Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան
Օպերատոր՝ Արման Տիտանյան
Հաղպատի եկեղեցամերձ հրապարակը Սայաթ-Նովայի շնչով է լցված։ Հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր Սայաթ-Նովային նվիրված փառատոնն է։
Փառատոնն այս ձևաչափով առաջին անգամ է անցկացվում։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ առաջնահերթություն է տրվում այն նախագծերին, որոնք ամբողջությամբ կամ մասամբ անցկացվում են Երևանից դուրս՝ մարզերում։ Այս դեպքում էլ երկար մտածելու առիթ չեն ունեցել։ Ըստ Խզմալյանի՝ նախագիծը լավ մեկնարկ է հայ մեծերի անունը կենդանի պահելու համար։

Արա Խզմալյանը
«Մենք տասնամյակների մեղք ունենք գործած համայնքի մեր քաղաքացիների հանդեպ, որ տասնամյակներ շարունակ մշակութային իրադարձությունները, մշակութային կյանքը կենտրոնացել էր հիմնականում մայրաքաղաքում։ Եվ այսօր հաճախ եմ այդ պատկերավոր խոսքը ասում, որ մայրաքաղաքը մշակութային շաքարախտ է ապրում, և անհրաժեշտ է ինտենսիվ կերպով ապակենտրոնացնել մշակութային կյանքը, առավել ևս, որ մշակութային մեր բոլոր նախաձեռնություններն ապացուցում են, որ համայնքներում, այդ թվում սահմանամերձ համայնքներում սպասված են նման միջոցառումները», – ասում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Փառատոնը հավակնում է ամենամյա դառնալու, իսկ թե որտեղ կանցկացվի «Սայաթ-Նովա» 2024-ը, փոխնախարարը պարզաբանում է։

«Կարծում եմ, որ փառատոնը որոշակիորեն պետք է բրենդային դառնա Հաղպատի համար, որովհետև Սայաթ-Նովայի անունն անքակտելիորեն կապված է Հաղպատավանքի հետ։ Եվ ես կարծում եմ, որ գոնե առաջիկա մի քանի տարին, եթե մեզ հաջողվեց սա անել ամենամյա, անել նաև միջազգային ձևաչափով, պետք է կապված լինի այս համայնքի անվան հետ։ Հետո եթե փառատոնն այնպիսի զարգացում ունենա և այնպիսի ընդգրկում, որ կհասկանանք՝ համայնքն այլևս իր ֆիզիկական հնարավորություններով, իր ենթակառուցվածքներով չի կարող տեղավորել այդքան մարդկային հոսք, այդ ժամանակ նոր կմտածենք տեղափոխության մասին։ Բայց կարծում եմ դրա մասին դեռ վաղ է խոսել», – ասում է Խզմալյանը։
Երկօրյա փառատոնի համերգային մասն ազգային երգ ու պարով էր լցված։ Ելույթ ունեցան Հայաստանի ժողովրդական, ջազ և ռոք խմբերը։

Արտյոմ Նաղդյանը
««Հայաստանի ժողովրդական գուսանական երգի պետական անսամբլը», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլկ-մոդեռն անսամբլը», Շնող գյուղի երաժշտական դպրոցի փոքրիկ խումբը, որը ելույթ ունեցավ շատ բարձր մակարդակով, և բոլորը ցնցված էին որակից։ Նաև ելույթ ունեցավ «Լազուր» ժողգործիքների անսամբլը, նաև «Կաթիլ» բենդը, որը շարունակում է հիմա ելույթ ունենալ, որից հետո «Կարին» ազգագրական խումբը ելույթ կունենա, նաև նշեմ «Ակունք» ազգագրական խումբը, որը եզրափակեց երեկվա փառատոնը», – թվարկում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Առնո Բաբաջանյան համերգասրահի տնօրեն Արտյոմ Նաղդյանը։

Գագիկ Գինոսյանը
«Սահմանամերձ գոտում շատ ավելի լրջորեն են հասկանում՝ ինչ է հայրենիքը, ինչ է հայ լինելը և փոխաբերական իմաստով իրենց կաշվի վրա են դա զգում։ Բայց այն, որ բարձրաճաշակ մշակույթը պետք է հասցնել սահմաններ, նաև սահմաններն ամրացնել մշակույթով․ սահմանը միայն զենքով չէ, որ պահվում է, այլ հատկապես մեր ինքնությամբ, մեր տեսակով է պահվում։ Այդ տեսանկյունից միանշնակ կարևոր է սահմանամերձ ցանկացած հատված։ Հատկապես այն, ինչ այսօրվա թեժ գոտիների հետ կապ ունի, մշտապես լինել մշակույթի ուշադրության ներքո», – ասում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը։

Համերգային ծրագրից բացի անցկացվեցին տաղավարային տոնավաճառներ, արվեստի և արհեստների ցուցադրություն։
Սայաթ-Նովա փառատոնին երաժշտական խմբերի և ոլորտի առաջատար մասնագետների կողմից նաև վարպետության դասեր անցկացվեցին՝ «Հայ աշուղական դպրոցը և ՍայաթՆովան» թեմայով։ Հայաստանի տարբեր անկյուններից Հաղպատ եկած հյուրերն ու տեղացիները, նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ, տոնախմբությանը միանալով, ավանդական պարեր սովորեցին ու վայելեցին հայկականի, ազգայինի գաղափարն ու գեղեցկությունը։