«Ժամանակին, որ տրանսպորտ չի էղել, հունձ անելով ենք զբաղվել, ու օգտագործել ենք այս գերանդին։ Էղել ենք գյուղերում, տարբեր տեղերում, Ալավերդու ռայոն ենք գնացել, հունձ արել», – պատմում է Ուրասարի բնակիչ Ռազմիկ Չալաբյանը։
Ռազմիկ Չալաբյանը գրեթե գործածությունից դուրս եկած իր գերանդին ձեռքից վայր չի դնում։ Հիշում է տարիները, երբ խոտհնձիչ տեխնիկա չկար, դաշտերում հարյուրավոր մարդիկ գերանդիները ձեռքներին հեկտարներով խոտ էին հնձում։ Հիմա ամեն ինչ այլ է։ Կյանքը այս առումով հեշտացել է,-ասում է պապը։
ՆաՍտեփանավանի կազմի մեջ մտած Ուրասար գյուղի սովխոզում 40 տարի հաշվապահ է աշխատել, յոթ ղեկավար ունեցել։

«Հանրապետությունում առաջին սովխոզն ա էղել Կույբիշևը, սերմնաբուծական տնտեսություն ա էղել, կարտոֆիլ ա ցանել, վաճառել ուրիշ տնտեսություններին, մի 7 վագոն կարտոշկա Ռուսաստանից ենք ստացել։ Մերը ծախել ենք, նորից ցանել, նորից վաճառել», – պատմում է պարոն Ռազմիկը։
Այստեղ է եկել հարևան Կաթնաղբյուր գյուղից, հանդիպել ազգությամբ ռուս Մարիա Դորոգոնավային, սիրահարվել ու ամուսնացել նրա հետ։ Եվ ճիշտ էլ արել է, -ասում է Ռազմիկ պապն ու հավելում․ Մարիային շատ է սիրել։
«Ավտոբուսի մեջ հանդիպել ենք, տեսել ենք իրար, հետո Ստեփանավանում ենք հանդիպել։ Էստեղ էլ դե հաշվապահություն էի անում, իրանց տունը գյուղի կենտրոնում էր, գնում-գալիս էի, որից հետո ամուսնացանք, ընտանիք կազմեցինք, հիմի էլ փսռք Աստծուն, համերաշխ ենք», – ասում է Ռազմիկը։
50 տարուց ավելի է՝ ամուսինները միասին այս տանն են ապրում, որը 100 տարի առաջ ռուսների կողմից է կառուցվել։ Տան տանիքը, ներսի պայմանները բարվոք չեն, բայց նորոգել չեն կարողանում։ Ռազմիկ պապն ասում է՝ հատկապես հիմա, որ արդեն մեծացել են, ուժները չի հերիքում նման մեծ աշխատանք կատարելուն։

Ռազմիկ Չալաբյանը
«Բոլորս էլ տներ չշինեցինք, ասինք որ գյուղը հանում են, գյուղը Ստեփանավանում ունենալու էր իրա լիճը, էստեղ ջրամբար էին կառուցում, էս գյուղը լցրին ջրով։ Մենք էլ ասինք՝ էլ ինչի տուն շինենք։ Ու տենց էսօր-էգուց, երկրաշարժը սկսվեց, դրանից հետո չէին կարում քանդած տները շինեն, գյուղը ոնց անեին։ Ու տենց էլ գյուղը մնաց, որը հասցրեց, վերանորոգեց, որն էլ չէ, մնաց», – պատմում է Ռազմիկ Չալաբյանը։
Կինը՝ Մարիան էլ, երկար տարիներ Ստեփանավանի գրադարանում է աշխատել։ Հարգված ու սիրված է եղել թե՛ գործընկերների, ու թե՛ գյուղի մարդկանց կողմից։ Համեմտում է այն տարիները մեր օրերի հետ ու ափսոսանք հայտնում, որ այժմ երիտասարդները աշխատանք չունեն։ Բացի այդ, հատկապես գյուղական բնակավայրերում ժամանցի վայրեր չկան։

«Ինձ բոլորը հարգում էին։ Առաջ շատ ուրախ էր, դաշտ էի գնում, ընդմիջման ժամանակ թերթ էի կարդում աշխատողների համար։ Նախկինում, որ գրադարանում գալիս, գիրք էին վերցնում երեխաները, հարցնում էի, թե ինչի մասին էր գիրքը, ու պատմում էին։ Իսկ հիմա գիրք կարդու՞մ են նրանք», – ասում է Մարիա Դորոգոնովան։
Մարիայի ռուս լինելու հանգամանքը չի խանգարել նաև հարգված, սիրված ու հասկացված հարս լինել հայկական ընտանիքում։
Մարիա Դորոգոնովան ընտանիքի լուսանկարն է ցույց տալիս։ Ամուսինները մեկ դուստր և երեք թոռ ունեն։ Ի դեպ՝ Մարիան թեպետ կյանքի մեծ մասն ապրել է հայի հետ, բայց հայերեն խոսելուց խուսափում է։ Ասում է՝ հայերը իր լեզվական սխալները կատակի են վերածում։ Դրա համար է, որ մեկ բառ անգամ չի արտասանում հայերենով։

«Ամեն ինչ ռուսերենով էի ասում, հետո սկսեցի հայերեն խոսել, բայց ինձ վրա ծիծաղում էին։ Ու ես մտածում էի՝ եթե խոսեմ ու հանկարծ ծիծաղեն ինձ վրա։ Այդպես ինձ հետ հայերեն են խոսում, իսկ ես պատասխանում եմ ռուսերենով», – ասում է Ուրասարի ռուսազգի հարսը։
Մինչ Մարիան մեզ հետ զրուցում էր, Ռազմիկ պապը տանից մի քանի լուսանկարներ բերեց, ցույց տվեց իր երիտասարդ ժամանակների լուսանկարները։
Ռազմիկի ու Մարիայի հետ երկար կարելի էր զրուցել։ Հետաքրքիր, ջերմ ու հյուրասեր մարդիկ էին։ Այնպես որ, հրաժեշտ տվեցինք՝ անպայման նորից հանդիպելու խոստումով։