ Նրանք էլ էին հավանել, եկան, ասին՝ ֆսյո, պատրաստ ա աղջկը», – պատմում է Վարդգես Սուքիասյանը։

«Մի քիչ էլ լավ չի ասելը, բայց 8-րդ դասարան էի, առաջին անգամ ինձ Շուլավերից էկան ուզող։ Դու մի ասա սաղ գյուղացիք ճամփա պահելիս են էլել, որ առաջինը իրանք չլեն էլի, շատ սիրուն աղջիկ էի, տեղը տեղին, կուկլա-կուկլա։ Էդ մարդկանց հերս ասավ՝ չէ, չեմ կարա տամ, շատ կներեք, քնում ա, քամակը բաց ա թողում, 15 տարեկան լակոտն ինչ ա, որ ես սրան մարդի տամ։ Դրանից հետո սաղ գեղն էկավ ինձ ուզելու, սրանք էկան, հերս էլ կարաց ոչ «չէ» ասի։ Մի քիչ էլ, որ ծանոթ էին, էլ չկարաց, ու փոշման չեմ, աղջիկ ջան», – հիշում է տիկին Արաքսյան։
60 տարվա սիրո արդյունքը 3 զավակներն են, 8 թոռներն ու ծոռները: Անհավանական սերը դիմադրեց ու հաղթեց նաև դարի հիվանդությանը։ Կողք կողքի ամիսներ շարունակ կորոնովիրուսով վարակված ամուսինները կռիվ են տվել մահվան դեմ ու հաղթել՝ ծիծաղով, սիրով ու նվիրվածությամբ:
Ընտանեկան հաստափոր ալբոմների մեջ գեղեցկուհի Արաքսյայի սիրելի լուսանկարը դարձել է ամուսինների՝թերևս առաջին ու վերջին վեճի առարկան, բայց էլի հաղթել է սերը:

Ամուսնական 60 տարիների ընթացքում Վարդգեսին ու Արաքսյային ոչինչ չի բաժանել, անգամ Վարդգեսի՝ Ռուսաստանում աշխատանքի տարիները։ Էլի միասին էին: Մեխանիզատոր Վարդգեսին բաժին է հասել լավ կին ու լավ մասնագետ, ավտոշարժիչներից է լավ գլուխ հանում Արաքսյան, մեքենաշինականի լավագույն աշխատակիցներից, որ խոհանոցում էլ փայլում է:
«Եթե ես ճրագը ձեռիս ման գայի, իրա նման չէի գտնի։ Բախտ էր, ընգավ ինձ։ Ես էլ բախտ էի՝ ընգա իրան։ Պակաս չենք էլի, մենակ սիրտներս առոջղ ըլի», – ասում է Արաքսյա Քոչարյանը։

Սիրառատ ընտանիքում անպակաս են հոգատարությունը, հումորն ու ծիծաղը: Մոռացկոտ տատին դեղեր խմելու ժամերն է պարտաճանաչ հիշեցնում պապը ու մեկ էլ չի թողնում, որ քաղցրամանից պակասեն տատի սիրելի կոնֆետները, տատն էլ՝ քիչ բան չի անում:
Հենց հումորն է օգնում ամուսիններին՝ կարճ ու դժվար կյանքն ապրել ուրախ ու ժպիտով, այդպես նաև ժպտալու առիթ տալով զավակներին ու թոռներին: Անտառամուտի այս փոքր, բայց մեծ սիրով լցված տան դռները բաց պահելու կարևոր առաքելություն ունեն տարեց զույգերը։ Առայժմ իրենք առաքելությունը լավ կատարել, հայրական օջախի դռները լայն բացված են, մայրական անուշ ձայնի ելևէջներն էլ հեռուներ հասնելով՝ կարոտ են փարատում։ Իրենք այստեղ են ժայռ- քարափի վրա նստած արծվի պես հսկում հայրենի եզերքն ու տունը, այստեղ բերող ճանապարհները։