Երկու տասնամյակ և ավելի Վահագնիի վարելահողերն անմշակ են եղել: Նորից հողին կպչելը հեշտ չի եղել:

«Արդեն քանի տարի մենք մեր ցորենի հացն ենք ուտում։ Մի ժամանակ երանի էինք տալիս դրան», – ասում է Վահագնիի բնակիչ Քնարիկ Բուլղադարյանը։

Գյուղացիներով հավաքվել, կոոպերատիվ են ստեղծել, դոնոր կազմակերպությունների աջակցությամբ կոմբայն ձեռքբերել:

Սամվել Միքայելյանը

«Երրորդ տարվա ցանքսն ա արդեն։ Առաջին տարին կոմբայն չունեինք, վարձով մինչեւ կոմբայնը ճարեցինք, բերեցինք, հացահատիկը թափվեց լրիվ գետնին։ Աշխատելով, աշխատելով՝ կոմբայնը ձեռք բերինք։ Անցած տարի առաջին անգամ էս կոմբայնը մեր գյուղում հնձել ա, մի հատիկ ցորեն գետին չի ընկել։ Բերքը լիարժեք հավաքել ենք։ Էս տարի էլ ավելի շատ ենք սպասում, որ ավելի լավ կհավաքվի։ Լավ ձեռքբերում էր գյուղի համար», – ասում է Վահագնիի բնակիչ Սամվել Միքայելյանը։

Նոր կոմբայնն ամեն օր տասը և ավելի հեկտարից  հունձ է անում, աշխատում անխափան ու առանց կորուստների: Գյուղն աշխատող մարդու տեղ է, ասում է տիկին Քնարիկն ու գովաբանում համագյուղացիներին:

Քնարիկ Բուլղադարյանը

«Ով աշխատի՝ կունենա։ Էվ էլ չի աշխատի, կգնա, տենա, թե ուրիշներն աշխատածը ոնց են ուտում։ նենց չի, որ մենք թռչում ենք, վարկեր ունենք գլխից դուրս, բայց գիտենք ինչի համար ենք վերցրել, ինչ ենք անում։ Մարդը եթե ցանկություն ունենա, կաշխատի, կապրի։ Չի աշխատի, արդեն ինքը գիտի», – նշում է տիկին Քնարիկը։

Գյուղի 250 հեկտար վարելահողերի կեսն արդեն մշակվում է: Դրան նախ պետական աջակցության ծրագրերն են նպաստել, հետո էլ սար տանող ճանապարհների բարեկարգումը, որից հետո վարելահողերն այլևս որպես խոտհարքներ չեն օգտագործվում:

Սուրեն Վարդումյանը

«Նախկինում եղել ա 30 հեկտար, այս տարի արդեն ունենք 70 հեկտար միայն պետական աջակցության ծրագրով աշնանացան ցորենի դաշտեր։ Բայց ընդհանուր առմամբ 120 հեկտար ցանքատարածություններ ունենք և կերային մշակաբույսեր, աշնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն», – ասում է Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը։

Վահագնիում կարևորում են միջավայրի բարեկարգման գործը, այդ նպատակին ուղղում նաև սեփական միջոցները: Գյուղում իրականացվող ծրագրերի մի մասը ֆինանսավորվում է «Վահագնի» զարգացման հիմնադրամից:

«Հլա ինչ հերոսներ ունենք՝ Գուսան Զաքարյան, Անտոն Քոչինյան։ Էսօրվա դրությամբ իրանց արձաններն էստեղ դրած, գյուղամեջը բարեկարգ չի։ Մի հատ ծրագիր մշակենք, գոնե էս գյուղամեջը կարգավորվի, սարքվի», – ասում է Սամվել Միքայելյանը։

Նման ծրագիր արդեն կա: Հիմնադրամով շուտով կբարեկարգվի գյուղի հրապարակը:

«Մեջտեղից լինելու է հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի լուսային գալագրաման։ Շատ սիրուն, շատ հետաքրքիր գաղափար ա», – նշում է վարչական ղեկավարը։

Այս տարի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվելու է 1 կմ ճանապարհ։ Ծրագրի արժեքը 97 մլն է: Մինչ այդ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներդրումներով ամբողջությամբ փոխվում է գյուղի խմելու ջրի ներքին ցանցը:

«Իրականացվող աշխատանքները կազդեն ոչ միայն որակի վրա, այլ ժամանակին երկաթյա խողովակները, որ մոնտաժվել են, ճիշտ չի եղել վերաբաշխումը։ Հիմա իրանց մասնագետները ճնշումների կարգավորող սարքավորումներ են տեղադրում։ Գյուղի մի մասը դրա պատճառով խնդիր ուներ։ Ճիշտ ա՝ մեր ջուրը որոկական հատկանիշներով լավն ա, բայց ցանցի սխալ բաշխման հետևանքով գյուղում ջրի խնդիր կար», – ասում է Սուրեն Վարդումյանը։

Գյուղում ծրագրեր իրականացվում են նաև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Վերջերս կարի արտադարմաս է հիմնվել, շուտով կառուցվելու է վերականգնողական կենտրոն՝ հենաշարական խնդիրներով երեխաների համար: Բացվել է մաթեմատատիկան սենյակ՝ առաջիկայում դպրոց կառուցելու հեռանկարով:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.