«Ասում են՝ ձեռքներդ սաղ, ոտքներդ սաղ, աշխատեք, ունեցեք։ Չենք կարողանում, զոռով ցամաք հացի փող ենք ստեղծում, անաշխատանք մարդը ոնց կարա ապրի։ Անասունն էլ, տարին մեկ անգամ․․․ էն էլ էնքան պարրտք ենք կուտակում, որ զոռով էդ ենք տալիս», – ասում է Եղեգնուտ գյուղի բնակիչ Արևիկ Նազարյանը։
Տիկին Արևիկի բազմանդամ ընտանիքը 35 տարի գոյության պայքար է մղում՝ մի կտոր հաց ու տանիք ունենալու համար։ Ապրում են ինքնաշեն կացարանում:

Արևիկ Նազարյանը
«Ունեմ երկու մեծահասակ՝ 28-29 տարեկան տղաներ, որ չեմ կարողանում ամուսնացնել։ Տունը փոքր ա, տուն չունենք, կոմունալ հարմարություններ չունենք, ոչ խոհանոց, ոչ բաղնիք, ոչ մի բան չկա», – ասում է տիկին Արևիկը։
Եղեգնուտում կյանքն ու խնդիրները մի փոքր այլ են։ Եղեգնուտի բնակֆոնդի մի մասը տուժել է 1988-ի երկրաշարժից, մինչև այսօր շատերն ապրում են վագոն-տնակներում։
«Խնդիրները շատ են։ Ինձ դոմիկը երկրաշարժի ժամանակ տվել են, արդեն փտել ա, մի օգնություն չունեմ ոչ մի տեղից, ինվալիդ տղա եմ։ Կարա՞մ 2 հատ կաղամբ ծախեմ, տուն սարքեմ», – ասում է գյուղի բնակիչ Արամայիս Առաքելյանը։

Գրեթե 300 տնտեսություն ունեցող բնակավայրում նոր բարեկարգված և բարեկարգվող ճանապարհ ունեն, մասնակի գազիֆիկացում ու դրա հետ մեկտեղ մի շարք չլուծված խնդիրներ։
«Կարելի ա ասել՝ գազն ա հիմնականում, որ մեծ բարդություն ա առաջացնում։ Գազը կա, բայց մարդկանց հնարավորություններն են քիչ», – ասում է գյուղի բնակիչներից մեկը։
«Ամենագլխավորը աշխատանքի խնդիրն ա։ Ստեղ եթե մի հատ աշխատանք ըլի, երիտասարդությունը չի գնա գյուղից», – ասում է մի բնակիչ։

Անասնապահությունը հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն է, բայց դա էլ վերջին տարիներին, գյուղացիների խոսքով, այլևս ձեռնտու չէ:
«Եթե շատ ապրանք ես պահում, շատ չարչարվում ես, բայց էլի ոչինչ, քո ցամաք հացի կոպեկը կարում ես աշխատես։ Բայց եթե չէ՝ չէ», – նշում է Արևիկ Նազարյանը։
Դե ինչպես մնացյալ գրեթե բոլոր գյուղերում, այստեղ էլ արտագաղթից անմասն չեն մնացել հատկապես երիտասարդները։

Վիրաբ Ղազարյանը
«Ջահելության մեծ մասը գյուղից դուրս ա էկել։ Որը քաղաք, որը արտերկիր։ Օրինակ իմ տեղրքից մեկը Երևան ա աշխատում, մեկը Լենինգրադ ա։ Ստեղ աճ չկա։ Դպրոցը շատ քիչ՝ 50աշակերտ ունի», – ասոքւմ է Եղեգնուտի բնակիչ Վիրաբ Ղազարյանը։
Գյուղում հանրային տրանսպորտ գործում է, բայց խմբային տարբերակով՝ սպասարկելով հարակից մի քանի բնակավայրեր միաժամանակ: Գյուղի վարչական ղեկավարը նշում է՝ տարին գյուղացիների համար նպաստավոր չէր, եղած խնդիրներին գումարվել են եղանակային անբարենպաստ պայմանները: Ինչ վերաբերում է բնակավայրի ամբողջական գազիֆիկացմանը,տրանսպորտին և մի շարք այլ հարցերին, նշում է. դրանք խոշորացված համայնքի ուշադրության կենտրոնում են:

Կարմինե Ավետիքյանը
«Համայնքը տեսնի, որ բնակչությունը դրա կարիքը ունի, ինձ թվում ա՝ երկրորդ տրանսպորտը կաշխատի արդեն։ Անձնական մեքենաներն էլ են շատ։ Գազի համար ենք շատ անհանգստացած, որ թաղամասերը գազաֆիկացվեն», – նշում է Եղեգնուտի վարչական ղեկավար Կարմինե Ավետիքյանը։
Գյուղացիները մի բանից էլ են դժգոհ՝ մշակույթի տուն չունեն, ասել է թե՝ մշակութային կյանքի մասին խոսելն էլ անիմաստ է։ Իսկ գյուղացիների ցանկությունները հավակնոտ են:
«Կուզենամ Էյֆելյան աշտարակ ստեղ սարքվի, շատ բաներ կուզենամ, բայց ուզովի չի», – նշում է գյուղամիջում հավաքված տղամարդկանցից մեկը։
«Կուզեմ խաղասենյակ ըլնի, սրճարան, որ երիտասարդությունը մնա ստեղ։ Գյուղը ծերանում ա», – ասում է մեկ ուրիշը։

«Կուզեմ, որ գյուղն ու մարդիկ իրենց աշխատանքից բացի ունենան հանգստյան վայրեր, որտեղ կկարողանան գոնե մի քիչ փոփոխել իրանց օրվա հոգսերը», – նշում է Եղեգնուտի բնակիչ Գյուլնարա Ավետիսյանը։
Պահպանելով իրենց գյուղի բացառիկությունը՝տեղի բնակիչները այսպես են նկարագրում Եղեգնուտն ու եղեգնուտցիներին:
«Չգիտեմ՝ բանաստեղծություն ա, թե ասացվածք ա, ասում են՝ ինչպիսի՞ն է քո գյուղը, քո ծննդավայրը, ասում ա՝ իմ ծննդավայրը պղնձակուռ է լեռների մեջ։ քաջասիրտ են այնտեղի մարդիկ և պղնձակուռ՝ նրա լեռների պես։ Հիմի տենց մարդիկ են, հյուրասեր․․․ », – զրույցը եզրափակում են գյուղամիջի տաղավարում հավաքվածները։