Հեղինակ՝ Լուսինե Փարսադանյան

Օպերատոր՝ Գևորգ Քոչինյան

Պուշկինոն Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերից է։ Ռուս անվանի գրողի պատվին վերանվանված այս բնակավայրն ու ևս վեց գյուղեր 2017-ից Գյուլագարակ համայնքի վարչական կազմ են անցել՝ համայնքների խոշորացման արդյունքում։ Պուշկինոյում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։

Արայիկ Մուրադյանը գյուղի խոշոր ֆերմերներց է։ Ասում է՝ տնտեսությունն իրենց ընտանիքով 90-ականներին են հիմնել, խորհրդային միության փլուզումից հետո։ Աշխատանքը, ճիշտ է, շատ է ու դժվար, բայց արդյունքը ֆերմերին գոհացնում է։ Նրան անհնագստացնող միակ խնդիրը կաթի անկայուն գինն է։

Արայիկ Մուրադյանը

«Էսքան ահռելի աշխատանքը, բանվորի աշխատավարձը, խոտա-կերամիավորումը․ դրանք լրիվ, որ հաշվարկում ես, ինքնարժեքն իրար չի բռնում։ Գոնե մի քիչ նայի մեր պետությունը մեր էս կաթի գների բարձրացման վրա։ Օր օրի վրա քսան, քսան դրամ իջացնում են։ Էսօր 140 դրամ ա, ասում են՝ ամսի մեկից էլի 20 դրամով պետք ա իջնի։ Լավ, ինչքա՞ն պտի իջնի։ Մթերքները թանկանում են, գյուղգործիքը, ամեն ինչը թանկանում ա, կաթը՝ էժանանում», – ասում է Պուշկինոյի բնակիչ Արայիկ Մուրադյանը։

Ժամանակին Պուշկինոյում մարդիկ նաև ցորենի, գարու, կարտոֆիլի, բանջարարաբոստանային, ինչպես նաև կերային կոլտուրաների մշակությամբ են զբաղվել։ Հիմա հիմնականում տնամերձերն են մշակում։ Մեկ-երկու ընտանիք վերջերս սկսել է դաշտերն էլ մշակել, ասում է վարչական ղեկավարը:

Պուշկինոյի ռուսական անցյալի մասին հիմա հիշեցնում են ազգությամբ ռուս հինգ ընտանիքները: Ռուսների գնալուց հետո գյուղը վերաբնակեցվել է։ Տարածաշրջանի այլ գյուղերից մշտական բնակության նպատակով այստեղ հիմա էլ ընտանիքներ են գալիս։

Պուշկինոյում ապրող ռուսները հաղորդակցվում են հայերենով՝ գրեթե առանց ակցենտի։ Վալենտինա Օսիպովան այս գյուղում մնացած փոքրաթիվ ռուսներից մեկն է։ Նրա մայրը շուրջ 60 տարի գյուղի բուժքույրն է եղել։ Ինքն էլ Գյուլագարակում է երկար տարիներ որպես բուժքույր աշխատել։ Հիմա կենսաթոշակի է անցել ու գյուղի գործերով է զբաղվում։ Տիկին Վալենտինան իր կյանքը հայի հետ է կապել։ Ամուսինը հիմա չկա, որդու հետ է ապրում։ Ու չնայած իր ռուս հայրենակիցներից շատերն են ժամանակին հայրենիք վերադարձել, տիկին Վալենտինան Պուշկինոյից հեռանալու մասին չի մտածում։

Վալենտինա Օսիպովան

«Ամեն մեկը, որտեղ բարեկամություն ունեին, գնացել են էնտեղ։ Չնայած ես Ռուսաստան շատ բարեկամություն ունեմ հա՛մ հորս կողմից, հա՛մ մորս կողմից, բայց որ ամուսինս հայ ա էղել, մենք մնացել ենք էստեղ։ Ամուսինս արդեն յոթ տարի ա, որ մահացել ա ինֆարկտից։ Ճիշտն ասած էն վախտ էլ մենք միտք չունեինք գնալու, որովհետև առաջ, որ գնում էի Ռուսաստան, կարոտում էի սարերին։ Անգամ հոդված եմ գրել, ուղարկել Գերմանիա, մի հատ բարեկամ ունեմ, թարգմանել է։ Հասկանու՞մ եք՝ կարոտում եմ սարերին, որովհետև գնում ես Ռուսաստան, էնա ուղիղ, ուղիղ, գնում ես ու գնում, բայց որ մենք սարերին սովոր ենք, մեզ համար ուղիղ տեղը մի քիչ բան ա էլի», – պատմում է Պուշկինոյի երկարամյա բուժքույր Վալենտինա Օսիպովան։

Պուշկինոյում մարդիկ հիմնականում ջրի բացակայությունից են դժգոհում։ Այգիներում տարբեր մշակաբույսեր են ցանում, բայց ջրել չեն կարողանում։ Նրանց հույսը բնությունն է, ապրում են՝ աչքը երկնքին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ խմելու ջրի խնդրի լուծման ուղղությամբ դեռեւս նախանշված  ծրագրեր չկան։

«Հիմա համայնքապետարանը զբաղվում ա, որպեսզի ծրագիր բերի», – ասում է Պուշկինոյի վարչական ղեկավար Խալաթ Մկրտումյանը։

Գյուղը նաև գազիֆիկացված չի եղել։ Վերջերս կապույտ վառելիքը նաեւ այս գյուղ է հասել։

«Անցած տարի աշնանն ա վերջացել գազաֆիկացումը։ Մի քիչ թղթաբանակություն կա, շուտոբ բնակչությունը կսկսի միանլ գազին», – նշում է վարչական ղեկավարը։

Պուշկինոյում 190 տնտեսությունից 110-ն է բնակեցված։ Այստեղ 225 մարդ է ապրում։ Իսկ Պուշկինո անունը գյուղը ստացել է 1870 թվականին՝ ռուս հանճարեղ գրող Ալեքսանդր Պուշկինի պատվին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.