«Էն կոմունիստների ժամանակներից, կոլխոզի, սա բերել են, տնկել, որպես գործարանային թուզ։ Սա մենք շուկա չենք տանում, գալիս, տանում են գործարաններ։ Ջեմ, մուրաբա սրանից են սարքում։ Մեղր ա, շատ քաղցր ա։ Հլա փորձեք», – իր այգու թուզն է առաջարկում Դեղձավանի բնակիչ Ռաֆիկ Օհանեսյանը։
Իրացումից գոհ է, բերքը շուկա չի էլ հասնում։ Գնորդն անպակաս է, միայն թե բերք լինի։ Դեղձավանցի Ռաֆիկ Օհանեսյանը 5 հեկտար այգի ունի՝ թուզ, արքայախնձոր, սերկևիլ, խնձոր, բայց գրեթե բերք չունի։ Արդեն մեկ շաբաթ է՝ պտղաթափում է սկսվել, բերքը չհասունացած՝ ծառերի տակ է լցվել։ Ասում է՝ ժամանակին բուժել է, պարարտացրել, ոռոգել, պատճառը չգիտի, ենթադրում է՝ տոթից է։

Ռաֆիկ Օհանեսյանը
«Թուզը լավն էր էս տարի։ Կառալյոկն էլ՝ ոչինչ։ Սերկևիլ չի բռնել գոնե մի հատիկ։ Խնձորը սաղ թափվեց։ Դեղձի այգիները սրսկման պատճառով սաղ փչացավ։ Սրսկում չարինք, հիվանդացավ, չորացավ։ Սրսկումը թանկ ա, էդքան, որ անենք, մեզ փող չի մնա», – պարզաբանում է գյուղացին։
Անբացատրելի պատճառով տուժել են նաև ձիթապտղի այգիները։ Ծառերի մեծ մասը դատարկ են մնացել՝ առանց պտղի։
«Էս տարին անբարենպաստ էր։ Հիմա աստծուն խնդրում ենք, որ անցյալ տարվա բերքի չափ էլ ունենամ, էլի ուրախ կլինեմ։ Չբերեց էլի տարին։ Էս տարի էլ սենց ստացվեց», – ասում է դեղձավանցի Մյասնիկ Ներսիսյանը, որ հեկտարներով ձիթապտղի այգիներ ունի։

Մյասնիկ Ներսիսյանը
Այս տարի շուկայում հնարավոր չի լինի գտնել նաև Նոյեմբերյանի հայտնի արքայանարինջը։
«Կառալյոկը նույն բանն է։ Ծառ կա՝ վրեն մի հատ չկա, լրիվ թափվել ա։ Տակից էլ արդեն արաղի հոտ ա գալիս», – ասում է գյուղացին։
Նախորդ տարիներին այգեգործը մեկ հեկտարից մինչև 3 տոննա ձիթապտուղ է հավաքել։ Այս տարի, եթե 1 տոննա բերք ստանա, գոհ կմնա։ Գոնե բուժանյութի և պարարտանյութի ծախսը դուրս կգա, – ասում է այգեգործը և ավելացնում, – անկախ բերքի քանակից պետք է բոլոր աշխատանքները կատարել, որպեսզի ծառը հաջորդ տարվա համար բերքատու մնա, չթուլանա։

«Եթե էս տարի հուսախաբ լինենք, ասենք՝ ինչի համար ջրեմ, մշակեմ, էդ սխալ ա։ Պիտի էս տարի անես, որ էկող տարի ստանաս։ Բայց ինչ գիտես, կարող ա էկող տարի էնպիսի եղանակ լինի, որ ասենք՝ խի՞ չարինք ու փոշմանենք։ Էս լրիվ հեչ, թող խաղաղություն էղնի, առողջությունն էլ, որ լինի, ամեն ինչ լավը կըլի», – ասում է Մյասնիկ Ներսիսյանը։
Երկարամյա գյուղտանտեսների խոսքով՝ վերջին 10 տարվա մեջ նման բան չէին տեսել։ Ու չնայած կրած մեծ վնասներին՝ հիմա կաշխատեն, որ հաջորդ տարի գոնե բերքատվության ակնկալիք ուենան։