Այնքան ցուրտ է, որ սառնարանի կարիք չկա։ Հաճախ այսպես տեղացիները կատակում են ու բնորոշում Տաշիր համայնքի բարձրադիր գյուղերից մեկը՝ Արծնին։ Ցուրտը՝ ցուրտ, բայց արծնեցիները, ի տարբերություն իրենց ձմեռների, ջերմ են ու չափազանց հյուրընկալ։ Բնակիչների մեծ մասը Ջավախքից, Վարդաշենից, Գետաշենից ու Արցախից եկածներ են։ Բայց իրար լավ են հասկանում:

Արծնին փոքր գյուղ է, բայց մեծ խնդիրներ ունի։ Իսկ ձմռանը եղած խնդիրները կրկնապատկվում են: Բնակավայրում փայտ ձեռք բերելը լուրջ խնդիր է դարձել։ Ասում են՝ ոսկուց էլ թանկ արժե։ Դրա համար որպես վառելանյութ գոմաղբն են օգտագործում:

Անտելա Հովհաննիսյանը

«Հիմի ցան էի հավաքում, որ ձմեռը վառենք։ Հնարավորություն չկա՝ փայտ առնենք։ Թանկ ա։ Վեց ամիս ստեղ ձմեռ ա, Սիբիրում ենք ապրում», – ասում է Արծնիի բնակիչ Անտելա Հովհաննիսյանը։

Գյուղում երիտասարդների գրեթե չես հանդիպի։ Բնակավայրում քիչ թե շատ աշխուժություն նկատվում է ձմռանը՝ դեկտեբեր-հունվար ամիսներին, որովհետև գյուղի տղամարդկանց մեծ մասն ամռանը  արտագնա աշխատանքի է մեկնում։ Կան նաև երիտասարդներ, որոնք ընդհանրապես դուրս են եկել բնակավայրից։ Միայն գալիս են, ամուսնանում ու նորից հեռանում գյուղից։

«Գյուղում ջահել չկա, լրիվ խոպան են։ Դպրոցում կարդող էրեխեքն են, մեկ էլ ինձ նման պառավ մարդիկ։ Մի կերպ ապրում ենք, էլի։ Նենց մի լավ աճ չկա, որ ասես՝ ինչ-որ ցանում ես, վերցնես։ Սուտ ա։ Ցուրտը մտնում ա, սառչում ա ու վերջ։ Արած գործներս էլ լրիվ կորչում ա», – ասում է գյուղի տարեցներից մեկը։

Ստեփան Օսիպովը գյուղի այն եզակիներից է, որ դեռևս արտագնա աշխատանքի չի մեկնել։ Լավ թե վատ, փորձում է գյուղում ինչ-որ բան ստեղծել: Անասնապահությամբ, մեկ էլ տնամերձի  փոքրիկ հողատարածքում կաղամբի մշակությամբ է զբաղվում։ Ասում է՝ Արծնիում ապրելը հեշտ չէ, ոռոգման ջրի բացակայության պատճառով իր ու շատերի հեկտարներով հողերը անմշակ են մնացել։

Ստեփան Օսիպովը

«Հասունացած է արդեն։ Մի հատ էլ ձյուն գա վրեն, արդեն ավելի լավ կլինի։ Մինչև նոյեմբեր ամիսը մնա, լավ ա։ Նոյեմբերին արդեն համով ա էղնում, քաղցր ա էղնում։ Մի երկու օր ջրում ենք, մինչև բռնում ա։ Մնացածը Աստծու հույսին ա, անձրևը գալիս ա։ Մեզ մոտ Արարատյան դաշտավայրի նման չի էլի, որ ոռոգման ջուր տան, ջրես։ Մի թեթև ցուրտը խփի, հավաքենք, արդեն ձմեռային թթու դնել, մտնել տուն, դռենրը փակել», – ասում է Ստեփան Օսիպովը։  

Արծնիում մարդկանց մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում։ Գյուղում հազիվ 50 ծխացող տնտեսություն լինի։

Երբ գյուղի խնդիրների մասին խոսք է բացվում, բոլորը նույնն են  ասում՝ գյուղում բան չի փոխվել։ Տարիներով չլուծվող խնդիրներ ունեն՝ տրանսպորտ չկա, ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են։ Տնտեսություններ կան, որոնք նաև խմելու ջրից են զրկված, ասում են։ Այս բոլորը պատճառ են դառնում, որ մարդիկ հեռանան այստեղից։

«21-րդ դարում երեք օրը մեկ ջու՞ր են խմում։ Երկու ժամ ջուր ա լինում, միշտ, ամառ, ձմեռ էդ ա։ Ձմեռը սառչում ա, արի, էդքան փող տուր, ջուր բացիր, ջուր քանդիր, արդեն հոգնել ենք», – ասում է տիկին Անտելան։

«Հանրային տրասպորտ վերջին անգամ երևի 90-ական թվերին ա էղել։ Տաքսի ա հիմա, գներն էլ շատ թանկ։ Տաշիր գնալ-գալու համար՝ 3 հազար դրամ։ Կամ էլ ոտով 3 կիլոմետր իջնում եմ ներքևի գյուղը՝ Նորաշեն, տրանսպորտ էնտեղ աշխատում ա, որ էնտեղից արդեն գնամ կամ ինչ-որ մեկի հետ», – ասում է Ստեփան Օսիպովը։

Կարեն Հովհաննիսյանը

Կարեն Հովհաննիսյնաը գյուղական դժվարին կյանքից է դժգոհում։ Նա  Արծնիի ու հարակից չորս բնակավայրերի կաթ հավաքող  մեքենայի վարորդն է։ Ասում է՝ հատկապես ձմռանը մեծ փորձություն է Արծնիի կիսաքանդ ճանապարհներով երթևեկելը, բայց ճար չունի․ բազմանդամ ընտանիքի հայր ու պապիկ է։ Մինչև գարուն կաշխատի ու  հավանաբար ինքն էլ մյուսների պես արտագնա աշխատանքի կմեկնի։

«Այ էն մեքենան, վրեն մատոռ էլ չկա, 3 տարի ա՝ կանգնած ա։ Փարոսի համար խոսում ես, ասում ա՝ մեքենա ունես։ Արի տամ քեզ, վերցրու, գնա։ Շան օր ենք քաշում։ Իմ ստացածը 80 հազար դրամ ա։ Յոթ հոգի ենք։ Ձմեռը, որ գործից գալիս եմ տուն, 2 ժամ նստում եմ, որ խելքս տեղը գա։ Բայց ինչ անեմ, էդ ա», – ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Ինչ խոսք, դժվար է գյուղի կյանքը։ Եվ միշտ էլ այդպես եղել, ասում են արծնեցիները։ Համայնքների խոշորացումից հետո գյուղը գոնե առաջընթաց ունենար, հակառակն է եղել։ Մի բան էլ՝ խնդիրներն են շատացել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.