Մոսկվան, Լենինգրադը, Մերձբալթիկան ու կես Եվրոպան ոտքի տակ տալուց հետո հասկացել է՝ իրենը գյուղն է: 87-ամյա Վոլոդյան Վանաձորի քիմգործարանի թունավոր արտադրամասին 86-ին է հրաժեշտ տվել, Վալյային վերցրել, ծմակուտ  եկել է հավերժ:

Վոլոդյա Քոչարյանը

«Սենց մի խոսք կա, ասում ա՝ եղջերուների  սատկելու ժամանակը, որ գալիս ա, նախօրոք իրանց համար սատկելու տեղ են ընտրում։ Հիմա ես եկել եմ իմ հայրենիքը։ Իմ ծնողները ստեղ են թաղված,  ես եկել եմ իրանց միանալու, ոչ թե փառքի տիրանալու», – ասում է Անտառամուտի բնակիչ Վոլոդյա Քոչարյանը։  

Քանի ջահել էր, սանատորիաներում էր բուժվում։ Հիմա՝ մոտիկ ու հեռու անտառներն է ոտքի տակ տալիս, մոռ, մոշ, մասուր հավաքում, քայլում ու քայլում, բուժում՝ մարմինն ու հոգին:

«Ես բնության մեջ եմ եղել թե՛ իմ զավոդի տարիներին, թե՛ գյուղի տարիներին, թե՛ էն իմ ջահել, տռճկի տալու տարիներին։ Էն ժամանակ ստիպում էին, որ աշխատեն։ Հիմի չեն ստիպում, իրենց կամքին ա՝ կուզենան կաշխատեն, կուզենան՝ չէ։  Հատկապես գյուղերում իրանց հողով, իրանց խոտով։ Էլի լավ ա, որ էսօր հողերի թեկուզ չնչին մասը ցորենի տակ են դրել, աշխատում են», – ասում է գյուղաբնակ Վոլոդյա պապը։

Վալյան ու Վոլոդյան Անտառամուտի ամենաքնարական զույգն են: Գյուղի անշշուկ երեկոները ռոմանտիկ ամուսինները թումանյանական շնչով են լցնում, կյանքի մայրամուտին սիրահարվում գյուղի չքնաղ մայրամուտներին ու նույնքան չքնաղ աշուններին:

Անտառամուտի ու մոտիկ գյուղերի պատմությունն  ու մարդիկ էլ պապի հետաքրքրությունների շրջանակում են:

«Դե կուրթանեցիներին ասում են միամիտ են, Եղեգնուտ-Դեբետ էլ՝ ասում են կռվարար են։ Գնացքումը դեբեդեցիներն ու եղեգնուտցիներն ամեն օր կռիվ անեին, էն Արդվին, մղարթեցիք միամիտ են, օձունեցիք էլ հայրենասեր ժողովուրդ են, թուրքի ծննդականը էս ձորերում հանել են։ Մեր գյուղը մի փոքր պատմական նիշ ունի։ Անդրանիկ փաշեն, այ էն թումբը տենում ե՞ք, դրա կողքի ճանապարհով, որ Վահագնի ու Դսեղ ա տանում, անցել ա։ Դրան կոչում են թագավորական ճամփա», – պատմում է պապը։

Աշխատանքային կարմիր դրոշի շքանաշանակիր է պապը, աշխատանքի վետերան նաև՝ ժողովրդական դատարանի ատենակալ: Արդարամիտ մարդ է Վոլոդյան, բայց արդարություն չի գտնում: Չկար ու չկա, ասում է կոմունիստների ընտրություններին մասնակցած ու կեղծարարության տարբեր  մեթոդների ծանոթ պապը:

«Էն ժամանակ 10 հոգու պասպորտ ես կամ դու վերունեին։ էս 30 տարոմը 6-7  գյուղապետ ա փոխվել, ամեն եկածը մի բան արել ա, որ հաջորդ տարի ընտրվի, էս մեր հմիկվա գյուղապետը ոստիկան ա եղել, գործունյա տղա ա, վատը չի, ժողովրդի հետ լավ ա վերաբերվում՝ ջանով-ղուրբանով, բայց դե նրա ձեռին ինչ կա։ Գրպանումը պետք ա ըլի, որ մարդ լոթի ըլի, որ մտնի ռեստորան, ծախսի», – ասում է Վոլոդյա Քոչինյանը։

Ո՞վ կղեկավարի գյուղը՝ կարևոր չէ, ասում է պապը։ Կարևոր է, որ գյուղում հասարակ խանութ, փոստի բաժանմունք, տրանսպորտ լինի, խեղճացած անտառամուտցին էլ գոնե 21-րդ դարում մեջքն ուղղած ապրի:

Բայց Վոլոդյան, ինչպես ասում են, հին ոսկոր է, դժվարություններից ընկճվել չունի, ամեն առիթով զայրանալու, նյարդեր ու առողջություն քայքայելու միտք՝ նույնպես։ Խստորեն հետևում է առողջությանը, հատկապես՝ սննդակարգին: Մինչ օրս կիրառում է Ստալինի բժշկի խորհուրդներն ու դժգոհ չէ:

Կնոջ հետ հազվադեպ վեճերի առիթն էլ քաղցր է:

«Քաղաքում, որ ապրում էինք,  գաթա էր թխում, հմի շատ քիչ ա թխում, անցել ենք վաֆլու «, – բողոքում է պապը։

Վոլոդյայի հետ Վալյան համաձայն չէ, երբեմն թխում է, պարզապես պապն է քաղցրակեր, ասում է, իսկ պատահական վեճերը, հարթվում-գնում են:

«Մենք ներողամիտ ենք, վեճը որն ա, ինչ վեճ։ Խոսքա ասավ, գնաց,  ոնց քամին տերևն ա տանում, խոսքն էլ գնում ա քամու հետ, նստվածք չի տալիս», – ասում է տիկին Վալյան։

Ափոսոս՝ քամին կարոտը տանելու ունակություն չունի։ Տարեց ամուսիններին տանջողը միայն դրսում ապրող երեխաների ու թոռների կարոտն է։ Մենակ չեն թողնում, գալիս-գնում են, բայց  մեկ է՝ կարոտը խեղճացնում է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.