Վանաձորում շարունակվում է արցախահայերին աղետից փրկելու եւ նրանց անվտանգությունն ապահովելուն ուղղված ակցիան։ Ակցիայի կազմակերպիչները, ինչպես նախորդ հավաքին էին պայմանավորվել, նույն տեղում են ՝ Արցախ պուրակում, նույն պահանջով՝ անհապաղ քայլեր ձեռնարկել ՝ բռնի տեղահանության ճանապարհը բռնած արցախահայությանն օգնելու համար։
Ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ակցիայի մասնակիցներից է։ Ասում է՝ Հայաստանում հիմա երկրի ու հայ ժողովրդի փրկության, հայոց պետականությունը պահպանելու հարցերն են դրված։

Արմենուհի Կյուրեղյանը
«Եթե մի ժամանակ մենք հարցնում էին՝ ի՞նչ կատարվեց, որ 1915-ին 2 մլն հայեր զոհվեցին, բա ինչու չէին պայքարում։ Հիմա, ժողովուրդ ջան, նույն ժամանակաշրջանն է, եթե մենք այսօր ոտքի չենք կանգնելու և տեր չենք կանգնելու մեր երկրին, մեր քույրերին ու եղբայրներին Արցախում, մեր հարազատներին ու ընկերներին Սյունիքում ու Վարդենիսում, Նոյեմբերյանում, ուրեմն մենք իրավունք չունենք վաղը հարցնելու՝ այս ինչպես կատարվեց ցեղասպանությունը։ Լուռ անտարբերությունը, չմիջամտությունը, չմասնակցությունը մասնակցություն է ցեղասպանական գործողությանը», – ասում է պատգամավորը։

Սեպտեմբերի 25-ին անցկացված ակցիային մասնակից վանաձորցիները կրկին իրենց միանալու կոչեր են հնչեցրել։ Ապա Արցախ վանկարկելով՝ քայլերթ իրականացրել Տիգրան Մեծ, Թումանայն, Զորավար Անդրանիկ փողոցներով։ Նրանք կարճ ժամանակով երկու անգամ նաև փակել են Տիգրան Մեծ փողոցը։