Հրաչիկ պապը օր օրի սահմանի իր տունն է շենացնում։ Լավ տնտեսություն ունի, և ամենևին էլ հոգ չէ, որ արդեն տարիքն առած՝ անասնապահությամբ է զբաղվում, խոզ, կով, հավ ու ճիվ պահում: Կինն էլ՝ Արաքսյան, գյուղի ծանր գործերում ամուսնուց հետ չի մնում։ Ջերմոցային տնտեսություն ունեն, որին սիրով ու պատասխանատվությամբ է հետևում։

Աշխատասեր ամուսիները թեպետ հաշտ են իրենց առօրյայի հետ, բայց մտահոգվելու առիթներ էլ ունեն։ Ցավ են ապրում՝ տեսնելով, թե իրենց հայրենի Ոսկեվանն ինչպես է դատարկվում, դռները՝ կողպվում, ընտանիքների ծուխը մարում: Ասում են՝ երբեք չեն հասկացել հեռացողներին կամ, ինչպես իրենք են ասում, գյուղը բրախողներին:
Մինչդեռ սահմանապահ գյուղում պետք է հակառակը լիներ, որ սահմանն ամուր մնար։
«Մի քանի տարի առաջ արտեր ունեինք, ցորեն էր ցանած, կոմբայնը մեջը, կրակեցին, վառեցին արտերներուս, մի քանի ընտանիք մնաց անհաց էդ ձմեռը։ Սահմանն էդ ա։ Էս մեր թաղում 200 գլուխ ապրանք կար, հիմի 15 կով ա։ Չեն կարում մարդիկ պահեն, վախում են․ սահման ա։ Հանդումը արածացնելիս տավարածին էլ հետը, 19 կովը տարան, որից 3-ը իմն էր։ Դա 95 թվին էր։ Դրանից հետո էլ գոմերից կովեր տարան», – պատմում է Ոսկեվանի բնակիչ Հրաչիկ Ալեքսանյանը։

Հրաչիկ Ալեքսանյանը
Թոռների չամուսնանալն էլ տատի ու պապի համար մեծ հոգս է դարձել։ Սիրտները զուռնա դհոլ ու ծոռ է ուզում, բայց թոռների ուզածն անհոգ, ազատ կյանքն է․ ոչ մեկի մտքով դեռ ամուսնանալը, ընտանիք կազմելը չի անցնում: Տարեց ամուսիններն իրենց երիտասարդ տարիներն են հիշում ու համեմատում՝ այն ժամանակ 18-ը դեռ չբոլորած հարս էին տանում, հարս բերում։
«Հիմիկվա ջահելնին շատ դժվար են ամուսնանում։ Մեծանում են, տարինքերը գնում ա 35-36 տարեկան, դարձյալ չեն ուզում ամուսնանան», – ասում է Արաքսյա Ալեքսանյանը։

«Սովորում են, փառք Աստծու, չիմ սովորում են։ Բայց տարիքն արդեն տարիք ա։ 78 տարեկան եմ, վաղը, մյուս օրը չկամ։ Ուզում եմ ծոռը տենամ», – կնոջ խոսքն է շարունակում Հրաչիկ պապը։
Ժամանակները փոխվել, բայց Հրաչիկ պապի ու Արաքսյա տատի սերը նույնն է մնացել՝ հարատև ու անսասան: «Մի բարձի ծերանաք» մաղթանքով նրանք էլ օրհնվել եւ հաշտ ու խաղաղ ապրում են մինչև այսօր։ Ու զարմանում են, թե հիմա ինչպես են սիրահարներն իրար հետ «սեր խաղում», խոստովանում, ամուսնանում ու շատ արագ էլ բաժանվում: Հարսանիքներն էլ առաջվանը չեն․ ով էր տեսած գյուղից քեֆ, ուրախություն հանեն, տանեն Երևաններում անեն։

«Դրա համար էլ բարեկամությունը իրար չի ճանաչում։ Էստեղից վերցնում ա էրեխուն, տանում Երևան կամ Իջևան հարսանիք անում։ ԲԱրեկամ ենք, բայց հնարավորություն չկա գնալու։ Քեֆ անողը գնում ա, մի կտոր հաց ուտում, հարսանիք տենում, ճանաչում են բարեկամը՝ բարեկամին։ Իսկ հիմա իրարից կամաց հեռանում են բոլորը։ Էն վախտ էն ա՝ սիրուն էրեսը կլոլեին, տեին։ Մենք էլ՝ տեսել ենք իրար, հավանել ենք, սիլի-բիլի չի էլել։ փոքրուց ճանաչում ենք իրար, մի գյուղացի ենք։ Ընկերոջս քույրն ա, ամուսնացել ենք։ Հիմի էլ շատ շնորհքով, շատ լավ․․․», – պատմում է Հրաչիկ պապը։
Արաքսյա տատի՝ ամուսնուն ուղղված ամենաքաղցր բառը ծերուկն է եղել։ Նրանք սիրո մասին բարձրաձայն երբեք չեն խոսել։ Սերը ցույց են տվել միմյանց նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով:

Մի ամբողջ կյանք իրար հետ կիսած ամուսինները համոզված են՝ իրենց ժամանակ նամուս էլ կար, թասիբ էլ․ իրենց ապրածը հենց դրա դրսևորումն է։
«Մեր գյուղում, Աստված չանի մեկի խոտը, բանը մի հատ ծուխ ընկավ, կանգնած են բոլորը։ Տենց բան չի էղել, որ վառվի, վերջանա։ Անմիջապես հասել են, օգնել։ Տուն սարքողի հմար կանգնած էին սաղ, հիմի արդեն հեռացած են ոնց որ։ Բայց էն ժամանակ մեկը տուն էր սարքում, հիմքից մինչև տանիք քոմակ էին անում։ Այ էդ ավանդույթը ունեցել ա գյուղը», – պատմում է պապը։
Գյուղի Ամանորն էլ ուրիշ համուհոտ ուներ։ Հիշում են՝ այդ օրերին մարդկանց տներում ասեղ գցելու տեղ չէր լինում, փողոցներում սեղաներ էին գցում, չիրուչամիչ բաժանում, ամեն անցնող-դարձողի տուն հրավիրում, տան եղած նուբգար, այսինքն՝ ամենահամով բանն էլ հյուրերի առաջ դնում։ Մի խոսքով՝ Նոր տարին տեղը տեղին դիմավորում էին։ Հիմա, ասում են, սիրտ ու հավես չի մնացել․ երկիրը լավ վիճակում չէ, ահել ու ջահել հավեսից կտրվել են։

Տատն ու պապը հարուստ աշխատանքնային կենսագրություն ունեն։ Տարբեր գործեր են արել, կին-տղամարդ, մեծ ու փոքր չեն արել: Խորհրդային, ապա անկախության տարիները նրանք չեն համեմատում, բայց ասում են՝ այն ժամանակ աշխատանք կար, վաստակածն էլ արժեք ուներ:
Նրանք միասին են 58 տարի։ Ամեն ինչ մոռացող կնոջը Հրաչիկ պապն է հիշեցնում թվերը, տեսողությունից բողոքող պապին էլ Արաքսյա տատն է օգնության գալիս։ Ու մեկը մյուսին լրացնելով՝ անխռով ապրում են մնացյալ ապրելիքը։ Մի օր լավ, մի օր վատ, ասում են։ Միայն թե խաղաղություն լինի, ամեն ինչին էլ կդիմանան․ սահման պահող գյուղացուն դրանից առավել ոչինչ հարկավոր չէ: