Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Աքորի գյուղում:

21։30-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոն ահագազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի բնակիչ 50-ամյա Արտակ Սիմոնյանը ուշագնաց է եղել, սակայն մինչև շտապ օգնությունը կժամաներ, տուժողը արդեն մահացած է եղել։

«Կանչն ընդունվել է 21։29-ին, մենք էդ ժամանակ ուրիշ կանչի էինք, նորից Աքորի գյուղում, դիսպեչերը հաղորդել ա, որ կանչ ունենք, ուշագնացություն, գնացել ենք, տեսել, որ ընկած է, մահացած։ Ոչ մի ծակած, կտրած վերք մենք չենք տեսել, ընդամենը տեսել ենք, որ մահացած է։ Ոչ մի այլ հետքեր չեն եղել», – «Անկյուն+3»-ին հեռախոսով հայտնեց Ալավերդու բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Անահիտ Սողոմոնյանը։

Աքորիում բնակիչների մի մասը մեզնից է տեղեկանում դժբախտ պատահարի մասին, տեղեկանում ու զարմանում՝ ինչ է կատարվում մարդկանց հետ, ինչու են այսքան անհարդուժող դարձել միմիանց նկատմամբ։

«Բրախած ա, Հայաստանը բրախած ա, տեր չկա։ Թուրքն ընդի ա սպանում, էստեղ հայերը», – ասում է գյուղի տարեցներից մեկը։

Գյուղի հրապարակը անսովոր լռության մեջ է, երեկվա դեպքից հետո աքորեցիները շոկի մեջ են, ակնհայտորեն ցուցաբերում են խուսափողական վերաբերմունք, դեպքի մասին մանրամասներ պատմելուց շատերը խուսափում են։

Դեպքը տեղի է ունեցել գյուղի 2-րդ փողոցի կենտրոնական հատվածում, հարևանությամբ գտնվող գրեթե բոլոր տները կողպված են, իսկ նրանք, որոնք բաց են, տեսախցիկի առջև փակվում են:

Այնուամենայնիվ, բնակիչների մի մասը տեսախցիկից այն կողմ  պատմում  են, որ պատճառը մեքենայի անսարքությունն է եղել, ինչպես ժողովրդական խոսքը կասեր՝ մի կաթիլ մեղրի պատմություն:

Խոսք ու զրույց, այնուհետև քաշքշուք, որին էլ վրա է հասել մի երիտասարդ, և կտրող -ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառել տուժողին՝ Արտակ Սիմոնյանին:

Գյուղացիները դժվարանում են հավատալ կատարվածին։ Ասում են՝ բոլորն էլ նորմալ մարդիկ էին, մի գյուղից, մի ազգից , մի կտոր հաց կիսած։ Միակ ենթադրությունը, որ հիմա կարողանում են անել,  հավանաբար ոչ սթափ լինելն է եղել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.