Հեղինակ՝ Մերի Կոլոլյան
Օպերատոր՝ Արման Տիտանյան
«Էրեսահան, որ սենց պսպղում եմ, էդ սարն ա, էդ ծաղկի հոտն ա, էդ ջուրն ա, օդն ա։ Մենք մի լավ հորեղբոր հարսն ունեինք, լավ, դասատու աղջիկ ա։ Ասեր՝ Զարիկ ձալո, քեզ սարի ջուրը, սարի հոտը, սարի օդն ա քեզ տենց թարմ պահել, մենք լավ չենք, քաղաքում ամեն ինչը քիմիա ա», – անկեղծանում է Ահնիձորի բնակիչ Զարիկ Քառյանը։
Ահնիձորցի Զարիկն 84 տարեկանում էլ կոմպլիմենտներ է ստանում, իսկ Սարգսյանների արևոտ պատշգամբում սուրճի քաղցր սեղանի խոսակցությունները թեև նույնքան քաղցր չեն, բայց կարևորն՝ անմեղ են:
«Ասում ենք՝ Սեդայի հարսը լավն ա, Մարկոսի հարսը գեշն ա, հողը փորելու, ցանելու մնաց․․․ գյուղի պայմաններից, ուրիշ ի՞նչ տենք խոսա, ցավդ տանեմ», – ասում է տիկին Զարիկը։
Ահնիձորում անբան հարսներ չկան, պնդում է Զարիկը, որ 55 տարի սար է գնացել, ձեռքերի կոշտուկներն անտեսելով՝ կով և ոչխար կթել, տանջանքով տուն-տեղ դրել:

Զարիկ Քառյանը
«Էրեխեքս շատ մանր-մանր, բարուրները խտտել, տարել, սարում պահել եմ, մեծ սկեսուր-սկեսրայր եմ պահել, տեգոր էրեխա եմ պահել, բայց հիմիկվա հարսը սկեսուր էլ չի պահում․ հասկացա՞ր, ազիզ ջան։ Շատ տանջված օքմին եմ, սենղ պսպղալեն մի տենա ինձ։ Հեշտ չի՝ 55 տարի սարի ցեխը տրորես, անձրևը, կարկուտը վրեդ գա, դու նստած կով ու ոչխար կթես։ Տենց օրեր ենք անցկացրել, թե լավ ա էլել, թե վատ ա էլել, կյանքներս անցել ա», – իր չարչարանքներից է պատմում գյուղացի կինը։
Հարս-սկեսուր տաք զրույցներն Ահնիձորի 40 տարվա բուժքրոջ՝ տիկին Սեդայի հարսն է ընդհատում: Կաթի զտման համեմատաբար թեթև գործը 38 տարվա հարս Անժելան սկեսուրին է հանձնարարում: Ինքը կովերի կիթն է վերջացրել, օղին կրակին դրել, դեռ խմոր է հունցելու, և էլի անելիքներ կան: Անժելան էլ սկեսուր է, բայց իր ջահելները քաղաքում են:
«Տղաս Մոսկվա ա, մեկը Երևան, մեկը՝ Կիրովական։ Քաղաքի կյանքն ավելի հանգիստ ա, ինչ արած։ Մենք էլ պետք ա աշխատենք, պահենք, օգնենք երեխաներին», – ասում է Անժելա Աբովյանը։
Տիկին Սեդան հարսից էլ, գյուղի կյանքից էլ դժգոհ չէ։ Հասցրել է և՛ աշխատել, և՛ տեղը տեղին հարսնություն անել: Հիմա էլ պարտականությունները բաշխված են՝ տուժող կողմեր չկան:

Սեդա Սարգսյանը
«Վեր ենք կենում ժամը 7-ին, ինքը մտնում ա գոմը, արդեն պետք ա կովերը կթի, ես էլ վռազ-վռազ պեչքը վառում եմ, սուրճը դնում եմ, հասնում, տեսնում եմ՝ արդեն կովերը կթում ա։ Օգնում եմ, վերջացնում ենք, գալիս ա՝ սուրճը խմում ենք, նորից դե պտի անասունների մոտ գնանք, կաթը բերենք։ Սկսում եմ գործողությունը, կաթը պտտում եմ, ջիլը պտի դնեմ, անում եմ, սիրուն ջիլը վերցնում, լավ էլ փաթաթում։ Հետո սկսվում են երկրորդ աշխատանքները՝ ճաշը, հացը, ամանը», – իրենց առօրյան է ներկայացնում Սեդա Սարգսյանը։
Լորուտից Ահինձոր հարս գալուց հետո աշխատանքի է անցել, գյուղին ու գյուղացիներին ծառայել:
«Ոնց որ ուղղակի էդ աշխատանքը ստեղծված լիներ ինձ համար։ Դե էն ժամանակ հեռախոս չկար, գիշերվա ժամը 3-ին ո՜նց էին կանչում՝ բարձրաձայնած, Սեդա, վեր կաց, հիվանդը ծանր ա։ Անմիջապես էի վեր կենում, վազում, մեծ սիրով, առանց կաշկանդվելու։ Ինձ համար, որ մի հիվանդ կար, ամենից բարդ ու պատասխանատու գործն էր։ Հասնում էի, ու ըհը՝ հիվանդը փոխվեց, լավացավ, սրսկում ընդունեց։ Ուրախ տրամադրությունով տուն էի գալիս ու արդեն անցնում տան գործերին», – պատմում է Ահնիձորի նախկին բուժքույր տիկին Սեդան։
Ահնիձորում կյանքը դժվար է, կենցաղն՝ ավելի: Երեկվա հարսները, որ այսօրվա տատիկներն են, լավ օրի կարոտ են:

գ․Ահնիձոր
«Էս գյուղը լավ գյուղ ա, բայց մեջը խանութ չկա, ճանապարհ չկա, էդ գիտեք, չէ՞։ Եթե դու ոտով գնում ես, ճալեն հասնում ու ըտիան ավտոյի սպասում, շատ մեծ պրոբլեմ ա։ Բայց դե ասին ավտոբուս տեն տա։ Կտրված տեղ ա, բայց ընտիր բնություն ունի․ ծաղիկը դուս գա, մասուրը դուս գա, մալինեն, սինդրիկը, սոկոնը դուս գա։ Ընտիր ա», – իրենց գյուղն է գովում տիկին Զարիկը։
Զարիկի ուշքն էլի սարերում է, ափսոս՝ ամուսնու մահից հետո իրենը գյուղն ու տունն է:
«Սարը ես շատ եմ սիրում։ Վաթսունհինգ տարի սարը գնացողը սարը կմոռանա՞։ Էն ավելուկը, ուրցը, օդը, ջուրը ո՞նց կարաս մոռանաս», – ասում է Զարիկ Քառյանը։
Ու մինչ հարևանուհի Զարիկը յայլաներն է կարոտում, Սեդան կաթի զտման գործն է ավարտում և էլի գովում գյուղի ջահելներին ու հարսներին: