Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան
Ալավերդու քաղաքային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի․ Ալլա Ավետիսյանն է։ Նա ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, ապա աշխատել Վանաձորի համայնքային «Բոհեմ» կամերային թատրոնում՝ որպես դերասան։
«Ալավերդիում ես այլ գործունեություն եմ ծավալում, ունեմ իմ փոքրիկ հոբբին, բայց այս աշխատանքի հետ կապված արդեն ստիպված մնում եմ Ալավերդիում, որպեսզի կարողանամ նաև այս աշխատանքը գլուխ բերել», – ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Ալլա Ավետիսյանը
Նոր ղեկավար, նոր ձեռագիր․ այստեղ աշխատանքի անցնելու սկզբնական շրջանը միմյանց ճանաչելն ու ստեղծագործական մոտեցումներին ծանոթանալն է եղել։ Այդ փուլն անցյալում է, ասում է Ալլան։
«Հիմա փորձում ենք պարզապես մեր գործից հաճույք ստանալ, անել մի բան, որը մեզ դուր ա գալիս։ Մեր աշխատանքի մեջ բնականաբար հանդիսատեսի համար կարևորը վերջնարդյունքն է, բայց դերասանի և ռեժիսորի համար ամենահաճելի պահը հենց փորձն է, հենց պրոցեսն է, հենց ընթացքն է, որովհետև հենց էդ ժամանակ ես դու աշխատում, ինչ-որ միտք ա գալիս, ինչ-որ բան ես փորձում, որից դու ինքդ հաճույք ես ստանում», – մանրամասնում է Ալլա Ավետիսյանը։
Հիմա քաղաքային թատրոնն ալավերդցի հանդիսատեսի համար նոր ներկայացում է պատրաստում։ Թատրոնում նոր դերասան էլ կա․ Վանաձորից է եկել։ Աննա Կարապետյանը գոհ է նոր կոլեկտիվի ընդունելությունից։ Միջավայարը շատ ջերմ է նրա համար։

Աննա Կարապետյանը
«Նոր կոլեկտիվի հետ բավականին լավ հարաբերություններ ենք արդեն ստեղծել, միասին աշխատում ենք և ուզում ենք ավելի գեղեցիկ ներկայացումներ ունենալ», – նշում է դերասանուհին։
«Բավականին լավ ստացված ներկայացումներ ունեցել ենք, մարդկային սրտերին հասնող։ Ու դրանից հետո միանգամից անցել ենք, որը մեզ շատ անհրաժեշտ էր, կոմեդիայի», – ասում է Ալավերդու թատրոնի դերասան Տիգրան Զարգարյանը։
Ալավերդու քաղային թատրոնը ղեկավարել է Հրաչյա Պապինանը՝ շուրջ 30 տարի։ Թե ո՞րն է թատրոնից հեռանալու նրա պատճառը, երկարամյա ռեժիսորը այսպես է պատասխանում։

