Նորամուտի վերջին մոհիկանն է Անիչկա Պողոսյանը, որի մասին խոստացել էինք պատմել։

«Մունք էկել ենք Խանլարի Գետաշեն գյուղից։ Դրուստը էկել են ընդեղ քեփ արել։ Մենք էլ էկել ենք ավարա տեղ, ո՛չ մաշին կա, ոչ տրաս կա», – նեղսրտում է Անիչկա տատը։

Ձմռանը Մեղվահովիտ գյուղի Նորամուտ բնակատեղիում միայն Անիչկա տատի տան լույսն է վառվելու։ Դատարկվող բնակավայրը վաղուց է տեղացիների մեծ մասի համար որպես ամառանոց ծառայում։ Եվ այս տարի բոլորը, բացի տատից, կլքեն գյուղը։

Գյուղը վերաբնակեցվել է 1989 թվականին Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած փախստականների, շրջակա գյուղերի և Ջավախքի վերաբնակիչների կողմից։ Անիչկա Պողոսյանը 90-ական թվականներին է Նորամուտ եկել։ Տատն ինչպես իր տարիքը չհիշեց, այնպես էլ այստեղ գալու թվականը։ Մի բան, սակայն, լավ է հիշում․ երբ նոր էին Նորամուտ եկել, այստեղ գյուղական կյանքը եռում էր։ Դատարկ տուն չկար։ Մարդիկ շատ անասուններ էին պահում և  չէին մտածում, թե ինչպես իրացնեն արտադրած գյուղմթերքը։ Բայց հիմա բոլորը լքում են ալպիան մարգագետիններով հարուստ, արևոտ ու գեղատեսիլ այս բնակատեղին։  

«Շատ մարդ ըլել ա, լավ գումար ա դզել ըստեղ, յեդո քյացել են», – ասում է տատը։

Անիչկա տատը մեկ զավակ ունի, բայց գյուղական գրեթե բոլոր գործերն ինքն է անում․ որդին առողջական շատ խնդիրներ ունի։

Նորամուտը պահող տարեց կինը դժվարությամբ է ապրուստ ստեղծում։ Ասաց՝ տուն չի հրավիրում, որովհետև հյուր ընդունելու համար ո՛չ բավարար պայմաններ, ո՛չ էլ հյուրասիրելու բան ունի։

Ձմռանն էլ թեպետ գործերը քչանում, բայց տատի հոգսերն են շատանում։ Տունը տաքացնելը դժվար է։

Գետաշենում այսպես չեն ապրել։ Աշխատանք ու լավ տուն են ունեցել։ Իր կորցրած ծննդավայրն Անիչկա տատը շատ է կարոտում։

«Գետաշենում կարտոշկա, լոբի էինք ցանում, անտառից ցախ բերում, փայտ բերում։ Ընդեղ հիվանդանոցում աշխատել եմ, ապրել ենք։ Ընդեղ ապրուստը թորքը վեր ա կալել», – ասում է տատը։

Նորամուտի ամենահավատարիմ ու հավանաբար նաև ամենահամառ  բնակիչն է  Անիչկա Պողոսյանը։ Նրան գյուղում միայնակ մնալու հանգամանքն էլ չի վախեցնում ու չի կոտրում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.