Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
«Իմ մասնագիտությունը, կարի ֆաբրիկայում մեխանիկ եմ ես, քսան տարի աշխատել եմ։ Աշակերտ եմ էլել, սովորել եմ, գնացել Կիրովական, քննություն տվել, մինչև 6-րդ կարգ արդեն վարպետ էի։ Բայց դե, որ սովետը փուլ էկավ, մենք էլ հետը փուլ էկանք, գործերը հատավ։ Շատ լավ էր, ժամով գնեինք, ժամով գեինք, կնիկս էլ էր հետս աշխատում, նա կարող բանվորուհի էր, ես էլ մեխանիկ էի։ Լավ փող էինք առնում, լավ ապրում էինք», – պատմում է Վարդաբլուրի բնակիչ Էդուարդ Թումանյանը։
Հանճարեղ գիտնական Ալբերտ Այնշթայնն ասել է. «Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա»։ Էդուարդ Թումանյանը 23 տարի է՝ կոշկակարությամբ է զբաղվում, իր գործի վարպետն է։ Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի ու հարակից գյուղերի բնակիչներն իրենց կոշիկների նորոգումը նրան են վստահում։ Նա տարածաշրջանի միակ կոշկակարն է։

Էդուարդ Թումանյանը
«Հոբարձին չունի, Գյուլագարակը չունի, Կուրթանը չունի, մենակ ես եմ։ Բայց դե էլի գործ չի ըլում։ Ժողովուրդը կոպեկ չունի էլի», – ասում է վարպետը։
Մեր օրերում լավ կոշկակար գտնելը դժվար է, ասում է վարպետ Էդուարդ Թումանյանը, որովհետև կոշկակարի գործը գնալով մոռացվող արհեստ է դառնում․ մարդիկ ոչ թե հինը նորոգում, այլ նոր կոշիկ են գնում։ Այդ է պատճառը, որ վարպետն օրերով ձեռքին գործ չի ունենում։ Հատկապես ամռանը արհեստանոցի դուռը բացող չկա։ Ի դեպ, այս գործում էլ վճարման եղանակը ապառիկն է։ Հազվադեպ է լինում, որ հաճախոդրն անմիջապես վճարում է գումարը։
«Մի շաբաթ նստում եմ, մենակ նարդի ենք խաղում։ Շաբաթ էլ լինում ա, 7-8 հատ ըլում ա։ Լատարեի նման բան ա էլի, աղջիկ ջան, եսիմ։ Էսօր մի գործ ա էլել, էրեկ հեչ չի էլել։ Կարող ա էգուց մի իրեք հատ ըլի։ Ամառվա սեզոնին վաբշե չի ըլում, ժողովուրդը չստով-մստով, կոշկով ման են գալի, բայց, որ անձրև, ձին ա ըլում, ժողովուրդը տխրում են, մենակ ես եմ ուրխանում, ասում եմ՝ էսա գործ կգա», – նշում է Էդուարդ Թումանյանը։
Լինում են նաև դեպքեր, երբ հույսը կորցնում և ապառիկի տետրում նշված շատ անուններ իր կամքով ջնջում է․ գիտի՝ մարդիկ գրպանում փող չունեն։

«Մի տարի չկա, ինչ էս տետրը դրել եմ, որ տենում եմ արդեն շատ յեդացավ պարտքը, չեն տալիս, ջնջում եմ, ասում եմ՝ ուրեմն չունի էդ մարդը, նրան ինչ խեղդես, որ ունենար, կտար էլի։ Գալիս են անց կենալիս, մինչև բարև են տալիս գլուխներուն կախ, ես եմ նրանց տեղը ամաչում, ասում եմ՝ մարդը ունենա, կտա էլի, ուրեմն չունի։ Գալիս եմ ջնջում, իրան էլ բան չեմ ասում։ Մի 10-15 հոգու տենց ջնջել եմ», – ասում է վարպետ Էդուարդը։
Էդուարդ Թումանայանն այս մասնագիտությամբ մեկ տարի էլ Ռուսաստանի դաշնությունում է աշխատել։ Ասում է՝ այնտեղ գործը լավ էր, բայց մնալ չի կարողացել։
«Վոլգոգրադում աղջիկ ունեմ, ընդեղ գնացի, աշխատեցի մի տարի։ Շատ լավն էր ամեն ինչը, ուղղակի թոռներիս կարոտում էի, դրա խաթեր թողի, էկա։ Լավն էր ընդի։ Շատ ցեպ էի փոխում սապոգների։ Եթե մենակ սրա ումուդին ըլի, սոված կմնանք։ Դե տանը կով ա, հավ ա, ճիվ ա։ Տենց էլի, էրեխեքն են աշխատում, մենակ ինձանով հույս չի ըլի։ Հիմի նոր թոշակի եմ ընկել 65-ից, որ մի քիչ հեշտացել ա գործս։ Ընդով մլորվեի, մնեի, որ գազի, լույսի հախերը ոնց տեմ տալ, հիմի էն ա՝ փառք Աստծո, էլ դրա համար չեմ մտածում։ Թոշակը ստանում եմ ու տանում էդ մուծում, պրծնում։ Մնացածը, որ քիչ սոված էլ մնանք, ջհանդամ, մենակ էդ պետական փողերը մուծվի, սիրտդ արխեին ա ըլում էլի։ Կար ժամանակ, որ էնքան նստում, կարում էի, մեջքս ցավում էր։ Հիմի էդ ժամանակներին երանի եմ տալի, ասում եմ՝ տենաս օր կլինի՞, որ էնքան նստած կարեմ, մեջքս ցավի», – անկեղծանում է կոշկակար Էդուարդ Թումանյանը։

Կոշկակարի մասնագիտությունը դժվար չէ, բայց կոկիկ աշխատելն է դժվար, ասում է։ Գործի ժամանակ ձեռքերը հաճախ է վնասում, բայց գործը երբեք կիսատ չի թողնում։ Այնպես է անում, որ մարդիկ գոհ մնան։
Իսկ օրվա ավարտին 66-ամյա կոշկակարը համագյուղացիների հետ թուղթ կամ նարդի է խաղում, քննարկում Վարդաբլուրի, երկրի ու աշխարհի անցուդարձը։