Հեղինակ՝ Մանանա Վարոսյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Տավուշի սահմանային Սևքարը վերջին տարիներին բարեկարգվել է։ Վկան գյուղամիջյան ընդարձակ պուրակն է, որտեղ սովորաբար հավաքվում են բնակիչները, հիմնականում՝ տարեցները, զրուցում, քննարկում երկրի և աշխարհի իրադարձությունները, հաշվում, թե գյուղից հեռացած ընտանիքներից քանիսը կվերադառնան, ում տան ծուխը շարունակվեց, ինչպես գլորեն օրերը և էլի հազար ու մի հարց: Բայց գրեթե բոլոր սահմանային գյուղերի նման Սևքարն էլ ունի բազմաթիվ այլ խնդիրներ՝ անբարեկարգ գյուղամիջյան ճանապարհներից սկսած մինչև խմելու և ոռոգման ջրի հարց:

Գյուղամիջում մի ծորակ ունեն, հերթի դրած են օգտվում։ Սրան էլ գումարվում են անվտանգային հարցերը, ու ինչպես այստեղ ապրողներն են ասում՝ քնում են մի աչքը բաց։

«Ո՞վ չգիտի, թե մենք ոնց ենք ապրում։ Կառավարությունը չգիտի՞, համայնքը չգիտի՞, ո՞վ չգիտի։ Դուք ո՞նց եք ապրում։ Դե եթե քաղաքում մի կերպ, մենք էլ՝ ոչինչ էլի», -ասում է տեղացիներից մեկը։

«Ցանկացած գյուղ էլ սենց ա էլի, ոն ո՞ր գյուղն ա լավ ապրում։ Ոչ մեկը», – ասում է Սևքարի բնակիչ Սեյրան Գաբրիելյանը։

Ոռոգման ջրի հարցն է լուրջ, որը ստիպել է գյուղացիներին թողնել հողագործությունը։ Հիմա գյուղում ընդամենը մեկ-երկու այգեգործ կգտնես, ջրի հարևանությամբ լինելով՝ ոռոգման խնդիր ունեն: Սևքարեցին չի կարողանում օգտվել Բերքաբերի ջրամբարից, սահմանին մոտ հողերն էլ այլևս բերքատու չեն։ Գյուղացիներից մեկը հեգնում է՝ դժգույն ու դժբախտ հողեր են, իսկ գյուղի մնացած տարածքներն ուղիղ ադրբեջանցիների նշանառության տակ են, մշակել չեն կարող:

Միքայել Մարդումյանը

«Այգեգործություն չկա, խաղողի այգիները, խնձորի, դեղձի, լրիվ վերացան։ Ցորեն են անում, վերև նայում, թե երբ անձրև կգա», – ասում է Սևքարի բնակիչ Միքայել Մարդումյանը։

«Մեր հողերը նրանց ձեռին ա՝ 300-460 հեկտար։ Չենք կարում մշակենք։ Ժողովուրդը մնացել ա քիչ հողի հույսին», – նշում է Միշա Խեմչյանը։

Սահմանամերձ բնակավայրի հոգսաշատ կենցաղը տեսանելի է նաև գյուղի առևտրի կետերում։

Կրպակներից մեկի սեփականատեր տիկին Անուշն ասում է՝ ապուպապով Սևքարի բնակիչ է, ուստի իրենից լավ գյուղի անցուդարձից ոչ-ոք տեղյակ չէ։ Ըստ նրա՝ բնակավայրի միակ փրկությունը  զբաղվածության ապահովումն է, թե չէ գյուղը աչքի առաջ ծերանում է:

Տիկին Անուշը

«Սահմանամերձ գյուղ ենք՝ մի օր լավ, մի օր վատ, մի օր վտանգի մեջ՝ ապրում ենք։ Կուզեի՝ մեր գյուղում լիներ մի արտադրամաս․ գյուղում ջահել հարս ու աղջիկ կան, որոնք աշխատանքի, ապրելու կարիք ունեն», – ասում է տիկին Անուշը։

Սևքարում մի բանից էլ են դժգոհ՝ անտառը փակ է, ասել է թե՝ գյուղացին ապրուստի միջոցից զուրկ է մնացել։

Թեև գյուղի կենտրոնական ճանապարհները համեմատաբար բարվոք վիճակում են, տուֆով սալարկված, այնուհանդերձ քիչ չեն նաև այն փողոցները, որտեղ վեր ու վար անելը մեծ խնդիր է։

Բնակիչների կարծիքով` համայնքի խնդիրները պայմանավորված են սահմանամերձ լինելու հանգամանքով, ինչն էլ արտագաղթի հիմնական պատճառն է: Բայց, այնուամենայնիվ, Սևքարի հիմնախնդիրներից ամենագլխավորը խմելու  ջրի սակավությունն է: Գյուղը մեծ է, ջուրը՝ սակավ․ այն սարերից փոքր խողովակներով  է հասնում,  բոլորին չի հերիքում, իսկ եթե լինում էլ է, ապա միայն մեկ-երկու ժամով։

Այս տան հարսն էլ արագ-արագ լվացքն է հավաքում։ Ինչպես ասում է՝ օրը լավ է սկսվել, ջուր ունեն։ Տարիներ առաջ, երբ Երևանից հարս էր գալիս Սևքար, չէր էլ մտածում, որ դեռևս պահպանվել են բնակավյարեր, որտեղ խմելու ջրին կարոտ են։ Բայց եկավ, տեսավ, հարմարվեց։

«Շաբաթը մեկ, նայած ոնց ա գալիս ջուրը։ Հավաքում են ցիստեռններով, որ ջուր ունենանք։ Հետո արդեն լվացք ենք անում», – պատմում է Թեհմինե Առուստամյանը։

Բայց, այնուամենայնիվ, սահմանային գյուղերում մարդիկ եղած խնդիրների մասին մոռանում են, երբ հերթը խաղաղությանն է հասնում։ Ինչպես ասում են՝ անջուր էլ կմնան, սոված էլ, միայն թե կրակոցների ձայներ  չլսեն։ «Հայրենիքը սկսվում է սահմանից» նախադասությունը սրքարցիները շատ հաճախ են լսում: Բայց երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այս բառերն ասում են պարզապես ասելու համար, որովհետև իրականությունն այլ է: Իսկ վերջում հավելում են՝ սահմանը պահող գյուղացին չպետք է այսքան հոգս ունենա։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.