Վախճանվել է Ալավերդու մշակութային կյանքի մեծ երախտավոր, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի «Հայկենք» քառաձայն երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սևիլ Առաքելյանը:

Սևիլ Առաքելյանը ծնվել է Վանաձորում, ավարտել է Թավրիզյանի անվան Վանաձորի երաժշտական ուսումանարանի դիրիժորական բաժինը: 1980 թվականին հրավիրվել է ղեկավարելու Ալավերդու «Հայկենք» երգչախումբը:

Նրա ղեկավարման տարիներին «Հայկենքը» ստեղծել է հարուստ երգացանկ՝ ընդգրկելով եվրոպական, հայ և ռուս կոմպիզիտորների լավագույն ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եղել Մերձբալթյան բոլոր հանրապետություններում, Ռուսաստանի տարբեր մարզերում, Վրաստանում, Ֆրանսիայում: Հանդես է եկել Հայկական պետական հեռուստատեսությամբ, մասնակցել տարբեր փառատոների ու ստուգատեսների, արժանացել հաղթողի տիտղոսների:

Երգչախմբի ղեկավարի աշխատանքից զատ Սևիլ Առաքելյանը դասավանդել է նաև  Ալավերդու երաժշտական և Արվեստի դպրոցներում: Իսկ Աքորի գյուղում արվեստի դպրոցի ստեղծումն ու ղեկավարումը ճակատագրորեն նրան էր վերապահված, դպրոց, որը գործում է առայսօր և օրհնությամբ հիշեցնում նվիրյալ արվեստագետի անունը:
1992-ին Սևիլ Առաքելյանը ՀՀ ՆԳ նախարարության մշակույթի տան տնօրենն էր, որտեղ ստեղծում և ղեկավարում է նշյալ նախարարության երգչախումբը, զուգահեռաբար աշխատում աշխարհահռչակ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ակադեմիական երգչախմբում:

2010-ին նա տեղափոխվել է Հնդկաստան, աշխատել Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայի 195-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում, ուր Հայաստանից, աշխարհի հայաշատ տարբեր գաղթօջախներից եկած հայ երեխաներ են ուսանում: Այս կրթօջախում, հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և մնացած առարկաներից բացի, ճեմարանականներն անցնում են նաև երգեցողություն առարկան, որը դասավանդել է իր գործի կատարյալ մշակ Սևիլ Առաքելյանը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.