Հրաչյա Պապինյանը
«Անցյալ տարվա ընտրությունների հետ կապված թատրոնում անախորժ մթնոլորտ ստեղծվեց։ Բացառությամբ մի քանի հոգու, պարզապես անազնիվ պահեցին իրենց, իսկ որոշները նույնիսկ սրիկայաբար իրենց դրսևորեցին։ Մարդիկ, որոնց հետ 40 տարվա ճանապարհ ես անցել, տեսել դառնություններ ու դժվարություններ, հանկարծ սկսում են իրենց պահել շատ տգեղ։ Ես հասկացա, որ չեմ կարող աշխատել այդ կոլեկտիվում, որի հետ 40 տարուց ավել ճանապարհ եմ անցել։ Ու որոշեցի թողնել, մանավանդ, որ խնդիրներ կային նաև նորընտիր տեղական իշխանության հետ։ Ես հասկացա, որ իրանց հետ էլ չեմ կարող աշխատել, որովհետև էն սկզբունքները, էն նախասիրությունները, ոճը, աշխատանքի էն ձևը, ինչն ինձ համար կարևոր է, ես հասկացա, որ նոր ընտրված իշխանության համար դա կարևոր չի լինելու», – պարզաբանում է Ալավերդու քաղաքային թատրոնը ղեկավարած Հրաչյա Պապինյանը։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում «Թատերական Լոռի» փառատոնին։ Այս տարի լրանում է փառատոնի 44-ամյակը, և լինելու է 30-րդ հոբելյանական փառատոնը։ Հրաչյա Պապինյանի խոսքով՝ ֆինանսական խնդիրներ կան, համայնքապետարանը հրաժարվել է ֆինասավորել՝ պատճառաբանելով բյուջեի սղությամբ ու սուբվենցիոն ծրագրերի առատությամբ։ Եղած միջոցներն ուղղվել են այդ նպատակին։ Փառատոնի տնօրենը մտածում է փոքր ծավալով ինչ -որ բան անել՝ ավանդույթը չխախտելու համար։ Տարբեր մարդանց ու կազմակերպությունների է դիմել, դրական արձագանք եղել է միայն արտասհամանյան մի հիմնադրամից, որի հատկացրած գումարով անհնար է կազմակերպել փառատոնը նախկին ծավալով: Կկայանա փառատոնը, թե ոչ, դեռևս պարզ չէ:
Ինչ վերաբերում է Ալավերդու քաղաքային թատրոնի նոր ներկայացմանը, ապա այն կոչվում է «Ծիծաղելի փողեր»: Ներկայացումը դեռ պատրաստ չէ։ Թե ե՞րբ է այն հանձնվելու ալավերդցի հանդիսատեսի դատին, ժամկետ չկա, քանի որ Ալավերդու թատրոնի երկարամյա դերասաններ Սիլվա Նազարյանն ու Լիլիթ Երեմյանը նույնպես լքել են թատրոնը, ինչի պատճառով նոր դերաբաշխում է արվել։

Կարինե Աղաբեկյանը
«Սկզբնական մասում շատ լավ էր, նորմալ ընթացան փորձերը, դերաբաշխումները։ Ամեն ինչ լավ էր։ Բայց ժամանակի ընթացքում մեր երկու դերասանուհու մոտ սկսեցին առաջանալ դժգոհություններ, որ իրենք հուզական, գերլարված աշխատանք են կատարում և ցանկանում են աշխատաժամանակը կրճատել։ Իրենց համար մի քիչ բարդ էր երկար ժամանակով աշխատելը, իհարկե նորմայի մեջ, որը համապատասխանում է մեր աշխատանքային գրաֆիկին։ Եվ հենց իրենք հրաժարվեցին։ Եվ երբ իրենց 2 ամսվա փորձաշրջանը ավարտվեց, իրենց ցանկությամբ իրենք չուզեցին շարունակել՝ պատճառաբանելով, որ գերլարված փորձերին չեն դիմանում։ Բայց նախկինում էլ ավելի գերլարված օրեր են եղել։ Ոչ մի վիճաբանական պրոցես չի եղել, պարզապես իրենք իրենց կամքով չուզեցին պայմանագրային ժամկետը երկարացնել», – ասում է Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը։
Թատրոնն աշխատել սկսել է մարտի երկուսից։ Կարինե Աղաբեկյանի խոսքով՝ գեղարվեստական ղեկավարի հետ եռամսյա պայմանագիր է կնքվել։ Այս ժամկետում վերջինս պետք է մեկ բեմադրություն ներկայացնի։
Փորձեցինք զրուցել նաև թատրոնից հեռացած դերասանների հետ։ Լիլիթ Երեմյանը թեմայի շուրջ հեռախոսով չցանակավ խոսել։ Սիլվա Նազարյանն էլ պարզապես այս պահին չէր ցանկանում խոսել թատրոնից հեռանալու մասին։