Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

«Կարող ա բառերը պահի տակ մոռանամ ռուսերեն, բայց նենց չի, որ չեմ խոսում։ Խոսում եմ», – ասում է Անժելա Ռեզինկինան։

Անժելա Ռեզինկինան է ապրում է Ստեփանավանի տարածաշրջանի ռուսական Պուշկինո գյուղում՝ մոր ու եղբոր հետ։ Նրանց ընտանիքը Պուշկինոյում մնացած ազգությամբ ռուս ընտանիքներից մեկն է։

Անժելա Ռեզինկինան

«Իրանք գնացել են որը տղու մոտ, որը մքորի մոտ։ Թենց գնացել են։ Մենք էլ, ճիշտ ա, ունենք բարեկամություն, բայց չենք գնացել, ստեղ հարմարվել ենք», – պատմում է Անժելան։

Անժելան ասում է՝ իր տատն ու պապն են Ռուսաստանից եկել։ Մայրը, ինքն ու եղբայրը Պուշկինոյում են ծնվել։

«Հարևաններս լավն են, շփումը կա։ Հայկական դպրոց ենք գնացել եղբորս հետ», – նշում է երիտասարդ կինը։

Ընտանիքը հիմնականում գյուղատնեսությամբ է զբաղվում։ Տնամերձ այգու խնամքով Անժելան  է զբաղվում, հաջողացնում է որակյալ բանջարեղեն աճեցնել:

«Համ բաղչումն ունենք, համ ընդեղ՝ կողքին, կարտոշկա ունենք ցանած։ Գնում, բեջարում, գալիս ենք։ Ստեղ սոխն ա, սխտորը, բազուկը, գազարը», – իր փոքրիկ այգու մասին է պատմում ռուս կինը։

Ամեն ինչ ավելի լավ կստացվեր, եթե միայն ջուր լիներ։ Անժելան միայն ջրի պակասից է դժգոհում։

«Հիմա գալիս ա, հետո կտրվում ա։ Ոնց որ Հեղնար աղբյուրը ըլնի։ Կարճ-կոնկրետ էդպես ասեմ, որ հասկանալի ըլնի։ Չենք ջրում, եթե ջուր ա գալիս, ուրախանում ենք, որ ջրելու ենք գոնե լոբին կամ շիթիլը դնելիս։ Բայց դե, որ տանջվում ես, ասում ես՝ մի բան ըլնի էլի ձմեռն ապրելու համար», – ասում է Անժելա Ռեզինկինան։

Անժելայի ունակություններն այսքանով չեն սահմանափակվում։ Նա նաև հմուտ կթվորուհի է։ Ասում է՝  13 տարեկանից է այս գործով զբաղվում։

«Կային ռուսների ընտանիքներ, որ աղջկերքը մարդի են գնացել, հիմի քաղաքում են ապրում, չգիտեն կով կթել», – ասում է Անժելան։

Անտեսելով գյուղի կենցաղի դժվարությունները և անհարմարությունները՝ ընտանիքը շարունակելու է ապրել Պուշկինոյում։ Ասում են՝ սիրում են իրենց գյուղն ու փոքր հայրենիքը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.