Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Դավիթ Թամազյան

Գյուլագարակի աչքի լույսը՝ գյուղի երիտասարդների և փոքրերի սիրելի Կասանդրան, սուրճի բաժակ է նայում, բախտ բացում, միշտ դրական խոսք ասում մարդկանց։ Ունեցած վերջին դրամով էլ քաղցրավենիք, միրգ գնում ու բաժանում։ Բախտ բացելու տաղանդն էլ տարիների ընթացքում է յուրացրել, դարձրել իր սիրելի զբաղմունքը։

«Սիրտս գուշակում ա, որ բրձրանալ տես, Ձեզ պաշտոն ա սպասվում, ազիզ, էրկու ամսից։ Ես էլ արաղով, բամբաներկով, լենտը կապած՝ կշնորհավորեմ։ Մեր Աննային դատախազությունումը շնորհավորել եմ՝ շամպանսկով», – պատմում է Հասմիկ Դոխոլյանը՝ Կասանդրան։

Ութսունում 50 տարեկանի կենսակերպ է վարում, օրվա մեջ մինչև հինգ անգամ Գյուլագարակից Ստեփանավան քայլում, իսկ թե ուր՝ ինքն էլ չգիտի։ Միայն մի բան հստակ գիտի․ մինչ օրս առույգ մնալու իր գաղտնիքը հենց դրանում է։

Հասմիկ Դոխոլյանը

«Ութանասուն տարեկան եմ։ Ութանասունը սև շալ ա կապում, գոգնոց կապում, կաստիլը վերունում։ Ես առաջ ինձ ավելի լավ էի նայում, ընտիր հագուստ ունեի՝ ժակետներ, կարմիր բլուզկաներ։ Ցանկացած տղամարդը կանգնում ա, սիրահարվում։ Էս տարիքիս՝ հենց գիտեն 50-60 եմ», – պատմում է Հասմիկ Դոխոլյանը։

Գեղեցկությունն է պատճառը, որ տատին մինչ օրս Կանսանդրա են ասում։ Իրական անունը Հասմիկ է, բայց տարածաշրջանում գրեթե ոչ մեկն այդ անունով նրան չի ճանաչում։

«Քսանհինգ տարի առաջ կինոն ցույց տվին, տեհան, որ գեղեցիկ եմ, սկսել են՝ Գավյոտիկ ջան, Կասանդրիտա ջան, ո՞նց ես․․․Էռնակ տենաք, օդային են անում, շոֆերները սիգնալ են տալի», – ուրախությամբ պատմում է Կասանդրան։

Միայնակ է ապրում։ Երիտասարդ տարիներին Ծաթեր հարս է գնացել, հետո բաժանվել։ Շատ դժվարություններ է տեսել, բայց դա չի խանգարել, որ կյանքի նկատմամբ իր լավատեսությունը պահպանի և մինչև օրս մարդկանց ուրախություն և ժպիտներ պարգևի։

Իր տուն մտած հյուրերին երբեք դատարկ չի ճանապարհում, այգու անկյուներից մեկում խնամքով պահած վերջին ծաղիկներն է նվիրում։

Կյանքի ընկերները կենդանիներն են դարձել․ շուն ու կատուներ է պահում՝ մեծ հոգատարությամբ, հողի հետ շատ է աշխատում, վարունգ ու լոբի ցանում։ Իսկ թե ազատ ժամանակ է ունենում, թաղի ջահելներին անկեկդոտներ է ասում, ժպիտներ նկարում մռայլ դեմքներին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.